Բանակում զինվոր է խելագարվել ու պարզվում է ոչ ոք մեղավոր չէ՞

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 12, 2011 11:09

Վերջին շրջանում հայկական բանակում տիրող անմխիթար իրավիճակը եւ որպես դրա հետեւանք արձանագրված սարսափելի դեպքերը լրջորեն ցնցել են հայ հասարակությունը: Խաղաղ պայմաններում բանակում զոհված կամ խեղված զինվորների թվի աճը լուրջ բողոք է առաջացրել ողջ բնակչության շրջանում:

Դժբախտ դեպքերից մեկն էլ բանակում զինվորի խելագարության հասցնելու դեպքն էր, որն ըստ զինվորի հոր, որդուն ծեծելու եւ նվաստացնելու հետեւանք է:

NEWS.am-ը զրուցել է թե խելագարված զինվորի հոր, թե ՀՀ զինդատախազի, թե հոգեբուժարանի բժշկուհու, թե ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի հետ: Զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից, ներկայացնելով նրանց խոսքը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը սեպտեմբերի 6-ին տարածեց տեսանյութ, որտեղ ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը պատմում էր սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության մասին, ինչի արդյունքում որդին հայտնվել է հոգեբուժարանում:

«Տղայիս մեջքը, ոտքերը կապտուկների մեջ էին, երբ արդեն հոգեբուժարանում էր, նայեցի ասեցի. «Բա այս կապտուկները որտեղի՞ց», ինչին պատասխանեցին. «Դե հիմա երեխա են, կարող ա իրար քաշքշել են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը, նշելով, որ իրեն ասել են, որ որդին դիրքերում է վախեցել,  երբ ինչ-որ ձայներ են լսվել:

Սակայն, ըստ Վարդանյանի, որդու վիճակի մասին նրան հայտնել են զինվորներ, ովքեր չեն ներկայացել. «Ձյաձ ջան, տղայիդ ծեծել են ու հիմա հոգեբուժարանում է: 17 օր հետո ես իմանում եմ, որ տղաս գտնվում է հոգեբուժարանում: Ասեցի ինձ ինչո՞ւ տեղյալ չեք պահել: Պատասխան չստացա»:

Վարդանյանը պնդում է, որ իր որդին առողջ է եղել, երբ նրան զորակոչել են. «Ես առողջ տղա եմ ուղարկել բանակ, իսկ հիմա նա հոգեբուժարանում է: Նա չորս անգամ բուժզննում է անցել եւ զորակոչվել Վեդիի զինկոմիսարիատից: Եթե նկատել էին, որ ինքը հիվանդ է, ինչո՞ւ են տարել: Այդ ինչպե՞ս եղավ, որ նա  մեկ տարի երկու ամիս առողջ էր, իսկ հիմա հիշեցին, որ նրա մայրը հիվանդ է շիզոֆրենիայով եւ որդիս էլ է հիվանդ:  Գնացեք Հովոյի բժշկական թղթերը նայեք, դպրոցում հարցրեք նման խնդիր ունեցե՞լ է: Ես բողոք եմ ներկայացրել Ռազմական ոստիկանություն դեպքի առնչությամբ»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ իր կինը, ում հետ ամուսնությունը գրանցված չէ ԶԱԳՍ-ում,  դիմել է զինկոմիսարիատ եւ հայտնել իր հիվանդության մասին, ինչպես նաեւ խնդրել, որ չզորակոչեն որդուն, քանի որ նա իր միակ խնամակալն է:

«Իմ հանձնարարությամբ քրեական գործ է հարուցված 375-րդ հոդվածի առաջին մասով («Իշխանազանցություն»), հիմա կքննենք եւ արդյունքը պարզ կլինի: Կարող եմ փաստել, որ ե’ւ դատախազությունը, ե’ւ քննչական ծառայությունը, ե’ւ ռազմական ոստիկանությունը երբեւէ որեւէ տեղեկատվություն չեն ստացել այդ ծեծի հետ կապված, որի մասին հիշատակվում է տեսանյութում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նրա խոսքով, քննությունն ընթանում է, քննության ընթացքում կպարզվի` ինչ է իրականում տեղի ունեցել:

