Նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 13, 2011 22:21

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Խորհրդային Հայաստան» և «Անկախ Հայաստանի Հանրապետությունը» մշտական ցուցադրությունները:
«Խորհրդային Հայաստան» ցուցադրությամբ առաջին անգամ այցելուին են ներկայացվում 1920թ. Հայաստանի խորհրդայնացման և հետագա գրեթե 70 տարիների պատմությանն առնչվող բացառիկ փաստաթղթեր, լուսանկարներ, պետական նշանավոր գործիչների անձնական իրեր: Ներկայացված նմուշներին վերաբերող բացատրագրերը, քարտեզները և ժամանակագրական աղյուսակներն  ի ցույց են դնում  պետական համակարգի, երկրի տնտեսության, մշակույթի ստեղծման ու զարգացման ընթացքը: Առանձին բաժնով ցուցադրվում է հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ  պատերազմին: Հայազգի   մարշալների, գեներալների, սպաների և զինվորների անձնական իրերն ու փաստաթղթերը, լուսանկարները, նամակներն ու պարգևները ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած անգնահատելի հերոսական  ներդրման խոսուն վկայություններն են:
Ցուցադրությունը եզրափակող հատվածում ներկայացված են հետպատերազմյան Հայաստանի տնտեսական, մշակութային կարևոր իրադարձություններին վերաբերող փաստաթղթեր և ցուցանմուշներ:
«Անկախ Հայաստանի Հանրապետությունը» ցուցադրությունն ամփոփում է Հայաստանի անկախության և ինքնիշխան պետության կայացման ճանապարհը` 1988–ից սկսած: Ժամանակագրական տախտակները և վավերագրական լուսանկարները մանրամասն ներկայացնում են այդ դժվարին ճանապարհի կարևորագույն հանգրվանները:
Նոր հուշադրամներ և նամականիշներ  ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայփոստի» անմիջական մասնակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում բացվել է «Հայաստանի Հանրապետության նամականիշները» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամները» ժամանակավոր  ցուցահանդեսները:
Հայաստանի կենտրոնական բանկի և «Հայփոստի» վերոնշյալ ցուցադրություններում ներկայացված են 1991 – 2011 թվականներին թողարկված հուշադրամների և նամականիշների նմուշներ:
ՀՀ անկախության 20 ամյակի առիթով թողարկվել է երկու նամականիշ, որոնցից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական զինանշանը և եռագույնը, իսկ մյուսը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանը և պետական դրոշը: Յուրաքանչյուր նամականիշ տպագրվել է 40 000 օրինակով` 330 և 380 անվանական արժեքներով: Շրջանառության մեջ են դրվելու 2011թ.-ի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարիների ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է շուրջ 150 հուշադրամ: ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված այս ցուցադրությունում ներկայացված են շուրջ 4 տասնյակ ոսկե և 100 արծաթե հուշադրամներ, այդ թվում  Հայոց չորս թագավորությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 10, 15, և 20-ամյակներին նվիրված հուշադրամները: Ցուցադրությունում առանձնակի տեղ են գրավում հայոց հավատքն արտացոլող հուշադրամները` մեր գոյապահպանման  ու պատմության անբաժան իրողությունը հանդիսացող եկեղեցիների ու միաբանությունների պատկերներով:
Ցուցադրությունում թեմատիկ բաժանումներով ներկայացված են նաև անվանի անհատներին, հուշարձաններին, Հայաստանի մշակույթին, պատմությանը, Հայաստանի բուսական ու կենդանական աշխարհին, ինչպես նաև տարբեր սպորտային իրադարձություններին նվիրված հուշադրամներ:
ՀՀ կենտրոնական բանկը մասնակցում է նաև մի շարք միջազգային դրամագիտական ծրագրերի, որոնց շրջանակներում ևս թողարկվել են 5 տասնյակի հասնող հուշադրամներ:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply