Մարզի գլխավոր գյուղատնտեսը բնակիչներին խորհուրդ է տալիս կակղամորթներին ձեռքով հավաքել

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 9, 2011 12:00

Մարտունեցիները դարձել են փափկամարմինների գերին

Առջևում բերքահավաքն է, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները, սակայն, բերքի հետ կապված մեծ ակնկալիքներ չունեն. բնական աղետներից փրկված բերքը դարձել է փափկամարմին վնասատուների բաժին:

«Ո՛չ հողի վրա, ո՛չ էլ հողի տակ բան չի մնացել, ամեն ինչ կերել են. կաղամբ, գազար, բազուկ, կարտոֆիլ, կանաչեղեն: Օրվա ընթացքում ծլած կանաչին գիշերն ուտում են»,- ասում է մարտունեցի Էլմիրա Խաչատրյանը: Նա պատմում է, որ վաղ առավոտյան ողջ բակը, հողամասը ծածկված է փափկամարմիններով, «ոտք դնելու տեղ անգամ չկա, էնքան շատ են», արևի բարձրանալուն պես դրանք հեռանում են` ամենուրեք թողնելով փայլփլուն լորձով հետքեր:  «Դրանց դեմ պայքարի ձև չգիտենք, մասնագետ էլ չկա, որ հարցնենք: Կաղամբի վրա աղ ցանեցի, դրանք հեռացան, բայց կաղամբի տերևներն էլ հետը չորացան: Երբեմն մի տեղում շատ կուտակված կողինջների վրա էլ աղ եմ ցանում, բայց ինչքան պիտի աղ լցնեմ, հողը փչացնեմ, դա լուծում չէ,- ասում է տիկին Էլմիրան` նշելով, որ հողը լեցուն է վնասատուների ձվերով,- բահը խփում ես` հողից շատ ձվեր են երևում:

Նման խնդրի առջև են կանգնել բոլոր մարտունեցիները:

Մարտունու բնակիչ Մելքոն Հովհաննիսյանը պատմում է, որ ամռան ընթացքում շուկայում թունաքիմիկատ վաճառողներից խխունջների դեմ նյութեր է գնել. հույս ուներ, որ դա կօգնի փրկել բերքը: Քիմիկատը 800 մետր տարածքում  կիրառելուց մի քանի օր հետո Հովհաննիսյանը, հողամաս այցելելով, գտնում է միայն կաղամբի ցողուններ ու «գիրացած» վնասատուներ. «Կաղամբի ցողունները լրիվ խխունջներով էին պատված, երևի ամեն մեկի վրա միլիոն հատ կար»:

Մարտունու քաղաքապետարանի քաղաքաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ Սամվել Բաղդասարյանը չի հերքում, որ փափկամարմին վնասատուների խնդիրը լուրջ է. «Խխունջները և խխունջանմանները, այո, մեծ վնաս են տալիս, սակայն այսօր դրա վերացման տարբերակներ չեմ տեսնում: Վերջիվերջո, որպես տարածքի բնակիչ, ունենք սեփական հողատարածքներ, և մեր հողամասերում էլ ուղղակի անհախ-անհաշիվ խխունջները բազմանում են,  կրծում են և՛ կաղամբը, և՛ կարտոֆիլը, և՛ ելակը: Բարձրացնում ես թուփը, տակը արդեն լիքը խխունջ է»:

Բաղդասարյանը նշում է, որ քաղաքապետարանում գյուղատնտես չունեն, ուստի չեն կարող բնակիչներին խորհուրդներ տալ վնասատուների  դեմ պայքարի գործում, ոչ էլ կարող են դրանց վերացնելու ուղիներ փնտրել: Խնդրի մասին էլ տեղյակ չեն պահել ո՛չ մարզպետարանին, ո՛չ գյուղնախարարությանը:

«Բայց կարելի է աշխատակից ուղարկել մարզպետարանի մասնագետի հետ խորհրդակցելու համար»,- ասում է Բաղդասարյանը «Անկախի» թղթակցի հետ զրույցի ընթացքում` հավելելով, որ նախկինում չէր մտածել այդ մասին:

Չնայած Բաղդասարյանը նշում է, որ գյուղատնտես չունեն, սակայն Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) Մարտունու տարածաշրջանում գյուղատնտեսության գծով երեք խորհրդատու ունի, որոնք ըստ ԳԱՄԿ-ի կայքում առկա տվյալների` «համայնքների սպասարկումը կատարում են ժամանակին և որակով»:

Գեղարքունիքի ԳԱՄԿ-ի տնօրեն Վրեժ Մելքոնյանը նշում է, որ իրենք տեղյակ են փափկամարմինների խնդրին, իսկ խորհրդատվություն չեն իրականացնում, քանի որ վնասատուների դեմ պայքարի միջոց չկա. «Փափկամարմինների դեմ պայքարի քիմիական միջոցներ չկան, միակ լուծումը մեխանիկական է` ձեռքով հավաքել: Վնասատուները խուսափում են նաև աթարի մոխրից»:

Մելքոնյանն ասում է, որ փափկամարմին վնասատուները միայն  Մարտունիում չեն վնասում բերքը, ողջ մարզում, նաև հանրապետությունում փափկամարմինների խնդիր կա: «Ինտերնետից փնտրել ենք ու գտել մի դեղամիջոց, որով հնարավոր է պայքարել փափկամարմինների դեմ, առաջիկայում պիտի գիտահետազոտական ինստիտուտների հետ խորհրդակցենք և գուցե հաջորդ տարի կարողանանք պայքար իրականացնել դրանց դեմ»,- ասում է Մելքոնյանը:

Ագրարարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, նշում է, որ ամեն ինչի դեմ էլ պայքարի միջոցներ կան, պարզապես «ժամանակին խնդրին լուծում չի տրվել,  և այն տեղական մակարդակով համաճարակ է դարձել»:

Բերբերյանը բնակիչներին խորհուրդ է տալիս մասնագիտացված խանութներ դիմել, որտեղ կարող են թե՛ խորհրդատվություն ստանալ, թե՛ թունաքիմիկատներ ձեռք բերել վնասատուների դեմ պայքարելու համար: Այլ հարց է, որ դրա համար մարտունեցիները պետք է Երևան հասնեն, որովհետև Մարտունիում նման «շքեղության»  հնարավորություն չունեն:

Փորձեցինք այլ գյուղատնտեսներից ևս հետաքրքրվել, թե արդյոք փափկամարմին վնասատուների  դեմ պայքարի միջոց կա՞: Ի պատասխան բոլոր հարցված մասնագետներն էլ նշեցին, որ պայքարի միջոց կա, պարզապես պետք է որոշել, թե փափկամարմինների որ տեսակն է:

Համացանցում ևս փնտրեցինք վնասատուների դեմ պայքարի եղանակներ. պարզվեց` դրանց դեմ կարելի է պայքարել թե՛ քիմիական միջոցներով, թե՛ տնային պայմաններում. օրինակ` 150 գ չոր մանանեխը բացել 10 լիտր ջրում և երեկոյան ժամերին դրանով մշակել բույսերը:

 

 

 

Դիտվել է 1666 անգամ:
Print Friendly

Leave a Reply