Աղանդավորները կոդավորում են մարդկանց հոգեկանը` հասցնելով նրանց կիսահիպնոտիկ վիճակի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | September 13, 2011 14:01

«Անկախի» հարցազրույցը ԵՊՀ դասախոս, հոգեբան, աստվածաբան Դրո Ծատուրյանի հետ:

Պարոն Ծատուրյան, որո՞նք են ավանդական եկեղեցիների և աղանդների տարբերությունները:

– Խնդիրն այն է, որ Քրիստոսի 12 առաքյալները, ընդհանուր նմանություններով հանդերձ, որոշ տարբերություններով ընկալեցին Քրիստոսին, բայց գոյություն ունի մի գիծ, որ անցնում է Աստվածաշնչի սկզբից մինչև վերջ, և բոլոր առաքյալները ընդունում են դա: Հետևաբար, բոլոր ավանդական քրիտոնեական եկեղեցիները` կաթոլիկներ, հայ առաքելական, ռուս ուղղափառ, բողոքական, ընդունում են այդ գիծը: Խոսքն այնպիսի հիմնարար հարցերի մասին է, ինչպիսիք են մարդկության մեղանչումը, դրախտից արտաքսումը, մարդկության փրկության ծրագիրը, փրկության ծրագրի մասնակի իրականացումը հրեաների միջոցով, փրկության ծրագրի ամբողջական իրականացումը Քրիստոսի միջոցով, որպես գառն Աստծո, և կարելի է ասել, որ ամբողջ Նոր կտակարանը ամփոփվում է մի նախադասության մեջ. «Աստված այնքան սիրեց մարդկությանը, որ իր որդուն նվիրաբերեց, որպեսզի ով որ հավատա նրան, փրկվի»: Իսկ աղանդներում այս գիծն աղավաղված է: Օրինակ` որոշ ոչ ավանդական բողոքական եկեղեցիներ հավատքը գերադասում են գործից, չնայած, ասենք` Հակոբոս Առաքյալի թղթի մեջ կա. «Ոչինչ է հավատք առանց գործի»: Եթե գոյություն չունի այդ հավատը արտաբերելու ձևը, ի՞նչ իմաստ ունի այդ հավատը, միայն հավատալով չես փրկի: Հայոց պատմության ընթացքում եղել են աղանդներ, որոնք քարոզել են` մեղք գործիր, թողություն խնդրիր, ու կներվի քեզ,  կամ փնովել են մարմինը` ասելով, թե մարմինը սատանայի տաճարն է, ավելի լավ է` մարմինը մահանա, որ հոգին ազատվի: Այս նույն երևույթները մենք տեսնում ենք այսօր Եհովայի վկաների մեջ, որոնք խրախուսում են ինքնասպանությունը` ասելով, թե մարմինը հաճույքների աղբյուր է, և մոռանում են Աստվածաշնչի այն կարևոր բաժինը, որտեղ ասվում է, որ Ձեր մարմինը սուրբ հոգու տաճարն է, և իրավունք չունեք սուրբ հոգու տաճարը պղծել, դուք պարտավոր եք Ձեր մարմինը սուրբ պահել: Առհասարակ,աղանդավորների տարըմբռնումները վերաբերում են մեղքին, նրա ծավալմանը, Քրիստոսի էությանն ու բովանդակությանը, մարդու հնարավորություններին, նրա կատարած գործողությունների արդարացմանը կամ չարդարացմանը:

Ինչո՞վ է պայմանավորված աղանդների ակտիվ տարածումը Հայաստանում:

– Մարդու ուղեղի մեջ գոյություն ունի ինֆորմացիա` մի մասը բացարձակ ճշմարտություն, մի մասը` մոտավոր ճշմարտություն, մի մասը կյանքի փորձ և մի մեծ մասը` չիմացություն: Չիմացությունը կազմում է մեր մտավոր դաշտի ամենամեծ զանգվածը: Աղանդավորները հիմնվում են չիմացության դաշտի վրա` տալով նոր ինֆորմացիա: Դա շատ լուրջ մտածված քայլ է: Լցնում են այդ դատարկ դաշտը: Այսինքն` վերցնում են առօրյա խնդիրներ, տալիս են ինչ-որ հարցերի հեղեղ մարդուն ու նկարագրելով մեր խնդիրները` մարդուն համոզում, որ ԱՆՀՆԱՐԻՆ է` մարդ կարողանա ինքնուրույն դուրս գալ այս իրավիճակից: Ու սկսում են նոր ինֆորմացիա տալ մարդուն հուզող հարցերի շուրջ իրենց մեկնաբանություններով, որ մինչ այդ նա չի լսել: Այստեղ գործում է նորի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին ինֆորմացիայի ուժգնությունը, ու մարդ սկսում է վերադասավորել իր մոտեցումները:

Իսկ ին՞չ մեխանիզմներ են օգտագործում մարդկանց գրավելու համար:

