Քննարկում բանակի խնդիրների շուրջ. հայրենասիրությունը դրամաշնորհից դրամաշնո՞րհ է բռնկվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 14, 2011 17:26

Այսօր միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում` «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով: Ըստ նախաձեռնության հեղինակների, նման քննարկման պատճառ են դարձել բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանությունները, անպատժելիության մթնոլորտը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կարծիքով, այսօր Հայաստանի զինված ուժերում մեկ խնդիր է դրված` բանակը համալրել մարդաքանակով: Ինչ վերաբերում է նման խնդիրների շարունակականությանը, ապա, ըստ նրա,  դա նաև կոռուպցիայի հետևանք է, քանի որ դրա պատճառով զինվորական պարտականությունների վրա շատ ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Սաքունցն, օրինակ, առաջարկում է Հայաստանում ներդնել ռազմական օմբուդսմանի ինստիտուտ, որը քաղաքացիական լուրջ վերահսկողություն կիրականացնի բանակում:

Ելույթ ունեցան նաև փաստաբաններ: Սեդա Սաֆարյանը ներկայացրեց այն խոչընդոտներն ու խախտումները, որոնք ի հայտ են գալիս դեպքից անմիջապես հետո փաստաբանական ուսումնասիրություններ կատարելու ընթացքում: Մեկ այլ փաստաբան էլ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բանակում մահվան ելքով ավարտվող բոլոր քրեական գործերը հարուցվում են սպանության հետ կապ չունեցող հոդվածներով, ինչն, ըստ նրա, միտումնավոր է արվում. «Մի դեպքում գործը հարուցվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով,  մյուս դեպքում` զենքի հետ վարվելու կամ մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածով և այլն»:

Փաստաբան Վահե Գրիգորյանն ընդգծեց կամավորապես ձևավորվող պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անհրաժեշտությունը` առաջ քաշելով կանանց զինվորական ծառայության հարցը. «Դա կբարձրացնի կանանց դերը հասարակությունում,-նշեց նա,-բացի դա, միայն սեռի պատճառով պարտադիր զինվորական ծառայության գնալը Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է»:

«Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ նախագահ Ռիչարդ Կիրակոսյանն էլ խոսեց ռազմական ոլորտում ՀՀ միջազգային պարտավորությունների մասին:

Բարձրացված հարցերին անդրադարձավ ՊՆ ներկայացուցիչը, ով հավաստիացրեց, որ բանակում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ վերջին շրջանում մի շարք քայլեր են իրականացվել: Նա խոսեց սպայական կազմի որակական փոփոխությունների, զինվորների ու սպաների համար ուսումնադաստիարակչական գրականության ստեղծման, ռազմական կրթության նոր հայեցակարգի, վարքի կանոնակարգի մշակման և այլ ծրագրերի մասին:

Քննարկմանը ներկա էին նաև խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներ: Նրանցից մեկն իր ելույթում նշեց, որ ամենագլխավոր խնդիրն իրենց զավակների մահվան համար պատասխանատու անձանց չբացահայտված լինելն ու անպատժելիությունն է:

Նախաձեռնության անդամները վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ քայլեր չձեռնարկելու պարագայում իրավիճակի համար մեղավոր և հովանավոր են համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը:

Այս թեմայով «Անկախ»-ին իրենց կարծիքները հայտնեցին նաև այլ անձիք: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն, օրինակ, գտնում է, որ նման դեպքերը է բացահայտվեն ու մեղավորները պատժվեն, սակայն ավելացնում, որ հանրային դժգոհություն արտահայտելիս կամ ընդհանրապես նման խնդիրների մասին բարձրաձայնելիս պետք է շատ զգուշավոր լինել. «Ընդհանրական վերաբերմունք դրսևորելն էլ է սխալ, որովհետև արդարացի չէ մեկ կամ մի քանի սպաների կամ զինվորների պատճառով պախարակել ողջ բանակը. չէ՞ որ քիչ չեն պարկեշտ ու լավ օրինակով զինվորականները,-ասում է նա` հորդորելով զերծ մնալ բանակի կերպարին ուղղված բացասական որակումներից»:

Քաղաքագետ Դավիթ Մելիք-Շահնազարյանը նույնպես կողմ է բանակի խնդիրների վերաբերյալ համընդհանուր քննարկումներին, սակայն դեմ է համընդհանուր քննադատությանը, ինչն, ըստ նրա, շատ հաճախ չափազանվում է և օգտագործվում  քաղաքական տարբեր նպատակներով. «Այսօր խիստ վտանգավոր է հասարակությանը տանել առճակատման բանակի դեմ, քանի որ մենք դեռևս գտնվում ենք պատերազմական իրավիճակում,-հիշեցնում է քաղաքագետը,-այս պարագայում դա կարելի է անվանել դավաճանություն»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը որքան էլ որ բնական է համարում հասարակության զգայուն վերաբերմունքը բանակի նկատմամբ, այնուամենայնիվ հորդորում է չհեռանալ օբյեկտիվությունից. «Օրինակ անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացավ բանակում սպանությունների շուրջ, բայց հետո պարզվեց, որ նախանցյալ տարի նման դեպքեր ավելի շատ են եղել, քան այդ տարի: Այսինքն, որոշ մարդկանց համար կարևոր չէ իրական խնդիրը, այլ կարևոր է այդ խնդրի շուրջ բարձրացված աղմուկը: Այո, ողբերգական դեպքեր կան, բայց դրանք կան ոչ միայն մեր, այլ բոլոր բանակներում: Իսկ հակաբանակային տրամադրությունները բերում են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ դրանց խորացմանը»:

Փորձագետը կարծում է, որ այդ աղմուկի բարձրացման նպատակը բանակի վարկաբեկումն է. «Շատ հետաքրքիր է, որ բանակի, հայրենիքի նկատմամբ նման սրտացավությունն ու հայրենասիրությունը բռնկվում է դրամաշնորհից դրամաշնորհ: Դրամը չկա, քննադատություն էլ չկա, դրամը կա` հանկարծ բոլոր խնդիրները սկսվում են վեր հանվել…»:

 

 

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply