Քոլեջներում այս տարվանից կուսումնասիրեն նոր մասնագիտություններ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 13:27
Արա Ավետիսյան

Արա Ավետիսյան

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնասիրվող 140 մասնագիտություններից այս տարի որակական փոփոխությունների են ենթարկվել 54-ի ուսումնական ծրագրերը: Նորույթ են նաև այգեգործություն, գորգագործություն, կռունկավար մասնագիտությունները:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում կուսումնասիրեն նոր` մեխատրոնիկա մասնագիտությունը (էլեկտրական հոսքագծերի կառավարող), որի ուսումնական ծրագիրը մշակվել է անգլիական Ստենֆորդ քոլեջի հետ համատեղ· այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը:

«Շուկայում ավելի շատ են անհրաժեշտ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները` աշխատաշուկայի մոտ 65 տոկոսը, քան բարձրագույն,- ասում է փոխնախարարը,- ուստի կարևոր է ունենալ աշխատաշուկայի այս ոլորտի զարգացման ծրագիր` իմանալու, թե մի քանի տարի հետո որքան և ինչ որակավորմամբ մասնագետներ անհրաժեշտ կլինեն»:

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն այս տարի արդեն իսկ ունեն 2 անգամ ավելի շատ դիմորդ, քան անցած տարի· ընդունելությունը դեռ ավարտված չէ և վերջնական թվերը, ըստ փոխնախարարի,  պարզ կդառնան միայն սեպտեմբերի վերջին (անցած տարի եղել է 5 հազար դիմորդ):

Հայաստանում գործում է միջին մասնագիտական և արհեստագործական 110 կրթական հաստատություն· դրանցից 80-ը միջին մասնագիտական քոլեջներն են: Այս հաստատություններում ուսանում է 34 հազար մարդ:

Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում իրականացվում է նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման ծրագիր: Եվրամիությունը ՀՀ պետբյուջեի միջնորդությամբ 2007-2009 թթ. համար հատկացրել է 15 մլն եվրո: Բարեփոխումների ծրագիրը նախատեսված է ևս 2,5 տարվա համար`մինչև 2012-ի կեսը` 14 մլն եվրո բյուջեով:

Ավետիսյանն ասում է, որ ծրագրի շրջանակներում ոլորտում բարեփոխումներ արդեն իսկ իրականացվել են. վերանորոգվել են մի շարք կրթօջախների շենքեր, թարմացվել են այդ ուսումնական հաստատությունների լաբորատորիաները և գրադարանները, քայլեր են ձեռնարկվում հայալեզու ուսումնական գրականություն ստեղծելու ուղղությամբ:

«Եղավ մի պահ, որ կրթության այս ոլորտը անուշադրության մատնվեց, քանի որ չկար շուկայական պահանջարկ: Սակայն հիմա իրավիճակը փոխվել է»,- ասում է Ավետիսյանը և հավելում, որ ներդրվել են նոր մասնագիտություններ, փոխվել է նաև մի շարք մասնագիտությունների բովանդակային նկարագիրը:

Ըստ փոխնախարարի` նախնական և միջին մասնագիտական կրթական ոլորտի արդյունավետ կառավարման համար ձևավորվել է միջգերատեսչական խորհուրդ, որի անդամների 1/3-ը նախարարության ներկայացուցիչներ են, 1/3-ը` գործատուներ և 1/3-ը` արհմիությունների ներկայացուցիչներ: «Ոլորտի կառավարումն այսպես ավելի արդյունավետ կլինի, հաշվի կառնվեն նաև աշխատաշուկայի պահանջները»,- ասում է Ավետիսյանը:

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply