Կրծքավանդակից դուրս սրտով նորածինը վիրահատված է. տեղափոխել են նաև երեխայի թոքերն ու լյարդը

Օրվա լուր | | September 4, 2009 12:49

artsurgeryaiims10 օր առաջ Հնդկաստանի Նոր Դելի քաղաքում ծնվել էր մի երեխա, որի սիրտը գտնվում էր կրծքավանդակից դուրս: Այժմ նորածնին վիրահատել են, և երեխայի սիրտն իր ճիշտ տեղում է:

Բժիշկները վիրահատության ընթացքը համարում են ծայրահեղ վտանգավոր, սակայն արդյունքում` հաջող:

Ա.Կ.Բիսոյը` Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտի սրտաբան-վիրաբույժը, ասում է, որ վիրահատությունը չի տևել 1,5 ժամ, ինչպես նախատեսել էին, այլ ձգվել է մինչև 3,5: «Սկզբում որոշել էինք սառեցնելու եղանակով կանգնեցնել սրտի աշխատանքը, սակայն այդպես չարեցինք»,- ասել է Բիսոյը, որը վիրահատել է փոքրիկին իր 13 հոգանոց խմբի հետ:

Վիրահատության արդյունքում կրծքավանդակից դուրս մնացած սիրտը հաջողությամբ տեղադրվել է իր տեղում:

«Երեխայի վիճակը կայուն է, չի պահանջվի որևէ այլ վիրահատություն»,-ասել է Բիսոյը: Այդուհանդերձ, նորածինը բժիշկների հսկողության տակ է, և պարզ չէ, թե երբ նրան դուրս կգրեն:

Բիսոյը «CNN»-ին տված հարցազրույցում պատմել է, որ վիրաբույժները ստիպված են եղել տեղափոխել երեխայի թոքերն ու լյարդը` սրտի համար տեղ բացելու համար:

Երեխան ծնվել էր օգոստոսի 25-ին Հնդկաստանի ու Նեպալի սահմանի մոտ գտնվող Բիհար շրջանում: Հաջորդ օրը նրան արյան վարակումով տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները ծածկել էին երեխայի սիրտը սինթետիկ մատերիալով, իսկ վարակված արյունը հեռացրել օրգանիզմից:

Այս երևույթը միջազգային բժշկական տերմինով կոչվում է «ectopia cordis»: Նման դեպքերում երեխայի արգանդային ձևավորման շրջանում կրծքավանդակը չի կարողանում փակվել և սիրտը դուրս է մնում:

Հնդկաստանի Բժշկական գիտությունների ինստիտուտը վիրահատությունը կատարել է անվճար:

Երեխայի 24-ամյա հայրը` Չանդեր Մաջին, աշխատում է Բիհարում` Հնդկաստանի ամենաաղքատ շրջաններից մեկում: «Ես պարտական եմ բժիշկներին, որ վիրահատեցին իմ երեխային: Պարտական եմ նաև Բիհարի բժշկին, որը հոգաց հիվանդանոց հասնելու ծախսերը»,-ասել է Մաջին:

Դիտվել է 2194 անգամ:
Print Friendly

Leave a Reply