– Հիմնականում օգտագործում են հոգեվերուծության մեթոդներ, երբ մարդը գտնվում է ոչ ամբողջական գիտակցական և ոչ էլ ամբողջական հիպնոտիկ վիճակում: Այսինքն` էքստազային, միջին կիսահիպնոտիկ վիճակի են բերում մարդուն` աշխատելով նրա ենթագիտակցական, հուզական դաշտի հետ: Ինչ-որ արարողակարգերով, երաժշտությամբ մաքրակրթում են, վերստին կոդավորում  մարդու հոգեկան կառուցվածքը: Ու այդ նոր կոդավորումները փոխելու համար շատ մեծ ջանք է պետք գործադրել, քանի որ կիսահիպնոտիկ վիճակում ստացած ինֆորմացիան անջնջելի է, այն կյանքի բոլոր պայմաններում դրսևորվելու  զորություն ունի:

Ո՞րն է նպատակը:

– Սրանք քաղաքական ենթատեքստ ունեցող այլընտրանքային մոտեցումներ են Աստվածաշնչին: Հետաքրքիրն այն է, որ բոլոր աղանդների հայրենիքը Ամերիկան է: Մենք ծանոթ չենք  նրանց նպատակների դաշտին, բայց հասկանում ենք, որ եթե աշխատում ես մարդու հոգեկանի վրա` տալով նրան որոշ ինֆորմացիա, նպատակ ունենալով դրանից հետագայում արդյունք քաղել ու մարդուն մղում ես մոլեռանդության, ապա նպատակները չեն կարող բարի լինել: Ընդ որում, ցանկացած երևույթ բացատրելիս նրանք վերջում կնիքը դնում են,  թե աստված այսպես ասաց: Հանկարծ չքննես, չկասկածես: Մարդուն մի այնպիսի իրավիճակի մեջ են դնում, որ նա չի կարող ապացուցել, բայց և չի կարող կասկածել, ո՞նց աստծուն կասկածես: Կառավարում են մարդու կյանքը, տալիս ինչ-որ ծրագիր, որ նա անընդհատ պետք է կատարի. ո՞վ է որոշել՝ աստված: Բայց չէ՞ որ աստված քեզ կամք է տվել ապրելու ու ստեղծագործելու համար: Քեզ կտրում են քո կյանքից ու նպատակներից, քո անհատական եսից: Քեզ մեկուսացնում են հասարակությունից, դարձնում ճորտ: Ասում են` դու մի մտածիր, մենք քո փոխարեն կմտածենք, դու ուղղակի հաճախիր մեր հավաքներին, արա` ինչ ասում ենք, ու կփրկվես: Լավ օգտագործում են նաև այն փաստը, որ ցանկացած մարդ ենթագիտակցորեն ծրագրված աշխատելու հակում ունի, սիրում է կանխատեսելիություն, երբ գիտի, թե որ քայլին որն է հաջորդում:

Այսինքն` իրականում աղանդների համար կարևորը ոչ թե դավանաբանական դաշտն է, այլ շատ մարդկանց ներգրավե՞լը:

– Այո, լկտիությունը հասնում է նրան, որ ամբողջությամբ փոխում ու վերաշարադրում են Աստվածաշունչը կամ իբրև թե Աստվածաշունչը մեկնաբանող ուրիշ գիրք են հրամցնում: Մարդկանց լոբի, ոսպ բաժանելով, ամսական գումարներ տալով` հավատացյալ են դարձնում: Եհովայի վկաների մոտ գոյություն ունի մարկետինգային մոդել. մեկը իր հովանավորության տակ ունի 4 հոգի ու դրանից եկամուտ է ստանում, իսկ եթե այդ 4-ից մեկն է մարդ բերում, դրանից էլ` տոսկոսներ, ինչպես որ մարկետինգի շուկայում,  ուստի ամեն ինչ անում է ավելի շատ հավատացյալ ներգրավելու համար, որ ավելի շատ եկամուտ ստանա: Բիզնես ծրագիր է:

Իսկ հնարավո՞ր է աղանդավոր դարձած մարդուն հանել այդ ճանապարհից:

– Ցանկացած մարդ ձգտում է պահպանել իր ձեռք բերածը, որին հասել է տարիների ընթացքում: Ձեռք է բերել հոգևոր, ֆիզիկական, ինչպես նաև նյութական զիջումների արդյունքում, քանի որ, ինչպես գիտենք, մի շարք աղանդներ տասանորդ են հավաքում (օրինակ` «Կյանքի խոսքը» – Ա.Խ.), որոնք տրվում են մեղքերից  փրկության համար: Այսինքն` գալիս է մի պահ, երբ  մարդն ամբողջությամբ`  հոգեպես ու նյութապես ինտեգրվում է աղանդին: Երբ նրան ասում ես, որ սխալ է, նշանակում է զուր կորցրել է այդ ամբողջ ռեսուրսը, ինչը մարդ չի կարող ընդունել: Բայց հնարավոր է նրան ցույց տալ ճիշտ ճանապարհը:

Ինչպե՞ս: Լցնելով չիմացության դա՞շտը:

