“Չեմ կասկածում, որ նախագահը հետևում է գործընթացին, բայց կողքից խորհուրդ տալը չի խանգարի”. Ա. Ռուստամյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 13, 2011 12:57

Ազգային ժողովի 4-րդ գումարման 10-րդ նստաշրջանը սկսվեց օրհներգով, ապա Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին ներկայացրեց օրակարգում ընդգրկված հարցերը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն առաջարկեց քննարկել և ՀՀ նախագահին ներկայացնել  հայ-թուրքական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը` հիշեցնելով, որ Թուրքիայի խորհրդարանն իր օրակարգից հանել է այդ հարցը:

“Ժառանգություն” խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ևս պաշտպանեց ՀՅԴ ներկայացուցչի առաջարկը, սակայն ԱԺ նախագահը դա չընդունեց` հիմնավորելով, թե Թուրքիայի խորհրդարանից այդ հարցի դուրս գալը պայմանավորված է Թուրքիայի օրենսդրական պահանջով. “Նոր խորհրդարան ձևավորելիս նախորդ հարցերը դուրս են մնում օրակարգից և հետո անհարժեշտության դեպքում կրկին մտնում նոր խորհրդարանի օրակարգ: Այս պարագայում ես գտնում եմ, որ կարելի է մի փոքր սպասել և եթե իրոք Թուրքիայի կառավարության կողմից քայլեր չլինեն, այն ժամանակ էլ մենք դիմենք հանրապետության նախագահին”,-ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի կարծիքով, նախագահը ուշադրությամբ հետևում է Թուրքիայում ընթացքող քաղաքական գործընթացներին, և իրենց կողմից առաջարկելու կամ հուշելու անհրաժեշտություն չկա:

 “Չեմ կասկածում, որ նախագահը հետևում է գործընթացին, բայց կողքից խորհուրդ տալը չի խանգարի”,-նկատեց Ռուստամյանը` ավելացնելով, որ դա անհրաժեշտ է` առնվազն պարիտետը պահպանելու համար:

Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, որ սպասելու ժամանակը վաղուց անցել է. “2009 թվականից ի վեր, ինչ արձանագրությունները ստորագրվել են, Թուրքիան չի կատարել գեթ մի քայլ, որը կապացուցի, որ Թուրքիան դրական վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ կամ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ”,-ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե հարցը շարունակի քննարկվել խորհրդարանում, ապա իրենք դեմ են քվեարկելու:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply