«Եվրատեսիլ». Ադրբեջանը հրաժարվում է իր արարքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 4, 2009 12:28

Դժվարին կացության մեջ հայտնված կառավարությունը հավատացնում է, որ Հայաստանի օգտին տրված ձայների հետ կապված հարցաքննությունը սխալմունք է եղել:

Ադրբեջանական կառավարությունում նշում են, որ անվտանգության ծառայությունների կողմից «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ Հայաստանի օգտին քվեարկած անձանց հարցաքննությունը «մեկ պաշտոնյայի թույլ տված սխալ էր», սակայն մեկնաբանների կարծիքով` այն ստորացուցիչ էր ողջ երկրի համար:

Այս տարվա մայիսին կայացած ողջ մայրցամաքով հայտնի երաժշտական մրցույթի ժամանակ հայաստանցի մասնակիցների օգտին հաղորդագրություն ուղարկած բոլոր 43 ադրբեջանցիներից պահանջեցին ներկայանալ Ազգային Անվտանգության Նախարարություն (ԱԱՆ). մի քայլ, որը բացասական ազդեցություն ունեցավ Ադրբեջանի հեղինակության վրա:

«Երբ պահանջեցին, որ ներկայանամ ԱԱՆ, կարծում էի` ինձ պատրաստվում էին ձերբակալել Facebook կայքում Իլհամ Ալիեւի հասցեին գրած խիստ քննադատական խոսքերիս համար: Անգամ մոռացել էի, որ Հայատանի օգտին ձայն էի տվել: Բայց երբ ԱԱՆ-ում սկսեցին հարցաքննել հենց այդ խնդրի վերաբերյալ, հազիվ զսպեցի ծիծաղս»,-ասում է օգոստոսի 12-ին Նախարարություն ներկայացած Ռովշան Նազիրլին:

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չափազանց լարված են: Չնայած զինադադարի ստորագրումից 15 տարի է անցել, երկու երկրներn այդպես էլ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիր, որը վերջ կդներ 1991-ին սկսված ղարաբաղյան պատերազմին: Ադրբեջանի արեւմտյան տարածքների որոշ մասը դեռեւս գտվում է հայկական ուժերի վերահսկողության տակ:

Նազիրլիի նկարագրությամբ` իր հարցաքննությունը վտանգավոր հանցագործի գործով հետաքննություն էր հիշեցնում, իսկ քննիչները, նրա խոսքերով, փորձում էին վախեցնել իրեն:

«Երկու ժամ ինձ դատարկ սենյակում պահելուց հետո երկու մարդ հայտնվեցին` ասելով, որ ԱԱՆ գլխավոր բաժնից են: Նրանցից մեկի ձեռքում Հայաստանի օգտին բոլոր քվեարկածների անունները եւ հասցեները պարունակող ցուցակ կար: Նրանք ասացին, որ ինձ նմաններին հարկավոր է բանտ նետել: «Այսօր հայի համար ես քվեարկում, վաղն էլ նրանց համար մետրոն կպայթեցնես»,-ասացին պաշտոնյաները»,- պատմում է Ռովշանը:

ԱԱՆ-ում հրաժարվեցին այս ակցիայի դրդապատճառների վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ, սակայն նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նշում է, որ այս միջադեպը չափազանց շատ են ուռճացրել:

«Առանձնապես ոչինչ չի պատահել: Նրանց վրա ճնշում չի գործադրվել: Պարզապես չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը դեռեւս շատ երիտասարդ պետություն է: Ընդամենը 18 տարի է, ինչ անկախացել ենք, եւ մեր ոչ բոլոր պաշտոնյաներն անհրաժեշտ փորձն ունեն»,- նշվում է APA լրատվական գործակալությանը Նովրուզովի կողմից արված հայտարարության մեջ, որտեղ նա մեղադրում է հայերին իր երկրի դեմ ատելություն բորբոքելու մեջ:

«Հարյուրավոր տարիներ շարունակ բազում ազգեր են խաղաղ ապրել Ադրբեջանում: Ինչո՞ւ ոչ ոք այս մասին չի խոսում: Իսկ մեկ պաշտոնյայի թույլ տված սխալը ներկայացվում է որպես երկրի կառավարության կողմից արված դիտավորյալ քայլ: Սա տարիներ շարունակ Ադրբեջանի դեմ վարվող եւ Հայաստանի կողմից քաջալերվող նենգ քաղաքականության մի մասն է»,-հայտարարել է Նովրուզովը:

Սակայն կրքերը հանդարտեցնելու նրա փորձերը ոչ մի արդյունք չտվեցին. այս ամենին գումարվեցին նաեւ ադրբեջանական բլոգերում ու կայքերում ձերբակալությունների մասին պտտվող ասեկոսները:

«Համոզված եմ, որ սա ինչ-որ ցածրաստիճան պաշտոնյայի թույլ տված սխալ է: Սակայն դրանից ողջ պետությունն է տուժել»,- ասում է քաղաքական վերլուծաբան Թոգրուլ Ջուվարլին:

«Այս միջադեպը չափազանց մեծ քաղաքական կշիռ ունի: Երբ անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ քաղաքակիրթ երկիր ենք, մեզ այսպես ենք պահում»,-հավելում է վերլուծաբանը:

Նազիրլիի խոսքերով` նա ապշել էր, որ դեպքի կապակցությամբ հասարակական բողոքն այդքան փոքր մասշտաբներ էր ունեցել, եւ որ կառավարությունն այդքան պատրաստված էր եղել տասնյակ երիտասարդներին հավաքելու փաստը որպես «սխալմունք» ներկայացնել:

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարց տա, թե ինչու է Ադրբեջանում թույլատրված անօրինական հարցաքննությունը եւ հետաքննությունը: Սա կարող է բոլորի հետ պատահել, քանի որ պաշտոնյաները հարգանք չունեն օրենքի նկատմամբ»,-համոզված է Ջուվարլին:

«ԱԱՆ-ում պետք է ավելի լուրջ հարցերով զբաղվեն: Ինձ դուր եկավ երգը, այդ պատճառով էլ հաղորդագրություն ուղարկեցի: Սրանով ես չեմ դավաճանում իմ հայրենիքը: Եթե միայն կարողանայինք ղարաբաղյան խնդիրը հաղորդագրությունների միջոցով լուծել»,-ասում է նա:

Սակայն նա չի կարող հույսը դնել բոլորի աջակցության վրա: Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց զգայուն հարց է Ադրբեջանում, որտեղ պատերազմի հետեւանքով փախստական դարձած հարյուր հազարավոր մարդիկ կան: Իսկ Ադրբեջանի` «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նագին հայտարարել էր, որ ադրբեջանցիներն անգամ հաղորդագրություններ չպետք է ուղարկեն իրենց թշնամու օգտին:

«Սա անբարոյական է: Այս հարցում հանդուրժողականության մասին անգամ խոսք չպետք է լինի: ԱԱՆ ճիշտ դիրքորոշում է ընտրել: Այնուամենայնիվ, նախարարության պաշտոնյաների սխալը կայանում է նրանում, թե ինչպես են նրանք քննել այս դեպքը: Հայաստանի օգտին քվեարկածներից պահանջելով ներկայանալ եւ նրանց վրա ճնշում գործադրելով` նրանք չափազանց անմտածված ձեւով են գործել: Այս մարդկանց մասին հարկավոր էր տվյալներ հավաքել եւ այնպիսի հսկողության տակ պահել, որ նրանք անգամ չկասկածեին այդ մասին»,- հայտարարել էր նա:

Հեղինակ`Էլշան Մամմադալիեւ`ազատ լրագրող  Բաքվում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply