Նաիրա Զոհրաբյան. Չավուշօղլուն հերթական շոուն է սարքել ԵԽԽՎ-ում, բայց ձախողվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 18:26
Իտալիայի Կավերտա քաղաքում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որին Հայաստանից մասնակցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ քաղաքական հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, եւ նա նախապես թատերականացված սցենար էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ:
«Այդ սցենարի բովանդակությունն այն էր, որ մի շարք պատգամավորներ, իբր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամներ, իբր շատ մտահոգ են մեր տարածաշրջանի սառեցված հակամարտությունների խնդրով եւ պահանջում են ԵԽԽՎ նախագահից` ակտիվացնել Վեհաժողովի գործունեությունը սառեցված հակամարտություններ հանգուցալուծման գործում»,- պատմեց պատգամավորը եւ հավելեց. «Ինձ համար հասկանալի էր, որ այդ բուռն մտահոգվողները նրանք են, ովքեր ուղղակիոերեն գտնվում են Չավուշօղլուի ազդեցության տակ, Չավուշօղլուն շատ համբերատար լսում էր այդ բողոքները, թե ինչու հայկական պատվիրակությունը չի մասնակցում ենթահանձնաժողովի աշխատանքները:
Իսկ վերջում էլ, մատնանշելով ինձ, ասաց, թե այստեղ նստած է հայկական պատվիրակության անդամը, ով իր բոլոր հարցազրույցներում ուղղակիորեն մեղադրում է ինձ, թե ես եմ վերաբացել այդ ենթահանձնաժողովը, տիկին Զոհրաբյանը մեղադրում է ինձ անհիմն, մինչդեռ եվրոպացի խորհրդարանականներն են նշում, որ հայկական պատվիրակությունը սխալ է անում»: Այս հայտարարությունից հետո Նաիրա Զոհրաբյանը ելույթի խոսք է խնդրում եւ հայտարարում է. «Թե ձեզ համար, թե այստեղ շոու սարքածների համար կրկին ներկայացնում եմ հայկական կողմի դիրքորոշումը: Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը գտնվում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո եւ այդ ենթահանձնաժողովի միջամտությունը ուղղակիորեն խոչընդոտում է բանակցային գործընթացին: Դուք շարունակում եք ձեր իսկ ծրագրած շոուն: Հայկական պատվիրակությունը ինչպես չի մասնակցել, այնպես էլ չի մասնակցելու ենթահանձնաժողովի աշխատանքներին: Դուք կարող եք ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպել եւ քննարկել ենթահանձնաժողովի խնդիրները»:






Facebook
Tweet This
Email This Post