– Այո, մենք ունենք մեր ազգային գենետիկական կոդերին համադրվածը, մեր շարականների համակարգը, բայց պատշաճորեն չենք օգտվում նրանից, ինչ դարեր շարունակ պահել է մեզ: Չիմացության դաշտի հետ աշխատելու հարցում հենց եկեղեցու դերը պիտի մեծ լինի: Եկեղեցին չպիտի սպասի, որ կիրակիից կիրակի հավատացյալը գնա եկեղեցի, մասնակցի պատարագին,  լսի քարոզը, մանավանդ մեր պայմաններում, երբ նյութական խնդիրներից ելնելով` կիրակի օրերն էլ է աշխատում: Մենք ունենք մի շատ գեղեցիկ ավանդույթ` ծխական համայնք: Այդ համակարգով եկեղեցին այսօր  էլ աշխատում է Սփյուռքում` Լիբանանում, Իրանում և այլն: Ամեն ծուխ ունի իր քահանան, որը ծանոթ է իր ծխի անդամներին, նրանց խնդիրներին: Ժողովուրդն էլ  քահանային է ճանաչում, գիտի` եթե հարց ունեցավ, ում պիտի դիմի, ու կարիք չունի սպասելու, որ հայտնվի ինչ-որ մեկը Կյանքի խոսքից, Եհովայի վկաներից ու իրենց խնդիրները լուծի: Հենց այդ պատճառով էլ աղանդները Սփյուռքում շատ դժվար են տարածվում: Ծխական համակարգով  նավազագույնի է հասցվում այդ ռիսկը:  Քրիստոս չէր ասում` ես Ձիթենյաց լեռան վրա եմ, եկեք ինձ մոտ, ինքն էր մտնում ժողովրդի մեջ ու քարոզում նրանց, նրանց խնդիրներին պատասխաններ էր տալիս ու դրանով նա կարողացավ գրավել ժողովրդին, իսկ րաբիներն անում էին նույն բանը, ինչ այօր մեր քահանաները. մնում էին տաճարում, սպասում էին, որ ժողովուրդը գնա տաճար: Ստացվում է, որ աղանդավորները, օգտվելով հենց Քրիստոսի մեթոդներից` գրավում են նրանց: Եվ ժողովուրդը, որ հոգատար մարդկանց կարիք ունի, գնում է  այնտեղ, որտեղ ստանում է պատասխան:

Պարոն Ծատուրյան, ի՞նչ կարծիք ունեք խղճի ու կրոնի ազատությանը վերաբերող վերջին օրենսդրական նախագծի մասին:

– Երբ լսեցի, որ կրոնական կառույց ստեղծելու համար պահանջվում է ընդամենը 25 անդամ ունենալ, զարմացա: Հենց այդ նվազեցումը կասկածի տեղիք է տալիս, քանի որ ավելի շատ կազմակերպությունների աշխատելու հնարավորություն ես տալիս, մանևրելու տարբերակը շատ է: Հոգեորսության սահմանումն էլ իրավիճակը չի փոխում, քանի որ այն դժվար ապացուցելի է:  Նրանց վերահսկելու լավ տարբերակ կլինի, եթե կառավարությունը ինչ-որ մեկին ներդնի աղանդի մեջ և սկսի հետազոտել` մինչև աղանդի մեջ մտնելը ինչ հոգեկան հատկանիշներ ուներ, աղանդի մեջ մտնելուց, ասենք, մի տարի հետո ինչ հոգեկան հատկանիշներ ունի և տվյալները համեմատելով` պարզի աղանդի վտանգավորությունը: Մենք չենք կարող միանգամից ապացուցել դա: Մյուս կողմից` այդտեղ կրկին ի հայտ է գալիս ոչ թափանցիկության խնդիրը: Կառավարությունը պիտի նաև պահանջի ներկայացնել այդ աղանդների դավանաբանական գաղափարախոսությունը:

Սակայն, ընդհանուր առմամբ օրենսդրությամբ հնարավոր չէ իրավիճակը փոխել: Օրենսդրությամբ նորմալ է, որ Հայ Առաքելական եկեղեցուն ու աղանդներին տրվում է գործելու հավասար դաշտ: Կա խնդիրների լուծման այլ հեշտ ու պարզ մեթոդ. անել այն, ինչ Քրիստոսն է մեզ պատվիրել` սիրել, քարոզել և աջակցել: Ու այդ ահռելի աշխատանքը առաջին հերթին մեր հոգևորականներինն է, պիտի հոգևորական դաշտը մաքրվի:

Մեր ժողովրդի հետ պարբերական աշխատանք տարվի, միայն հեռուստատեսությամբ հայտարարել, թե այս աղանդը վտանգավոր է, չես կարող նրանց արգելափակել: Աղանդավորների դեմ պայքարը հետևյալն է. տնտեսական համակարգի բարելավում մեր երկրում, հոգևոր դաշտի մաքրագրում, սոցիալական դաշտի ամրապնդում և եկեղեցու ու հասարակական-քաղաքական-պետական կառույցների համատեղ աշխատանք: Առանց սրա արդյունքի հասնել հնարավոր չէ:

Հարցազրույցը` Աստղիկ Խաչատրյանի

 

 

 

Դիտվել է 2501 անգամ:
Print Friendly

Leave a Reply