Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ` Ազգային կինոյի մրցանկաբաշխություն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 9, 2011 16:22

Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ 2012 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանկաբաշխություն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի, “Օրանժընկերության և Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա  ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է  խթանելու և զարգացնելու ազգային կինոարտադրությունը, նոր անունների բացահայտումը , հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին  համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն`  առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել  միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում  արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին  կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլև հայկական թեմաներով և  հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

Մրցանակաբաշխության`կինոյի և մշակույթի անվանի  գործիչներից կազմված, ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար,  ժյուրիի կողմից կընտրվեն  2-3 նոմինանտ ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները:

Ազգային կինոյի մրցանակաբաշխության  մրցանակները կշնորհվեն  12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարիստ, լավագույն  նկարիչ, լավագույն երաժշտություն, լավագույն գլխավոր կնոջ դերակատար, լավագույն տղամարդու դերակատար, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն: Բացի հիմնական անվանակարգերից կշնորհվի նաև մեկ հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

 13 անդամներից բաղկացած ժյուրին կգնահատի մրցանակաբշխության ֆիլմերը: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ և կձևակերպվի արձանագրությամբ, որը կստորագրեն հանձնաժողովի բոլոր անդամները: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ և դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի:

 Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որևէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որևէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար:

 Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ և դիպլոմ:

 Մրցանակբաշխության խորհուրդը սեպտեմբերի 12-ից կհայտատարի Ազգային կինոյի մրցանակի  լավագույն նախագծի մրցույթ: Հայտերը կընդունվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը:

Իսկ մրցույթին մասնակցելու համար ֆիլմերը կընդունվեն սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

 Առաջիկայում Ազգային մրցանակաբաշխությունը կունենա նաև իր վեբ-կայքը, որտեղ կզետեղվեն միջոցառման հետ կապված բոլոր նորություններն ու տեղեկությունները:

 Հայաստանի ազգային կինոկենտրոնի  մամուլի ծառայություն

 

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply