Հանձնաժողովն «ԱրմենՏել» ընկերությանը հանձնարարեց երկու շաբաթվա ընթացքում վերացնել խախտումն ամբողջությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2011 13:09

Այսօր` սեպտեմբերի 13-ին,  ՀՀ ՏՄՊՊՀ նիստում հրապարակվեց «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովի դիտարկմամբ, ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը: Վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացրել, որ ընդունում է  իրավախախտման  փաստը և պարտավորվում է սեղմ ժամկետում վերացնել այն: Խախտումն ամբողջությամբ վերացնելու համար Հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը  տալով խիստ նախազգուշացում:
«Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք` «ԱրմենՏելի» դեմ

«Յուքոմ» ընկերությունը  դիմել է Հանձնաժողով` դժգոհություն հայտնելով  «ԱրմենՏել»  ընկերության գործունեության դեմ: Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ և 59 դրամ: «Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման  գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը և խոչընդոտում է շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձևավորմանը` ստիպելով բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:
Սահմանված սակագնի պատճառով քաղաքացիները խուսափում են օգտվել բջջային օպերատորի միջոցով «Յուքոմ» ֆիքսված ցանց զանգահարելուց, ինչն էլ արհեստականորեն խոչընդոտում է շուկայում համեմատաբար նոր մուտք գործած ընկերության հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը:

Հանձնաժողովն ամրագրեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների արդյունքները վկայում են, որ «Շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայություններ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «ԱրմենՏել» ընկերության կողմից սահմանվել է խտրական գին՝ շուկայում առաջացնելով անհավասար մրցակցային պայմաններ: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ԱրմենՏելն» ունի որոշիչ դեր, քանի որ  վերոնշյալ  շուկայի ընդհանուր հասույթի մոտ 98 տոկոսը պատկանում է իրեն, իսկ բաժանորդների քանակը կազմում է 99 տոկոս:
«ԱրմենՏել» ընկերությունը ընդունել է նախորդ իրավախախտումների փաստը ևս և պատրաստակամություն է հայտնել վճարելու տուգանքը
«ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին և տեղեկացել, որ նախորդ  որոշումներով ամրագրված խախտումներն ամբողջովին վերացվել են, ինչը նշանակում է, որ ընկերությունն ըստ էության ընդունում է այն փաստը, որ իրավախախտում է կատարել: Նշենք, որ Հանձնաժողովի կողմից «ԱրմենՏելի» նկատմամբ տուգանք սահմանող նախորդ 2 որոշումներն էլ, որոնցից մեկը կայացվել է գերիշխող դիրքի չարաշահման, իսկ մյուսը՝ անբարեխիղճ մրցակցության համար, վիճարկվել են դատական կարգով: Սակայն ընկերությունը տեղեկացրել է, որ հրաժարվում է բոլոր դատական հայցերից և պատրաստակամ է վճարելու տուգանքները: Ի դեպ, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ Հանձնաժողովի կայացրած որոշումը Վարչական դատարանը թողել է անփոփոխ՝ այն համարելով հիմնավոր և իրավաչափ:
Այսպիսով, Հանձնաժողովի 2 որոշումներով «ԱրմենՏել» ընկերությունը պետբյուջե կվճարի 100 միլիոն դրամ գերիշխող դիրքի չարաշահման և 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար:
Հիշեցնենք, որ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ տուգանքը կիրառվել է նախորդ տարի՝ «Hi-Line» ծառայության վերաբերյալ գովազդվող տեղեկատվության և ծառայության տրամադրման իրական պայմանների միջև ակնհայտ անհամապատասխանության հետևանքով: Հանձնաժողովի նիստին ներկա ընկերության ներկայացուցիչները այն ժամանակ որոշումը որակեցին անհիմն, սակայն այսօր ոչ միայն ընդունում են իրավախախտման փաստը, այլև պարտավորվում են հետագայում բացառել նման գործելաոճը:
Իր գործունեության ընթացքում Հանձնաժողովը տարբեր իրավախախտումների համար բազմիցս է տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը: Սակայն ակնհայտ է,որ շնորհիվ  Հանձնաժողվի, ընկերությունը էականորեն փոխել է իր՝ տնտեսական մրցակցությանը չնպաստող վարքագիծը:
ՀՀ ՏՄՊՊՀ նպատակը մրցակցությունը սահմանափակող խնդիրների վերջնական լուծումն ու հետագայում նման դեպքերի կրկնության բացառումն է, ինչն այս դեպքում ակնհայտ է:

ՏՄՊՊՀ Մամուլի քարտուղար՝
Գայանե Սահակյան

 

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply