Այս տարի Խաչվերաց տոնը կնշվի սեպտեմբերի 11-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 9, 2011 13:30

Խաչվերաց տոնը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ հաջորդում է  Սուրբ ծննդյան, Հայտնության, Պայծառակերպության, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոներին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը, Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցմանը: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Սա ցնծության եւ հրաշքների տոն է, քանի որ քրիստոնյաներն իրենց մասունքը ձեռք բերեցին: Տեր Շմավոնի խոսքով` Խաչվերաց տոնը զուգորդվում է գերեզման գնալու հետ, որը շատ սխալ է: Հայ առաքելական եկեղեցու կանոնի համաձայն` արգելվում է տաղավար տոներին գերեզման գնալ, ողբ ու կոծ անել, քանի որ այդ օրն ուրախության օր է, որը պետք է նշվի միայն եկեղեցում: Կառավարությունն օրենք է ընդունել` տաղավար տոներին հաջորդող երկուշաբթին համարել ոչ աշխատանքային, ինչն էլ հնարավարություն է տալիս մեր քաղաքացիներին այցելել ննջեցյալներին:

«Պատարագին մասնակցելուց հետո, տոնը պետք է նշվի ընտանիքում`ավանդական սեղանի շուրջ, իսկ եկեղեցում տոնը նշվում է հետեւյալ կերպ. խաչը հանվում եւ անդաստան է արվում եկեղեցու բակում, մարդիկ կարող են մոտենալ, համբուրել ու իրենց հարգանքի տուրքը մատուցել խաչափայտին: Այս արարողությունը լավագույնս նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում»,-ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

Տոնին միմյանց շնորհավորելու հատուկ ձեւ չկա, ինչպես Զատկի դեպքում: Կարեւորը` հոգեւոր ցնծությունն ու ուրախությունն է:

Խաչվերացը նշվում է Կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիների կողմից որպես անշարժ տոն, իսկ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է որպես շարժական` սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:

Արմենպրես

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply