Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին կայցելի Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 10, 2011 10:39

Սեպտեմբերի 17-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակությունը, որի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի և ՉՍՏԽի միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

 

ՀՀ Հանրային խորհրդից զատ, պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ, կայցելի մայր աթոռ Ս.Էջմիածնի Գանձերի և Հայաստանի պատմության թանգարաններ, Գառնիի տաճար և Գեղարդի վանք: Այցի երկրորդ օրվա ընթացքում պատվիրակությունը կլինի Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ապա նաև՝  ՙՍինոփսիս-Արմենիա՚ ընկերությունում:

 

Չինական պատվիրակության հայաստանյան այցը կազմակերպող ՀԽ անդամների խմբում ընդգրկված են Վլադիմիր Մովսիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Անելկա Գրիգորյանը, Ռոբերտ Աթոյանը, Հովիկ Մուսայելյանը, Գագիկ Մանասյանը. խմբի աշխատանքը ղեկավարում է Խոսրով Հարությունյանը:

 

Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակության այցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հռոմում հուլիսի վերջին կայացած՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի

( ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպման ժամանակ:

 

(Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհուրդը նմանատիպ գործառույթներն է իրականացնում,ինչ որ ՀՀ ՀԽ-ն,այն ունի հինգ միլիոն անդամ և նրա ղեկավարը Չինաստանի քաղբյուրոյի անդամ է:)

 

 

ՏԵՍԽԻՄ-ի անդամ մի քանի տասնյակ երկրների նման կառույցների հետ աշխատանքը բաժանելու համար ՀՀ ՀԽ­ի ներսում ընթացքի մեջ է համագործակցության առանձին խմբերի ստեղծումը՝ ըստ ՀԽ անդամների նախընտրության:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

09.09.2011թ.

 

 

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply