ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 13, 2011 12:09

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգի Պրովիդենս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված «Ողջույն Հայաստան» խորագրով համերգ: Ի թիվս 1000-ից ավելի մասնակիցների` համերգին ներկա էին ԱՄՆ սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռոդ Այլընդի քաղաքապետեր, մունիցիպալ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգը, որը ղեկավարում էր ամերիկաբնակ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը, անց էր կացվում ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո:

Որպես օրվա բանախոս, ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը` կարևորելով Հայաստանի անկախության ամրապնդման հարցում սփյուռքի դերակատարումը: Անդրադառնալով արտաքին քաղաքականության ուղղություններին` նա նշել է, որ ցեղասպանության ճանաչումը և կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար համարվում են կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման հարցում էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմ համագործակցությունը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ ՄԱԿ-ում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է սոցիալական, տնտեսական, կայուն զարգացման, ինչպես նաև անդրազգային հանցագործության` այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմանը, և որ այդ բնագավառում ՀՀ ջանքերը և քայլերը կարևորվում և գնահատվում են միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում  դեսպանն անդրադարձ է կատարել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգությանը:

Ռոդ Այլընդի Ֆիլարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և նահանգի հայ համայնքի երգչախմբերի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի և այլոց ստեղծագործությունները:

 

 

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply