Հայաստանի բանտերում ամենացածր կաստան են համարվում միասեռականները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 9, 2011 14:34
«Ոստիկանական բաժանմունքներում հարցաքննություններն ուղեկցվել են ապտակներով, ոտքերի, ոտքերի տակի, ռետինե մահակների հարվածներով, նաև ցելոֆանե տոպրակներով խեղդելով ու էլեկտրահարումով»,- այս մասին այսօր նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ներկայացնելով «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT)» պատվիրակության կողմից կազմված 2006-2010թթ.-ին կազմված զեկույցները և դրանց նկատմամբ տեղական գերատեսչությունների արձագանքը։ Այս տարիներին, ըստ նրա, զեկույցներում էական փոփոխություններ չեն նկատվում։ «Եվ ովքեր այդ վերաբերմունքին չեն արժանացել, ընդունել են իրենց մեղքը, որ այդ վերաբերմունքին չարժանանան»,- ասաց նա։
Ըստ նրա՝ եթե 2006թ. զեկույցին ի պատասխան` ոստիկանությունը նշել էր, թե իր աշխատանքը լիովին թափանցիկ է, բոլոր բռնությունները բացառվում են, ապա 2010թ. արդեն բռնություններն առավել հնարավոր են համարվել։ Իշխանյանը հիշեցրեց, որ դատապարտյալներն ու ձերբակալվածները չեն ստանում նաև պատշաճ իրավաբանական և առողջապահական օգնություն։
Իշխանյանը հավելեց, որ CPT-ի կողմից խոշտանգումների կանխարգելմանն ուղղված հիմնական առաջարկությունները, որով պահանջվում է, որ հարցաքննությունները տեսաձայնագրվեն, և դրանք վարեն ոչ ավելի, քան երկու մարդ, հայաստանյան գերատեսչությունների կողմից դեռևս անպատասխան են մնում։
«Բանտախցերում հակահիգիենիկ և գերբնակեցված վիճակն է, որ հաճախ հանգեցնում է միջանձնային լարված հարաբերությունների՝ թե բանտարկյալների միջև, և թե դատապարտյալների ու աշխատակիցների միջև»,- ասաց Իշխանյանը՝ շատ կարևոր համարելով, որ իրականացվի «Մեկ բանտարկյալին մեկ մահճակալ» սկզբունքը։
Բանտերի առավել մեծ խնդիրն է հիերարխիկ համակարգը, որտեղ «զոն նայողներն» են որոշում, թե դատապարտյալներից ով ինչ «կաստայական» դիրքում է։ Այդ խնդրին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատասխանել էին. «Քանի որ մեր անձնակազմը քիչ է, մենք ստիպված այդպես ենք լուծում մեր հարցերը»։ «Նուբարաշենում նույն խնդիրն է,- ասաց նա,- գիշերը այդ նայողը կարող է խցից խուց շրջել ու հարցեր լուծել»։
Նա առավել ծանր համարեց բանտերում միասեռականների վիճակը։ «Ամենացածր կաստան են համարվում հոմոսեքսուալիստները, որ կատարում են ամենակեղտոտ աշխատանքը»,- նշեց նա։
Ըստ Իշխանյանի՝ երբ այս հարցերով CPT-ն դիմում է բանտերի ղեկավարությանը՝ «նրանք ասում են՝ բողոքներ չեն ստացել իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, բողոքներ եղել են միայն ցմահ ազատազրկվածների կողմից, երբ նրանք չեն ցանկացել տեղափոխվել ավելի վատ խուց և նրանց ծեծել են»։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