Հարցին, թե արդյոք մայրը տեղեկացրե՞լ է, որ հոգեկան հիվանդությամբ է տառապում եւ խնդրել է չզորակոչել որդուն, քանի որ նա իր միակ խնամակալն է, Կոստանյանը պատասխանեց. «Զորակոչելը կամ չզորակոչելը մոր կամ որեւէ մեկի հայտարարության հիման վրա չի լինում, ահնրաժեշտ են համապատասխան փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա հիվանդ լինել կամ չլինելը: Բայց որդին հիվանդ չի եղել, գոնե այդ մասին վկայող փաստաթղթեր չկան»:

«Տղան լավ հետազոտված զորակոչիկ եւ զինակոչիկ է եղել, նրա առողջական վիճակին հետեւել են դեռ դեռահաս տարիքից:  14-17 տարեկան հասակում նա հետազոտվել է, բոլոր հետազոտություններն անցել է, որեւէ գանգատ չի ներկայացրել: Երկու հանձնաժողովների,  Հանրապետական զորակոչային բժշկական հանձնաժողովի մոտ կասկած չի եղել, որ այդ երեխան հիվանդություն կարող է ունենալ, նույն կասկածը չի առաջացել  զորակոչային բժշկական հանձնաժողովի մոտ»,- ասաց Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը:

Նրա խոսքով` Հովհաննեսն ունեցել է մեկ թերություն` 3-րդ աստիճանի հարթաթաթություն, ինչի համար Զինապարտության մասին օրենքի 43 հոդվածի «գ» կետով զորակոչվել է բանակ: Օրենքի այդ հոդվածը նախատեսում է որոշ սահմանափակումներ ծառայության ընթացքում. « Սահամանափակումները չեն վերաբերում մարտական հենակետում գտնվելուն, այլ վերաբերում են ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Նա կարող է կրել մինչեւ 30 կգ բեռ, կարող է քայլել 5 կմ տարածք եւ վազել մինչեւ 1 կմ երկարություն: Եթե հետազոտման պահին զինակոչիկը հիվանդություն չունի եւ չի գանգատվում իր առողջությունից, որոշվում է նրա ծառայական պիտանելիության աստիճանը, ինչը եւ տեղի է ունեցել, ՀՀ օրենսդրության համապատասխան»:

Դիտարկմանը, թե Հովհաննեսի մայրը դիմել է խնդրանքով, որ իր որդուն ազատեն զինվորական ծառայությունից, քանի որ որդին իր միակ խնամակալն է, Փարսադանյանն արձագանքեց. «Մայրը իր հիվանդության մասին գրել է անորոշ, նշելով որ հիվանդ է, եւ խնդրել է որդուն տեղակայել բնակությանը  մոտ գտնվող զորամասում: Ինչ վերաբերում է նրան, թե նա ճի՞շտ է զորակոչվել , թե`ոչ, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ճիշտ է եղել, նա զորակոչի ժամանակ եղել է առողջ: Քավ լիցի, ես չեմ ասում, որ շեղումներ եւ թերացումներ չկան, բայց ոչ այս դեպքում: Եթե պարզվի, որ զորակոչին մասնակցող անձինք հիվանդ մարդ են զորակոչել բանակ, ապա նրանց հարցերը շատ արագ նախարարի կողմից կլուծվեն: Եթե Հովհաննեսը  գանգատ ներկայացներ զորակոչային որեւէ հանձնաժողովի` ինքն անպայման կհետազոտվեր: Մի կողմ թողնենք զինկոմիսարիատների հանձնաժողովները, կենտրոնական բժշկական հանձնաժողովում ընդգրկված են առաջատար մասնագետներ եւ նրանք չէին անտեսի այդպիսի հայտարարությունը»:

