Մանկասպանի արարքը Մեդեայի սինդրո՞մ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2011 15:35

Ակնհայտ է, որ երեխաներին խեղդամահ անելը հոգեկան հիվանդության նշան է. այս կարծիքի շուրջ համաձայն են դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրանք պարզապես տարանջատում են գործողության հիմք հանդիսացող պատճառները:

Խոսքը Արարատի բնակչուհի 34-ամյա Ռոզա Ալոյանի մասին է, որ սեպտեմբերի 6-ին սավանով խեղդամահ էր արել իր երկու երեխաներին` 6-ամյա Վարդանին և 4-ամյա Հայկին: Դրանից հետո նա փորձել է ինքնասպանություն գործել, սակայն չկարողանալով իրագործել մտադրությունը` գնացել ու ներկայացել է ոստիկանություն ու հաղորդել դեպքի մասին:

Հայաստանի գլխավոր դատախազության տվյալներով` Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը`  նրա աչքի առաջ կացնահարվել է այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադևոսյանի կողմից: Ռ.Ալոյանը շուրջ 7 տարի ապրել է մանկատանը, ապա սովորել  «Էրեբունի» բժշկական քոլեջում, որն ավարտել է 1997թ.` ստանալով բուժքրոջ որակավորում: Որպես մանկատան սան` 2003թ. նրան հատկացվել է բնակարան: Նա ամուսնացած է, սակայն երեխաների հայրը պարբերաբար լքել է ընտանիքը, իսկ երեխաները մնացել են մոր խնամքին:

Կարինե Խոդիկյանը կարծում է, որ խնդրի հիմքը հասարակակության վերաբերմունքն է և հայ հասարակությունն այսօր ամեն ինչ է, բացի մարդկային լինելուց:

Խոդիկյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ էլ իր պրոբլեմները, բայց եթե հասարակությունը բարեկեցիկ է, ունի պաշտպանական մեխանիզմներ և վաղվա օրվա նկատմամբ ապահովություն,- ասում է նա,- այդ կնոջ նման հոգեվիճակի առաջ հասցրել է ոչ միայն ծանր մանկությունը, այլև այն միջավայրի անտարբերությունը, որը նա տեսել է»:

Դրամատուրգն ավելացնում է. «Այսպիսի խոսք կա` ամեն մարդ ունի իր կմախքը պահարանում, բայց եթե պետությունն ունենա հասարակությանը պաշտպանելու մեխանիզմներ, նման դեպքեր չէին լինի»:

Իսկ հոգեբան Սամվել Խուդոյանը  հակված է խնդրի հիմքը տեսնել անհատի ներսում, այլ ոչ թե բարդել հասարակության վրա:

«Խոսքը սպանության մասին է, որն արվել է միտումնավոր և գիտակցված,- ասում է նա,- երեխաների պահելու կամ վատ պահելու հարցը խնդիր չէ. նա կարող էր երեխաներին տանել ու թողնել մանկատուն, եթե սոցիալական խնդիր կար: Դրանք սուտ պատճառաբանություններ են»:

Հոգեբանն ընդգծում է, որ անձի ներսում առկա հոգեբանական պրոբլեմներով են բացատրվում ընտանեկան բռնությունները: Մանուկ հասակում ճնշվածությունն ու կրած վիրավորանքները տեղափոխվում են ընտանիք:

Խոդիկյանը նշում է, որ հայ հասարկությունում միշտ էլ եղել են նման դեպքեր, սակայն  նախկինում այդ թեմաներն ավելի քողարկված են եղել, իսկ այսօր մեդիա դաշտն ավելի բաց է, այդ պատճառով մենք ավելի շատ ենք տեղեկացված լինում այդ մասին:

Նույն իրավիճակն է տիրում նաև բանակի միջավայրում: ՊՆ ներկայացուցիչների տվյալներով նախկին համեմատ` այսօր բանակային սպանությունների թիվը էականորեն քիչ է նախկինից, սակայն, քանի որ այսօր  ինֆորմացիան ավելի շատ այդ մասին, հետևաբար տպավորություն է, որ դրանց քանակը շատացել է:

Հոգեբանի բնորոշմամբ` այն, որ մանկասպանը գնացել ու տեղեկացրել է արարքի մասին, հենց խոսում է այն մասին, որ նա հոգեկան հիվանդ է: «Գիտակից մարդը հանցագորություն կատարելուց հետո երբեք նման բան չէր անի,- պատճառաբանում է նա,- ընդհակառակը նա ամեն կերպ կփորձեր փախչել պատասխանատվությունից»:

Սամվել Խուդոյանը չի համարում, որ սա բնորոշ է հայ հասարակությանը: Նրա կարծիքով սրանք եզակի դեպքեր են, որոնք հատուկ չեն ոչ մի հասարակության: Իսկ Խոդիկյանն այս արարքը որոշեց որպես Մեդեայի սինդրոմ. հին հունական դիցաբանությունում Մեդեան խանդի հողի վրա սպանում է իր երեխաներին: «Այդ կնոջ արարքը բողոք է առ Աստված, մարդկություն և հասարակություն,- մեկնաբանում է նա,- սակայն նա ակնհայտորեն նորմալ չէ, և ես չէի էլ ցանկանա, որ նա բուժվեր, որովհետև բուժվելուց հետո եթե նա գիտակցեր իր կատարած արարքը` ես չեմ պատկերացնում, թե այդ բեռի հետ ոնց է ապրելու»:

Դրամատուրգի կարծիքով` այստեղ շատ անելիքներ ունեն բռնություններով զբաղվող միջազգային կազմակերպությունները, մեդիան, որոնք պատրաստած նյութերը կարող են մեծ ազդեցություն թողնել հասարակությունում քարոզվող արժեքների վրա. այն արժեքների, որտեղ բացառվում է ագրեսիան ու բռնությունը:

Ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ռոզա Ալոյանին տրվել է երկամսյա կալանք: Դատարանը որոշել է նաև նշանակել  դատաբժշկական փորձաքննություն: Նրան արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն:

 

Դիտվել է 1428 անգամ:
Print Friendly

Leave a Reply