Գարեգին Ա կաթողիկոս` բացառիկ հոգևորական և մեծ մտավորական, որին ժողովուրդը չհասցրեց ճանաչել ու ընկալել

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 8, 2011 15:28

Կիլիկիայի կաթողիկոսության Արևելյան Ամերիկայի թեմի առաջնորդարանի դիվանապետ Վազգեն Ղուկասյանը եղել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի սանը, ապա շուրջ 18 տարի աշխատել նրա հետ նախ Նոր Ջուղայում, որտեղ 3 տարի զբաղեցրել է Ս. Ամենափրկիչ վանքի գրադարանապետի պաշտոնը, ապա 1977 թ., երբ Գարեգին Առաջինն ընտրվել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս, նրա կողմից հրավիրվել է Անթիլիաս` ծառայելու որպես կաթողիկոսարանի դիվանապետ:

1974 թ. Վազգեն Ղուկասյանը Նյու Յորքի Աստվածաբանական կենտրոնում ընդհանուր եկեղեցու պատմություն է սովորել, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանի հայագիտական ամբիոնում` միաժամանակ դասախոսելով հայոց պատմություն և հայ մատենագրություն Անթիլիասի Բիթվայայի դպրվանքում և մատենագրություն Բեյրութի Համազգային մշակութային միության հայագիտական հիմնարկում:

1989 թ. Վազգեն Ղուկասյանը կրկին մեկնել է ԱՄՆ` պատրաստելու դոկտորական թեզը` «Նոր Ջուղայի թեմը XVII դարում» թեմայով: Նրա մենագրությունը այդ թեմայի վերաբերյալ բավականին լուրջ աշխատություն է. հարյուրավոր արխիվային նյութեր, եվրոպական ճանապարհորդների վկայություններ, մինչ այդ երբևէ չուսումնասիրված փաստեր:

Վերջին տարիներին Վազգեն Ղուկասյանը զբաղվում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի երկերի  լիակատար ժողովածուի հրատարակման աշխատանքներով:

Մեզ հետ զրույցում նա որոշ մանրամասներ պատմեց այդ աշխատանքի, ինչպես նաև վեհափառի կյանքի և գործունեության մասին ` վստահաբար հայտնելով, որ Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու նորագույն շրջանի ամենափայլուն հոգևոր առաջնորդներից էր: «Նա ժողովրդի մարդ էր, ամեն մարդ կարող էր նրան հասնել, իսկ Հայաստանի ժողովուրդը դրան սովոր չէր, քանի որ ժողովրդի համար կաթողիկոսը մի անհասանելի երևույթ էր,- ասում է Ղուկասյանը,- քչերը նրան ճանաչեցին և արժանի գնահատական կարողացան տալ, բայց նա մեծ մարդ էր, բացառիկ հոգևորական, մեծ մտավորական, որն ուներ հսկայական գիտական պաշար»:

Երջանկահիշատակ Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսը վախճանվեց 1999 թ. հունիսին: Նրա մահվանից հետո մտերիմների ցանկությամբ ու ամերիկահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսական աջակցությամբ սկիզբ առավ «Գարեգին Ա» աստվածաբանական և հայագիտական մատենաշարի ստեղծումը: Վազգեն Ղուկասյանը հանձն առավ մատենաշարի խմբագրության և հրատարակման գործը: Մինչ օրս նրա խմբագրմամբ լույս է տեսել մատենաշարի 11 հատոր, նախատեսված են ևս 6-7-ը:

Վազգեն Ղուկասյանն ըստ հերթականության ներկայացնում է Գարեգին Առաջինի` այդ հատորներում ամփոփված գործերը. «Օրինակ սա` «Հայ եկեղեցու աստվածաբանությունը` ըստ հայ շարականների»: Գարեգին Առաջինը սա գրել է դեռևս երիտասարդ աբեղա եղած տարիներին` հազիվ 25 տարեկանում,- ասում է Ղուկասյանը,- այս գործը եզակի է, և նա չէր հրատարակել` մտածելով, թե դեռ պետք է վերամշակի»:

Հաջորդ հատորում («Հայ եկեղեցական մշակութային դեմքեր և նյութեր») կարդում ենք. «Սրանք զանազան թերթերի մեջ լույս տեսած նրա հոդվածներն են, որոնք երբեք մեկ հատորի մեջ ներառված չեն եղել: Ընդհանուր առմամբ 60-ական թվականների գործեր են. օրինակ` «Սուրբ Մեսրոպն` ինքն իր մեջ», «Ոսկեդարյան մշակույթի էական հատկանիշները», «Հայ մշակույթի դերը հայագիտության մեջ», «Հայագիտության հարցը Սփյուռքի մեջ»,- հերթով ներկայացնում է Ղուկասյանը:

Հաջորդը «Աստվածաբանություն» խորագրով նոթերն են, որոնք կաթողիկոսը պատրաստել է դեռևս Անթիլիասի դպրեվանքում դասախոսելու տարիներին` հատուկ աշակերտների համար. «Այս հատորն այժմ ծառայում է որպես դասագիրք Էջմիածնի հոգևոր ճեմարանում և Անթիլիասում»,-ասում է Ղուկասյանը:

Գարեգին Ա-ն եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր: Հերթական հատորում ամփոփված են կաթողիկոսի` միջազգային միջեկեղեցական կառույցների պաշտոնական պարբերականներում հրապարակված հոդվածները. «Քանի որ Գարեգին Առաջինը միջեկեղեցական մեծ դեմք էր, եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխատենապետ, զանազան ժողովների նախագահ, հաճախ էր օտար պարբերականներում հոդվածներ հրապարակում հայ եկեղեցու աստվածաբանության մասին»,-բացատրում է Ղուկասյանը:

