Խորհրդարանում հյուրընկալվել էին Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների դպրոցների մի խումբ բարձր դասարանների աշակերտներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2011 16:59

Ազգային ժողովում շարունակվում է «Բաց դռների»-ի քաղաքականության շրջանակներում անցկացվող «Բաց դաս» ծրագիրը: Սեպտեմբերի 13-ին`  չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի առաջին օրը, խորհրդարանում հյուրընկալվել էին Տավուշի մարզի Իջեւան եւ Դիլիջան քաղաքների դպրոցների մի խումբ բարձր դասարանների աշակերտներ: Նրանք  ներկա  գտնվեցին ԱԺ աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստին, ապա  հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Ողջունելով աշակերտներին` ԱԺ նախագահը  նշեց, որ խորհրդարանը շարունակում է բաց աշխատելու եւ հասարակության հետ անմիջական շփումների ավանդույթը, այդ թվում` հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների այցելություններն  Ազգային ժողով:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը ու գործունեությունը` կարեւորելով նրա մասնակցությունը երկրի խնդիրների լուծմանը: ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանն այսօր ակտիվորեն մասնակցում է ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Հատկապես աշխուժացել է խորհրդարանական դիվանագիտությունը` շնորհիվ ՀՀ ԱԺ պատվիրակությունների ակտիվ գործունեության եվրոպական կառույցներում: Արդյունքում` աստիճանաբար լրացվում է տեղեկատվության պակասը, որ կար այդ կառույցներում եւ նրա ներկայացուցիչների մոտ, տեղի են ունենում նրանց այցերը Հայաստան եւ ԼՂՀ, ինչը հնարավորություն է տալիս տեղում անմիջական  եւ լիարժեք պատկերացում կազմել:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքական հարցերի, որոնց մասին իրենց հարցադրումները ներկայացրին նաեւ դպրոցականները: Մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, խաղաղ բանակցությունների միջոցով, եւ որեւէ այլ կառույցի միջամտություն բացառված է: ԱԺ նախագահի խոսքերով` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Աշակերտներից մեկի հարցին պատասխանելով` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ներկայումս Հայաստանի կողմից Արցախի անկախության դե յուրե ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին:

ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի դեմս ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ու դրանց հետագա ճակատագրի, եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարեւորելով հանդերձ` անհրաժեշտ համարեց, որ Թուրքիան ինքը ճանաչի ցեղասպանության փաստը:

Խորհրդարանի ղեկավարին ուղղված հարցերը բազմաթիվ ու բազմազան էին` կրթություն, տարածաշրջան, երիտասարդություն եւ այլն: Չշրջանցվեց նաեւ այն հարցը, թե աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության պայմաններում որքանո՞վ է Հովիկ Աբրահամյանը կարողանում ժամանակ հատկացնել ընտանիքին: Նշելով, որ ընտանիքում ըմբռնումով են մոտենում իր աշխատանքային ծանրաբեռնվածությանը` ԱԺ նախագահը կարեւորեց ընդհանրապես ընտանիքի դերը պետության ու ժողովրդի կյանքում: Դրա  գիտակցումով  ԱԺ-ն օրենսդրական փոփոխություն կատարելով` մայիսի 15-ը Հայաստանում հայտարարել է Ընտանիքի օր:

Հանդիպումից հետո տավուշցի դպրոցականները ԱԺ նախագահի հետ շրջեցին խորհրդարանի նիստերի դահլիճում եւ լուսանկարվեցին:

 

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply