Բացվեց «Armenia EXPO 2009» ցուցահանդեսը. ճգնաժամը չի ազդել ծխախոտի արտադրության վրա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 15:00

Այսօր մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Armenia EXPO 2009» 9-րդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային երկօրյա ֆորումը: «Այս ցուցահանդեսը նպաստում է հայրենական և օտարեկրյա առևտրարդյունաբերողների միջև գորածարար կապին,- ցուցահանդեսի բացմանն ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը,- և նախադրյալներ է ստեղծում նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար»:
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 150 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ, ընկերություններ և միություններ Հայաստանաից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից և այլ պետություններից: Ներկայացված էին Հայաստանի ամբողջ առևտրաարդյունաբերությունը, այդ թվում նաև` սննդի ու շինարարության ոլորտները:
«Երբ սկսեցինք միջոցառման նախաձեռնումը, մտածում էինք, որ ճգնաժամի պայմաններում շատ հավակնոտ ծրագիր է,- ասաց Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը,- սակայն ժամանակը ցույց տվեց, որ հայ գործարարի համար ոչ մի խնդիր չկա, և մենք համոզված ենք, որ հայկական բիզնեսը ճգնաժամը կհաղթահարի նվազագույն կորուստներով»:
«Քանի որ մենք 95 տոկոսով արտահանող ենք, մեր վրա ճգնաժամն ավելի ակնհայտ է ազդել,- ասում է Երևանի «Գնոմոն» ոսկերչական գործարանի տնօրեն Դեմիր Գրիգորյանը,- բայց մենք կարողացել ենք մեր արտադրատեսակներում նոր ալտերնատիվային ուղղություններ ընտրելով` պահպանել մեր աշխատակազմը և աշխատավարձի չափը»:
Իսկ «Սիգարոն» սիգարետներ արտադրող ֆիրմայի փոխտնօրեն Նվեր Սարգսյանն ասում է, որ ճգնաժամն իրենց արտադրանքի վրա չի ազդել: «Իսկ ներքին շուկայում դեռ մի բան էլ ավելացել է: Սիգարետն այն արտադրանքն է, որ միշտ սպառման կարիք ունի: Իսկ ճգնաժամի ժամանակ մարդիկ ավելի շատ են ծխում»,- ժպիտով ասաց Սարգսյանը:
LOGOS EXPO Center-ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում: Այն գործում է 1999թ.-ից: Գոյության 10 տարիների ընթացքում ընկերության կողմից կազմակերպվել է մինչև 100 ցուցահանդես:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply