Այս օրերին Երևանում է գտնվում Երուսաղեմի ասպետական վաշտի Տաճարականների գերագույն մարմնի անդամ, Հունաստանի Գերագույն վաշտի գերագույն հրամանատար Պողոս Չոլակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2011 17:28

Այս օրերին Երևանում է գտնվում Երուսաղեմի ասպետական վաշտի Տաճարականների գերագույն մարմնի անդամ, Հունաստանի Գերագույն վաշտի գերագույն հրամանատար Պողոս Չոլակյանը, որին ուղեկցում է Տաճարականների հայկական գնդում Հունաստանի վաշտի դեսպան դոկտոր Վաչե Տեր-Կարապետյանը:

Պողոս Չոլակյանի այցի գլխավոր նպատակներ էին` հանդիպումները Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Երևանի քաղաքապետի, արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, ՀՀ սփյուռքի նախարարի և ոստիկանապետի հետ: Կարևոր նպատակներից էր նաև հայկական գնդի ձևավորումը, որի պատմությունը սկիզբ է առել անցյալ տարվա նոյեմբերից:

Վեհափառ Հայրապետի հետ շուրջ 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում շոշափվեցին Հայ Առաքելական Եկեղեցու հետ համագործակցության, մասնավորապես` հեռավոր ու փլուզվող եկեղեցիների վերականգման, ինչպես նաև բարեկարգման նպատակների հետ կապված նախագծեր, ընդգծվեց, որ վաշտը միշտ կանգնած է Քրիստոնեական եկեղեցու կողքին, բայց երբեք չի խառնվում եկեղեցու հարցերին:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվեցին բարեգործական նախագծեր, մասնավորապես կարևորվեցին Վաշտի մասնակցությամբ Էրեբունու թանգարանի վերանորոգմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտին ուղղված նախագծերը: ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում խոսվեց Տաճարականների արտաքին, մասնավորապես քրիստոնեական եկեղեցիների հետ առնչությունների մասին:

Շատ օգտակար էր Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողության հետ հանդիպումը, ուր, ի մասնավորի, խոսվեց Տաճարականների գործունեության ու նպատակների վերաբերյալ երիտասարդության առջև պարբերական զեկուցումներով հանդես գալու անհրաժեշտության մասին: Հանդիպման ընթացքում ԲՈՒՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը Հունաստանի Գերագույն վաշտի գերագույն հրամանատար Պողոս Չոլակյանին և Տաճարականների հայկական գնդում Հունաստանի վաշտի դեսպան դոկտոր Վաչե Տեր-Կարապետյանին շնորհեց Համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: Իր հերթին, պարոն Չոլակյանը համալսարանի հունագինատական բաժնին նվիրաբերեց տասնյակ հունարեն գրքեր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ սեպտեմբերի 8-ին կայացած ցրույցի ընթացքում քննարկվել են նախարարարության և վաշտի համագործակցության եզրերը, մասնավորապես բարձրացվել է հանրահայտ Մուրադ Ռաֆայելյան վարժարանի շենքի վերանորոգման խնդիրը: Շատ արդյունավել է անցել նույն օրը կայացած հանդիպումը ՀՀ գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ կայացած ցրույցը, ուր մանրամասն խոսվել է վաշտի և Հայաստանում ստեղծվող գնդի ու վերջինիս ապագա խնդիրների մասին:

Այցի կարևոր նպատակներից էր Հայկական գնդի ձևավորումը և սեպտեմբերի 7-ին կայացած արարողության ժամանակ 9 հոգի դարձան ասպետության թեկնածուներ, որոնք նաև ստացան Մայր Աթոռից հատուկ ժամանած հոգևորականի օրհնությունը: Ավելի վաղ 2010թ.-ի նոյեմբերին Աթենքում ասպետություն էր շնորհվել հայաստանցի առաջին 7 ասպետներին, որոնց թվում են Հունաստանի վաշտում հայկակական գնդի պատգամավոր և գործարար Արմեն Ստեփանյանը, գնդի հրամանատար, բժիշկ և գործարար Բագրատ Լալայանը, քարտուղար,, հոգեբան Միքայել  Մադաթյանը և այլոք:

Տաճարականների վաշտը, որը շուրջ 900 տարվա պատմություն ունի, մշտապես կանգնած է եղել քրիստոնեական եկեղեցիների և քրիստոնյա հավատացյալների պաշտպանության դիրքերում, դուրս է քաղաքականությունից և կուսակցականությունից, գոյատևում է անդամավճարներով և գլխավորապես զբաղված է բարեգործությամբ:

Ժամանակի ընթացքում կձևավորվի Հայկական վաշտը, որը, հուսով ենք, օգտավետ գործունեություն կծավալի Հայաստանում և Արցախում:

 

 

Դիտվել է 1532 անգամ:
Print Friendly

Leave a Reply