Ինչ վերաբերում է փաստին, որ Հովհաննեսի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, զինվորականն ասաց. «Շիզոֆրենիան ժառանգական ծագման հիվանդություն է, որը շատ բնորոշող նշաններ ունի, ու քանի դեռ այդպիսի նշաններ չկան, որեւէ մեկի մտքով չի անցնի կասկածել տվյալ մարդու մոտ նման հիվանդություն: Մեկ տարի երկու ամիս բանակում ծառայելու ընթացքում Հովհաննեսի մոտ այդպիսի նշաններ չեն եղել: Նրա հրամանատարը դրական է բնութագրել Հովհաննեսին, նշելով, որ ծառայության ընթացքում  տղան իրեն նորմալ է դրսեւորել, խնդիրներ չի առաջացրել մինչեւ հունիսի 24-ը ներառյալ, երբ  ծառայության պետը տղայի մոտ նկատել  է շեղվածություն: Եթե ծնողներից մեկը տառապում է շիզոֆրենիայով երեխաների 20 տոկոսը ժառանգում են այդ հիվանդությունը: Տվյալ դեպքում ունենք խիստ բարդացած ժառանգական անամնեզ`պատմություն, մայրը տառապում է նույն հիվանդությամբ ինչ որդին` շիզոֆրենիայի պառանոյիդ ձեւով: Մայրը հաշվառված է դիսպանսերում որպես հոգեկան հիվանդ»:

Հարցին, թե եթե ծնողներից երկուսի մոտ էլ առկա է շիզոֆրենիա հիվանդությունը որդին զորակոչվելո՞ւ էր, Փարսադանյանը պատասխանել է. «Կզորակոչվի, եթե այդ պահին առողջ է»:

Դիտարկմանը, թե հայրը պնդում է, որ որդուն ծեծել են, ինչի հետեւանքով  նրա մոտ ի հայտ է եկել այդ հիվանդությունը, ռազմաբժշկական վարչության պետը նշեց. «Հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած իրադրության մեջ, ցանկացած պահի, այն կարող է համընկնել ցանկացած իրադրության հետ: Մեկը կարող է կրակել եւ մարդու  մոտ  կարող է ի հայտ գալ հիվանդությունը: Սա ուրիշ խնդիր է:  Ինչ վերաբերում է ծեծին, ապա որեւէ փաստաթղթով գանգատ չունենք ծեծի առնչությամբ: Նախաքննությունն ու հետաքննությունը ցույց կտա` ով է ծեծել կամ ում է ծեծել: Բայց մի բան հաշվի առնենք, որ այս հիվանդությամբ տառապողները կարող են իրենք իրենց վնասել»:

Իսկ գուցե ծեծը կամ անգամ ծեծի սպառնալի՞քն են հիվանդության ի հայտ գալու պատճառը, հարցին էլ արձագանքեց. «Դրսեւորման ժամանակը որեւէ կախում չունի իրադրությունից: Հոգեկան հիվանդ աշխարհակալներ ենք ունեցել Պետրոս Առաջին, Ալեքսանդր Մակեդոնացի, բայց նրանց մոտ հիվանդությունը դրսեւորվել է տարբեր ժամանակներում»:

Հարցին, թե ինչո՞ւ եք բացառում, որ հիվանդությունն ի հայտ է եկել հենց ծեծի կամ ուժի կիրառման սպառնալիքի հետեւանքով, Փարսադանյանն ասաց. «Կարող է համընկնի, չեմ բացառում, դա կարող է համընկնել նույնիսկ ուրախության պահի, լավ կամ վատ լուր իմանալուն: Հնարավոր է, որ ինչ-որ տրավմայի հետեւանք է, բայց կապել դրա հետ… Այսօր գիտությունը դա չի ընդունում»:

