Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը անհաջող է խաղում աշխարհի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 4, 2009 14:47

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի կանանց թիմային առաջնությունում ցավալի պարտություն կրեց մեր երկրի ընտրանին:
Երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցը ԱՄՆ-ի հավաքականն էր: Այս թիմի կազմում 4-րդ խաղատախտակի առջև հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը: Նա Հայաստանի շախմատի տան նախկին տնօրեն, այժմ ԱՄՆ-ում բնակվող Արմեն Հաբարձումյանի սանն է: Տաթևը սև ֆիգուրներով խաղում էր Սիրանուշ Անդրիասյանի հետ և հաղթեց նրան:

Էլինա Դանիելյանը սևերով պարտվեց Իրանա Կրաշին: Նելլի Աղինյանը նույնպես սևերով զիջեց Ռուսուդան Գոլեթիանիին: Մերոնցից միայն Լիլիթ Մկրտչյանը կարողացավ խուսափել պարտությունից: Նա պատիան ոչ-ոքի ավարտեց Աննա Զատոնսկիխի հետ: Այսպիսով, մերոնք պարտվեցին 0,5:3,5 հաշվով: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Ռուսաստան- Հնդկաստան` 1,5:2,5, Լեհաստան-Վիետնամ` 2,5:1,5, Վրաստան- Չինաստան-2` 2:2, Չինաստան-1-Ուկրաինա` 1:3:

Վաստակած 4 միավորով աղյուսակը գլխավորում է Լեհաստանի հավաքականը: 3-ական միավոր ունեն Ուկրաինայի, Հնդկաստանի , Վրաստանի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականը 1 միավորով զբաղեցնում է նախավերջին` 9-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ հաղթանակի, ոչ-ոքիի և պարտության դեպքում թիմերին համապատասխանաբար շնորհվում է 2, 1 և 0 միավոր:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply