«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Աշոցքում դպրոց է կառուցվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 15, 2011 12:39

Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցումը հովանավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինը:

Նորակառույց եռահարկ դպրոցի չորս մասնաշենքերից երկուսը նախատեսված են ուսումնական, երրորդը մարզական պարապմունքների, իսկ չորրորդը` դպրոցական միջոցառումների համար: Ֆիզկուլտուրայի դասերը հնարավոր կլինի կազմակերպել նաեւ բացօթյա խաղահրապարակում: Շենքը ապահովված կլինի կենտրոնական ջեռուցման ու օդափոխության համակարգերով: Դպրոցն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 360 աշակերտ:

Հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, կառուցված է շենքի հիմքը, կանգնեցվում են երկաթբետոնե սյուները:

Գյուղի ներկայիս դպրոցը կառուցվել է 1970-ականներին` նպատակ ունենալով սպասարկել այն ժամանակ արդյունաբերական քաղաքի կարգավիճակ ունեցող Աշոցքի բնակչությանը, եւ նախատեսված էր ավելի քան 1000 աշակերտի համար: Սակայն տարիների ընթացքում բնակչությունը նվազել է, եւ ընդամենը 297 աշակերտ ունեցող համայնքի համար 5000քմ տարածք զբաղեցնող շենքը, որը չունի կենտրոնական ջեռուցում եւ արդեն իսկ խիստ անբարեկարգ է, չի բավարարում այսօրվա պահանջներին:

«Դպրոցը միշտ էլ հիմնավոր գիտելիքներ է տվել մեր աշակերտներին: Որպես կանոն, շրջանավարտների մոտ 90 տոկոսը շարունակում է ուսումը Երեւանի ու Գյումրու կրթական հաստատություններում: Վստահ եմ, որ արդի պայմանները կշահագրգռեն մեր երեխաներին շարունակել արժեվորել կրթությունը», ասում է դպրոցի տնօրեն Համիկ Խաչատրյանը:

«Հայաստանի եւ Արցախի մարզերում կրթական ծրագրերի շարունակական մեր նախաձեռնության շնորհիվ հուսով ենք կկրթվի արժանի սերունդ, որին փոխանցելու ենք մեր երկրի կառուցումը», ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply