ՀՀ ՀԽ փոքր խորհրդի նիստում ուրվագծվեցին Հանրային խորհրդի՝ առաջիկայում քննարկելիք հարցերն ու անելիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 10, 2011 10:16
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին ՀՀ Հանրային խորհրդի նիստերում և լսումների ժամանակ կքննարկվեն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նոր կարգավիճակին առնչվող խնդիրը, ՀՀ-ում լուծարված ընկերություններում մասնագիտական խեղումներ ստացածների փոխհատուցման վերաբերյալ հարցը, արտագաղթի պատճառների վերացման շուրջ ՀԽ առաջարկությունների փաթեթն՝ ուղղված կառավարությանը և Ազգային Ժողովին:
ՀՀ ՀԽ փոքր խորհուրդն այս և մի շարք այլ հարցեր համաձայնեցրեց սեպտեմբերի 9-ի իր նիստում:
Չինաստանի սոցիալ–տնտեսական խորհրդի պատվիրակության՝ սեպտեմբերի 17-ի այցի մանրամասները, որոնք ներկայացվեցին ՀԽ փոքր խորհրդի նիստում, ՀԽ պաշտոնական կայքէջում տեղադրված են առանձին հաղորդագրությամբ:
. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի մի խումբ գիտաշխատողներ դիմել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ինստիտուտը հիմնադրամի վերածելու՝ ՀՀ կառավարության որոշմանը: Հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու և գիտական ու վարչական բոլոր կողմերի տեսակետները համադրելու, հնարավորության դեպքում նոր լուծում առաջարկելու համար գիտության, կրթության հարցերով ՀԽ հանձնաժողովում աշխատանքային խումբ ձևավորվեց,որին կներգրավվեն նաև մասնագետներ դրսից:
. Մասնագիտական խեղումների դիմաց փոխհատուցման հարցով Հանրային խորհրդին են են դիմել ՙՀայկական ավիաուղիներ՚ լուծարված ընկերության օդաչուները՝ խնդրելով ելք գտնել իրավական բարդ իրավիճակից. լուծարված ընկերությունների սոցիալական պարտավորությունները նախկինում անցնում էին Հայաստանի Հանրապետությանը, սակայն հետագայում ընդունված մեկ այլ իրավական ակտով այս նորմը վերացվել է: Հարցը նիստում զեկուցած ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը կարծիք հայտնեց, որ կա խնդիր, և այն վերաբերում է ոչ միայն օդաչուներին, այլև մասնագիտական խեղումներ ու հիվանդություններ ստացած այն մյուսներին Հայաստանում, որոնց աշխատավայր-ընկերությունները լուծարված են: Հարցը ՀԽ լիագումար նիստում կքննարկվի, ամենայն հավանակությամբ, հոկտեմբեր ամսին:
. Արտագաղթի պատճառներն ուսումնասիրել և խնդրի լուծման շուրջ առաջարկությունները համակարգել է ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառվարման հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի ղեկավարած աշխատանքային խումբը: Ազգային Ժողովում նույն հարցով լսումների ժամանակ կներկայացվի աշխատանքային խմբի տեսակետը, եթե խոհրդարանական լսումներն ավելի վաղ անցկացվեն, քան Հանրային խորհուրդը լիագումար նիստում կքննարկի այս հարցը և կհաստատի Հանրային խորհրդի առաջարկությունների փաթեթը:
ՀԽ փոքր խորհրդի նիստի մասնակիցները շնորհավորեցին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին, ՀԽ անդամներ Վլադիմիր Մովսիսյանին ու Սոս Սարգսյանին՝ ԼՂՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առիթով ԼՂՀ նախագահի հրամանագրով շքանշանների արժանանալու համար:
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
09.09.2011թ.






Facebook
Tweet This
Email This Post
