Տնտեսական ճգնաժամը չի ազդելու սոցիալական ոլորտի հատկացումների վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 4, 2009 15:53

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյան

«Մեր աշխատանքի ընթացքում խայտառակ բացահայտումներ ենք արել, աշխատանք ունեցող մարդիկ գրանցվել են գործազուրկ և գումար են ստանում պետբյուջեից, մինչդեռ այդ գումարի կարիքն ունեն սոցիալական անապահով շատ գործազուրկներ»,-այսօր ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը`ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրերը:

Նախարարության 100 օրերի աշխատանքը բաշխված է եղել աշխատանքի և սոցիալական հարցերի բոլոր ոլորտներում. Գևորգ Պետրոսյանի ուշադրության կենտրոնում են եղել կենսաթոշակների հետ կապված խնդիրներից մինչև երեխաների պաշտպանության հարցերը: Ըստ նախարարի` համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի ազդելու սոցիալական ոլորտի հատկացումների վրա, և 2010թ այն նույնիսկ զգալի աճելու է:

«Եղել են դեպքեր` աշխատանքը չի կատարվել կամ թերի է կատարվել, բայց գումարը դուրս է գրվել բյուժեից ամբողջությամբ. այդ ուղղությամբ աշխատում ենք, ամեն ինչ անելու ենք` ստուգելու դրանց հիմքերը, և եթե այդտեղ գտնվեն հանցագործության տարրեր, անձամբ հետամուտ եմ լինելու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու»:

Նախարարն առանձնացնում է հատկապես կենսաթոշակների հարցը, ծրագրվում է ոչ միայն կենսաթոշակների բարձրացում, այլև ճիշտ և արդար բաշխում. ոմանք ամբողջ կյանքում աշխատում են այնպիսի բարդ և պատասխանատու ոլորտներում (քիմիական, արդյունաբերական և այլն) և ստանում այնքան կենսաթոշակ, որը, ասենք, ստանում է ուսուցիչը և այլ մասնագետներ:

Աշխատանքներ են տարվելու զբաղվածության ոլորտում` չնայած ճգնաժամային վիճակին, ինչպես նաև ծնունդների ավելացման, արտագաղթի կանխման, ընտանեկան նպաստի, երեխաների և ծերերի, սոցիալական խնդիրների շրջանակներում:

«Հաշմանդամների խնդիրները ևս մեր ուշադրության կենտրոնում են. ամեն ինչ անում ենք, որ նրանք ներգրավվեն աշխատանքի տարբեր ոլորտներում, նույնիսկ վճարում ենք այն մասնավոր ընկերություններին, ովքեր իրենց ընկերությունում ունեն հաշմանդամ աշխատակիցներ»,-ասում է Պետրոսյանը:

Նախարարը նաև եղել է մի շարք մանկատներում և ծերանոցներում, տեղում ծանոթացել նրանց նկատմամբ տարվող խնամքին և հոգատարությանը:

«Երեխաներն ինձ համար ամենակարևոր օղակն են հասարակության մեջ, նրանց խնդիրները ևս այսօր մտահոգիչ են»,-ավելացնում է նախարարը` ամփոփելով աշխատանքային 100 օրը:

Դիտվել է 1849 անգամ:
Print Friendly

Leave a Reply