Դպրոցում աղանդավորական սկզբունքներո՞վ են գործում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 12, 2011 12:12

Ամռան ամիսներին բանասեր-լրագրող, 39-ամյա Գայանե Ալավերդյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքէջից տեղեկացել է, որ հաստատությանը հարկավոր են մեդիալրագրություն դասավանդող մասնագետներ:  Մասնակցել է մրցույթին և բոլոր առաջադրանքերը հաջողությամբ կատարել:

«Հետաքրքիրն այն է, որ պահանջվեց իրենց կրթարանի համար գովազդ մշակել, ուսումնասիրել հասարակական կարծիքը և երևանցիներին տեղեկացնել կրթօջախի գործունեության մասին: Կարծում էի, որ  միայն լրագրողների համար է պահանջը, սակայն պարզվեց` անկախ մասնագիտությունից, դա աշխատանքային մրցույթի պարտադիր պայման է»:

Երբ Գայանեն հաջողությամբ կատարում է բոլոր առաջադրանքները,  հրավիրվում է կրթահամալիր` աշխատանքային պայմանները քննարկելու և պայմանագիր կնքելու: Այստեղ, սակայն, Գայանեին տեղեկացնում են, որ իր հետ պայմանագիր կկնքվի միայն այն դեպքում, երբ իր երկու երեխաները կամ իր միջնորդությամբ այլ երկու երեխա դպրոց ընդունվեն:

«Տպավորություն էր, որ աղանդավորական ժողով է` «դուրս մեղավորին» ոգով,- ասում է Գայանեն:-  Ձեռքս են տալիս երկու բլանկ ու պահանջում` կա՛մ երեխաներին իրենց դպրոց տանել, կա՛մ ցտեսություն»:

Գայանեն պատմում է, որ պատրաստ է եղել կրտսեր երեխային կրթահամալիր տանել. դեռ երրորդ դասարանում է սովորում,  միջավայրին լավ ինտեգրված չէ, և տեղափոխությունը խնդիրներ չէր առաջացնի: Ավագ երեխան, սակայն,  հրաժարվել է նոր դպրոց տեղափոխվելու մտքից. հարմարվել է իր շրջապատին, ուսուցիչներին, ընկերներին:

«Այնքան սիրով եմ այնտեղ գնացել, բայց այնքան հիասթափված եմ հեռացել: Հիմա պատկերացնում եմ, թե ինչքան մարդ է իմ օրին, որ չգիտի, թե ներսում իրականում ինչ է կատարվում»,- ասում է Գայանեն` հավելելով, թե ստացվում է, որ կրթահամալիրում աշխատանքի ընդունվող յուրաքանչյուր անձ նաև ապահովում է իր վարձատրությունը` երեխաներին այդ դպրոց ուղարկելով:

Կրթահամալիրում աշխատանքի դիմած բանասեր Անահիտ Մուշեղյանն էլ մրցույթի վերջին չի հասել. ասել են, որ ռուսերենից հայերեն թարգմանությունը լավ չի կատարել: «Թե հայոց լեզվի մասնագետի ինչին է պետք թարգմանություն, չգիտեմ»,- ասում է Մուշեղյանը` հավելելով, որ վերջին փուլ հասածներից լսել է, որ պահանջել են երեխաներին կրթահամալիր տեղափոխել: «Աշխատանքի ընդունման հայտարարությունում հստակ նշված էր, որ նախընտրական փուլում կատարված աշխատանքի արդյունքը պետք է լինի նոր սովորողների ընդունվելը կրթահամալիր»:

Երբ փորձեցինք այս տարի աշխատանքի ընդունվածներից ճշտել, թե արդյոք ընդունվելիս իրենց կամ այլոց երեխաներին տեղավորել են դպրոցում, մի քանիսը հրաժարվեցին պատասխանել` պատճառաբանելով, թե նոր աշխատողներ են և ոչինչ չգիտեն: Սիրանույշ Թումանյանն էլ նշեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել, ինքը նաև գործի ընդունվելու համար պահանջվող առաջադրանքները չի կատարել, քանի որ քաղաքում չի եղել այդ ժամանակ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, բացատրելով  աշխատանքի ընդունվելու համար պարտադիր պայմանները, ասում է. «Քանի որ մենք այլընտրանքային մանկավարժություն ենք իրականացնում, մեր մանկավարժները պետք է լինեն այդ գաղափարի կրողը: Եթե մի բան կրում ես, ուրեմն պետք է պատրաստ լինես նաև  տարածել դա»:

Հարցին, թե կան արդյոք աշխատողներ, որոնց երեխաները կրթահամալիրում չեն սովորում, Բլեյանը հարցնում է` ոնց ե՞ք դա պատկերացնում, ապա բացատրում.  եթե ծնողը կրթահամալիրն ընտրել է որպես աշխատավայր և այդ գաղափարների կրող է, ուրեմն նրա երեխաներն էլ պետք է սովորեն այդ  դպրոցում, քանի որ ծնողն իր երեխայի համար լավագույնն է ցանկանում: Այլապես հասարակության մեջ հարց կառաջանա, թե ինչպիսին է կրթահամալիրը և ինչ գաղափարներ է տարածում, եթե դասավանդող ուսուցիչը խուսափում է դա իր երեխաներին հաղորդելուց:

Բլեյանը նշում է, որ կրթահամալիրում ամեն ինչ թափանցիկ են անում և ընդունում են միայն մասնագետների, որոնք իսկապես իրենց գաղափարների կրող են, ոչ թե հանուն աշխատանքի կեղծիքների են դիմում: «Մենք աշակերտների քանակի խնդիր ընդհանրապես չենք դնում, 2000-ի չափ սովորողներ ունենք, այս տարի էլ ընդունելությունը մեծ է եղել»,- ասում է Բլեյանը:

Հարցին, թե ապա ինչպես է պատահել, որ մասնագետին աշխատանքի չեն ընդունել երեխաներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր  չտանելու պատճառով, Բլեյանը ասում  է, որ նման դեպքի մասին տեղյակ չէ. ենթադրաբար մասնագետը որակական պահանջներին չի համապատասխանել:

Պարտադրանքների մասին խոսելով` Բլեյանն ասում է, որ իրենց մոտ միայն մեկ պարտադրանք կա. «Եթե ընտանիքում  երեխաներից մեկը ներառական կրթության կարիք ունի, ապա ծնողը մյուս երեխաներին ևս մեր դպրոց պետք է բերի, այլապես թող երկուսին էլ այլ դպրոց տանի»: Այս պարտադրանքը Բլեյանը բացատրում է  հասարակական կարծիքով. եթե միայն ներառական կրթություն ունեցող երեխան կրթահամալիրում սովորի, կմտածեն, որ հատուկ դպրոց է:

 

 

Դիտվել է 2133 անգամ:
Print Friendly

Leave a Reply