Արվեստում նոր ոճ է առաջ եկել` խրխինջիզմ. արվեստագետները բողոքում են Սունդուկյանի թատրոնից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 12, 2011 15:39

«Արվեստում նոր ոճ է առաջ եկել` խրխինջիզմ, սակայն չենք ցանկանում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրված տեսնել այդ 8 ու կեսերը, 64 ալիքներն ու 96 ատամները, որոնք հանդիսատեսին ոչ մտածելու, ոչ էլ հուզվելու նյութ են տալիս: Այդ թատրոնը պետք է փակվի, վերանայվի ռեպերտուարային քաղաքականությունը: Թատրոնն արդեն բորբոսնած է»,- ասաց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հետ համատեղ ասուլիսում: Նրանք միակարծիք են` Սունդուկյանի թատրոնը դարձել է շոուների թատրոն:

Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ թատրոնում մտքի և հոգու սնունդ տվող արվեստ չկա, պետք է այնպիսի ներկայացումներ բեմադրվեն, որոնք հուզեն մարդկանց: Բեմադրիչը համոզված է, որ երբ թատրոնում գլխավորը դառնում է տնօրենը, ամեն ինչ վերջանում է, քանի որ նա սկսում է մտածել «փող աշխատելու մասին», այնինչ` թատրոնի հիմնական դեմքը պետք է լինի բեմադրիչը: Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ չպետք է կառչել աթոռին ու թույլ չտալ երիտասարդներին ներկայացնել իրենց ունակությունները: Նա որպես Սունդուկյան թատրոնի բեմադրիչներ տեսնում է Արմեն Էլբակյանի դստերը` Լիլի Էլբակյանին, Նարինե Գրիգորյանին, Արմեն Խանդիկյանին, Ռուբեն Բաբայանին: Նա կարծում է, որ քանի դեռ դերասանները սերիալում դեր ստանձնելու համար ստանում են 500-600-ից 1500-2000 դոլար աշխատավարձ, իսկ թատրոնում` ընդամենը 60-70 հազար դրամ, թատրոնը չի կարող զարգանալ:

Անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանը նկատեց, որ հեռուստաընկերությունները անճաշակությամբ են «կերակրում» հանդիսատեսին` փոխելով ընդհանուր ճաշակը: Կարեն Ջանիբեկյանի համոզմամբ` չպետք է հապաղել, Սունդուկյան թատրոնում պետք է նշանակել գեղարվեստական ղեկավար, որը ոչ թե ֆինանսիստ պետք է լինի, այլ պետք է որոշի թատրոնի էսթետիկական կողմը, լինի թատրոնի դեմքը: «Թատրոնը պետք է ղեկավարվի միանձնյա, մեկը պետք է լինի թատրոնի տերը, թատրոնն ունենա իր մտածողությունը, իր խնդիրները:

Գեղարվեստական ղեկավար եղավ, թատրոնը կվերածնվի»,- վստահություն հայտնեց ժողովրդական արտիստը, ով ցանկանում է դերեր ստանալ ու խաղալ: Նա մեղադրում է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին` իրեն դերեր չտալու համար: Նա ընդգծում է, որ Վահե Շահվերդյանի էսթետիկան գավառական էր»:

Կարեն Ջանիբեկյանը Նիկոլայ Ծատուրյանին է տեսնում որպես Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար:

Tert.am

 

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply