Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը հրաժարական տվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 16:32
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Երևանում անցկացվել է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովը: Կազմակերպության նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանը խոսել է կատարած աշխատանքների և անելիքների մասին: Ելույթի վերջում նա հրաժարականի խնդրանքով դիմել է ներկաներին: Պետիկյանն անկեղծորեն ասել է, որ ինքն անկարող է լուծել ֆեդերացիայի առջև ծառացած ֆինանսական հարցեր, որի հետևանքով տուժում է իրեն նվաճում ու ճանաչում բերած հրաձգությունը: Կոնֆերանսի պատգամավորները ծափերով են ողջունել չեմպիոնին: Անցկացվել է նոր նախագահի ընտրություն: Միաձայն ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն`գործարար Արթուր Հովհաննիսյանը: Նոր ղեկավարը ելույթում ասել է, որ լուծում կտա խնդիրներին, հուսալով որ մասնագետները կարդարացնեն սպասելիքները: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում կարևորել է նպատակային աշխատանքը, համապատասխան հանձնարարականներ տվել նորընտիր գործկոմին, մաղթելով հաջողություններ: Նույն օրը Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է նաև ՀՀ թիավարության ֆեդերացիայի գործկոմի նորընտիր կազմին / նախագահ,ԽՍՀՄ սպորտի վարպետ Հրաչյա Խուդոյան /: Մասնակիցները բազմաթիվ հարցերով դիմել են ՀԱՕԿ-ի նախագահին: Ծառուկյանը տեղում հանձնարարականներ տվել համապատասխան աշխատակիցներին:
Գ. Ծառուկյանի աշխատանքային օրը հագեցած է եղել: Նա հյուրընկալել ու ջերմորեն ողջունել է անվավոր դահուկավազքի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, աշոցքցի 19-ամյա Սերգեյ Միքայելյանին և նրա մարզիչ ծնողներին: Նախագահը բարձր է գնահատել երիտասարդ մարզիկի նվաճումը, որը նաև Արթուր և Ալլա Միքայելյանների նպատակային աշխատանքի արդյունքն է համարել: Կարևորելով ԽՍՀՄ բազմակի չեմպիոն մայրիկի հարուստ մարզական կենսագրությունը նաև ընդգծվել է, որ Ալլայի գեները փոխանցվել են որդուն, ով շարունակում է քայլել մոր հաղթական ճանապարհով: Ծառուկյանը նվերներ և դրամական պարգևներ է հանձնել չեմպիոնական ընտանիքի անդամներին: Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Միքայելյան ընտանիքի հովանավորները` հայջրմուղկոյուղի ընկերության տնօրեն, ֆրանսիացի Պատրիկ Լորենը և «Գրանդ Տորնտոն» աուդիտ ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդարյանը: Նրանց աջակցությունը բարձր գնահատելով Ծառուկյանն ընծաներ է փոխանցել հյուրերին:






Facebook
Tweet This
Email This Post