Ինչ վերաբերում է փաստին, որ ծնողները բավական ուշ տեղեկացրել որդու վիճակի մասին, այն էլ ոչ զինվորի հրամանատարներից, զինվորական բժիշկն ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է տեղեկացնեին: Բանակում կա այսպիսի կարգ. տեղեկացնում են ծանր դեպքերի, ծանր միջադեպերի,  որտեղ  կարիք կա, որ ծնողի մասնակցելունն անհրաժեշտ է»:

Փաստորեն, Ձեր կարծիքով, շիզոֆրենիան թեթե՞ւ դեպք է, դիարկմանն էլ արձագանքեց. «Այո: Շիզոֆրենիան որպես այդպիսին իրա մոտ ծանր չէ, թեթեւ է: Եւ տայի վիճակը բավական լավ է: Եթե գնահատենք հոգեբուժության տեսանկյունից, ապա նրա մոտ դրական ընթացք կա: Բայց ինքը երբեք չի բուժվելու, այդ հիվանդությունը չի բուժվում, լինում են լուսավոր շրջաններ, երբ ինքը կլինի ճիշտ գիտակցությամբ: Իսկ ծնողներին տեղեկացրել են որդուն հոսպիտալացնելուց երկու օր հետո»:

Տիկին Գեւորգյան, ի՞նչ վիճակում է Հովհաննես Վարդանյանը, նրա մոտ ախտորոշվել է հոգեկան շեղում:

Տղան հիվանդ է, նրա հիվանդությունը լուրջ է, եւ որեւէ այլ բանի հետեւանք չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Իմ լիազորությունների շրջանակում չէ գնահատականներ տալ այդ գործի շրջանակում, բայց ասեմ, որ շիզոֆրենիան  էնդոգեն խրոնիկ հիվանդություն է, որն ընթանում է ռեմիսիայի եւ սրացման փուլերով: Հիվանդության սրացման ժամանակ հիվանդը պետք է ստանա ստացիոնար բուժում, իսկ ռեմիսիայի շրջանում, երբ հիվանդությունը հանդարտվում է, հիվանդը գտնվում է հիվանդանոցից դուրս, բայց շարունակում է ընդունել անհրաժեշտ  դեղամիջոցներ, որոնք կայունացնում են ռեմիսիայի փուլը:  Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար: Այս զինվորի դեպքում, ում մոր մոտ 7 տարի առաջ ախտորոշվել է շիզոֆրենիա հիվանդությունը, մինչեւ զորակոչվելը եւ ծառայության առաջին տարվա ընթացքում  չի արտահայտվել որեւէ կերպ:

Տեսանյութում Հովհաննեսը պատմում է որոշ դրվագներ ծառայությունից:

Պսիխոտիկ վիճակում գտնվող մարդու վկայությունները, իրավական արժեք չունեն, եւ այն ինչ ասել է նա տեսանյութում` արժեք չունեն, քանի որ իր խոսքերը կարող են լինել  ինչպես զառանցանք, այնպես էլ ինչ-որ իրադարձությունների դրվագներ:

Հայրը պնդում է, որ որդու մարմնի վրա բռնության հետքեր կան: Երբ տղային բերեցին հոգեբուժարան նրա մարմնի վրա կայի՞ն բռնության հետքեր:

Նրան բերեցին մեզ մոտ այնպես, ինչպես որ նա հիմա կա:

Այդ դեպքում ինչի՞ց են այդ հետքերը:

Չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ամեն դեպքում ասեմ,  նոր կապտուկներ ու քերծվածքներ չկային, թե չէ ընդունարանում դա կգրանցվեր:

Հույս կա՞, որ Հովհաննես Վարդանյանին հնարավոր է բուժել:

Այն, որ նա դուրս կգա պսիխոտիկ իրավիճակից միանշանակ է, սակայն երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել:

 

Պատրաստեց` Մարիա Ասատրյանը

 

 

 

 

 

 

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply