Մասնավոր մանկապարտեզները փակման վտանգի տակ են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 14:38

children-playing-thumb3876319Այսօր մի շարք մասնավոր մանկապարտեզներ կանգնած են սնանկանալու և փակվելու վտանգի տակ: Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ` մասնավոր մանկապարտեզները 2006թ. հունիսից բերվել են լիցենզավորման և հավատարմագրման դաշտ:

«Մեզ ոչինչ չեն ասել այդ փոփոխության մասին, իսկ այժմ մեզնից պահանջում են տուգանք վճարել այս երեք տարիների մեր աշխատածի 50 տոկոսի չափով».-ասում է թիվ 53 մանկապարտեզի տնօրեն Վաչագան Մարդոյանը, ում նախաձեռնությամբ նամակներ են ուղարկվել վարչապետին ու նախագահին` հուսալով ուշադրություն գրավել այս խնդրի ուղղությամբ:

ԿԳՆ լիցենզավորման ծառայության հանրակրթական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ենգիբարյանն ասում է, սակայն, որ օրենքի փոփոխության ընդունման օրից հայտարարությունը դրված է եղել նախարարության կայքում, և «նրանք չէին կարող տեղյակ չլինել այս երեք տարիների ընթացքում»:

Մասնավոր մանկապարտեզները պետք է իրենց տուգանքները վճարեն 6 ամսվա ընթացքում: Երևանում այսօր գործում են 50-ից ավել մասնավոր մանկապարտեզներ, իսկ 2007-ին դրանք ընդամենը 20-ն էին:

ՀՀ Հարկային օրենսգրքի 26 հոդվածով տուգանք է հասնում լիցենզավորման բացակայության համար` վարձավճարների հասույթի 50 տոկոսի չափով: «Մենք չենք հրաժարվում 2006-2009 թթ տուգանքը վճարելուց, այլ խնդրում ենք մեզ տրամադրել 3-5 տարի մարման ժամկետ»,-ասում է «ԷլՏաՌոզ» մասնավոր մանկապարտեզի տնօրեն Էլեն Մարդոյանը:

Ենգիբարյանն ասում է, որ մարման ժամկետի սահմանումը հարկային մարմինների իրավասության տակ է, հետևաբար դժվարանում է խոսել դրա երկարաձգումից:

«ԷլՏաՌոզ»-ը գործում է արդեն 7 տարի: «Այստեղ ամսական վճարը 60.000 դրամ է: Մեզ մոտ հիմնականում գալիս են վճարունակ ընտանիքների երեխաները, սակայն կան նաև ծնողներ, որոնք վճարունակ չլինելով հանդերձ գերադասում են երեխային այստեղ բերել»,- ասում է «ԷլՏաՌոզ»-ի տնօրենը:

Մասնավոր մանկապարտեզներում ամսավճարը սկսում է 40.000-ից` հասնելով մինչև 80.000` ավելի քան ԵՊՀ իրավաբանական ֆալուլտետի ամսավճարը, որը 70.000 է: Մասնավոր մանկապարտեզներում աշխատողների նվազագույն թիվը 8-ն է, իսկ երեխաների միջին թիվը` 70: Համայնքային մանկապարտեզների վճարը սկսում է 6.000-15.000 դրամ:

«Սա լուրջ խնդիր է, որովհետև վերաբերում է երեխաների դաստիրակությանը, հոգևոր կրթությանը»,-ասում է լրագրող Ցվետանա Պասկալևան, որը նույնպես ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը: Նա առաջարկեց լրագրողներին համախմբվել և հետևողականություն ցուցաբարել, որպեսզի այդ խնդիրը լուծվի:

Դիտվել է 3263 անգամ:
Print Friendly

Leave a Reply