«Հատընտիր կոնդակներ և հայրապետական պատգամներ». սրանք կաթողիկոսի պաշտոնական հայտարարություններն են, հանրային խոսքը, կոչերը` համազգային նշանակություն ունեցող տարբեր առիթներով գրված:

Մատենաշարում ուշագրավ է «Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ» հատորը: Ջովաննի Գուայտան իտալացի թղթակից է, մի օր Վիեննայում տեղի ունեցած միջեկեղեցական համագումարի ժամանակ նա այնքան է հիացել Գարեգին Առաջինի ելույթով, որ առաջարկել է առանձին զրույց ունենալ նրա հետ: Այդ զրույցը տեղափոխվել է Էջմիածին և շաբաթներ տևել: «Գուայտան ցանկանում էր հասկանալ և ներկայացնել Գարեգին Առաջինին` իբրև անձի, հոգևորականի, աստվածաբանի, հոգևոր առաջնորդի, մտավորականի: Կարդալով այդ հարցազրույցների շարքը` կարող եք լիարժեք պատկերացում կազմել վեհափառի մասին, քանի որ կյանքի, կրոնի վերաբերյալ նրա փիլիսոփայական ողջ աշխարհայացքն այստեղ ներկայացված է»,- ասում է Ղուկասյանը:

Հատորներից մեկում էլ ամփոփված է Օքսֆորդի համալսարանն ավարտելիս Գարեգին Ա-ի ներկայացրած ավարտաճառը`  «Քաղկեդոնի ժողովը և հայ եկեղեցին», ինչը նույնպես շատ արժեքավոր աշխատություն է:

Մինչ նրա վախճանը հրատարակված գրքերը ևս ներառված են այս մատենաշարում` «Հող, մարդ և գիր», «Հայ մարդը հայ գրքի դիմաց», «Խոր Վիրապ` խորհուրդ խորին» և այլն: Այս պահին տպարանում է մատենաշարի 11-րդ հատորը, որն ամփոփում է կաթողիկոսի երկու գործ` «Խորհիր և մտիր», որում գրում է, թե ինչպես է դպրեվանք գնացել, դարձել եկեղեցական, կամ ինչ է դպրեվանքը, ինչի է ծառայում այն և այլն, և «Ճանաչիր քեզ», որում Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում գրված քաջալերող կոչեր են` ուղղված ժողովրդին: Ընթացքի մեջ են նաև 2-3 այլ հատորներ:

Վազգեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ եզրափակիչ հատորն ամփոփելու է «Հաղորդակցություն Աստծո հետ» աշխատությունը, որի վրա վեհափառն աշխատում էր իր կյանքի վերջին ամիսներին, ծայրահեղ ծանր վիճակում, անկողնում:  «Կոկորդի քաղցկեղ ուներ, լեզուն ամբողջովին հեռացրել էին, չէր խոսում և միայն գրավոր էր հաղորդակցվում,- հիշում է Ղուկասյանը,- 1999 թ. հունվարի 1-ից, հաշվի չառնելով իր վիճակը, ցավերը, նա սկսեց ամեն օր գրառումներ կատարել. հայ եկեղեցու տոնացույցի համաձայն` եկեղեցական ամեն տոնական օրվան համապատասխան նա իր խորհրդածությունն էր արձանագրում: Արդեն հասցրել էր ավելի քան 50 տպագիր էջ գրել, երբ փետրվարի կեսին նրան երկրորդ վիրահատության ենթարկեցին»:

Ղուկասյանը չի մոռանում այն օրը, երբ նրան վիրահատության էին տանում. «Ինձ կանչեց,  հանձնեց այդ ձեռագրերը` ասելով, թե եթե իրեն ինչ-որ բան պատահի, ապա ես պետք է հանձն առնեմ դրանք հրատարակելու գործը,- հիշում է նա,- հաջորդ օրը` վիրահատությունից հետո, քույրն ինձ զանգահարեց և ասաց, որ Գարեգինը հետ է ուզում տետրակը: Տարա: Նստեց և այդ ամբողջ բժշկական սարքերը վրան` շարունակեց գրել»:

Գարեգին Առաջինն իր գրառումներն ի վիճակի է լինում կատարել մինչև մարտ ամիսը, հունիսին նա վախճանվում է: Նրա մահվանից անմիջապես հետո Վազգեն Ղուկասյանը փորձում է գտնել գրառումների տետրը, որպեսզի կատարի վեհափառի վերջին ցանկությունը, սակայն բավականին երկար ժամանակ չի կարողանում գտնել. գրառումների տետրն անհետացել էր: Միայն մեկ տարի առաջ` երկար փնտրտուքներից հետո, այն գտնվում է Էջմիածնում: «Նա մի կարևոր խոսք ուներ` «Ես մարդակերտումին հավատում եմ»,- հիշում է Ղուկասյանը,- և իսկապես, նա սերունդներ կերտեց: Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքից նրա ձեռքի տակով դուրս եկան մարդիկ, որոնք այսօր կարևոր դեմքեր են դարձել: Չնայած Հայաստանում ժողովուրդը նրան միանշանակ չկարողացավ ընկալել, չհասցրեց ամբողջովին ճանաչել, սակայն համոզված եմ, որ պատմությունը նրան համարժեք գնահատական դեռ կտա»:

 

 

Դիտվել է 2407 անգամ:
Print Friendly

Leave a Reply