«Երբ գալիս է սեպտեմբերը». խորովածի համահայկական 3-րդ փառատոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | September 12, 2011 7:00

Տարվա սկզբից մինչ օրս Հայաստանում տեղի է ունեցել ազգային կերակրատեսակներին նվիրված երեք խոշոր միջոցառում` Տյառնընդառաջի տոնը, Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-համտեսը, Տոլմայի փառատոնը:

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կանցկացվի արդեն ավանդական դարձած խորովածի համահայկական 3-րդ փառատոնը` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով:

Այս անվանումը պատահական չի ընտրված. փառատոնի ընթացքում խորոված կանի նաև համանուն ֆիլմի հերոսին մարմնավորող Արմեն Ջիգարխանյանը: Նույն օրը Ախթալայում կբացվի դերասանի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս:

Ինչպես վերոնշյալ միջոցառումները, այնպես էլ Խորովածի փառատոնը իրականացնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հայ ավանդական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումը, հայոց ավանդական խոհանոցի տարածումը, հայկական խոհանոցի ամրագրումը` որպես մշակութային արժեք, ինպես նաև հայկական և հարևան ազգերի խոհանոցների փոխներգործության և կապերի բացահայտումը:

«Խորովածի փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և արդեն մի քանի տուրօպերատորներ իրենց ծրագրերում ներառել են այդ օրը: Այսուհետ այն կլինի  ամեն սեպտեմբերի երրորդ կիրակի օրը»,-ասում է կազմակերպության նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնին կմասնակցի քսանից ավելի ռեստորան, ինչպես նաև` անհատ քաղաքացիներ: Կազմակերպիչները հայտնում են, որ փառատոնին իրենց յուրօրինակ խորովածը ներկայացնել ցանկացող քաղաքացիների մուտքն ազատ է: Պարզապես պետք է նախապես դիմել իրենց` մանղալով ապահովվելու համար: Այս տարի փառատոնին կմասնակցեն նաև Արցախից ու Ջավախքից: Մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Վրաստան` Հայաստանում Վրաստանի դեսպանատան միջոցով, և դրական արձագանք է ստացվել:   Հրավեր է ուղարկվել նաև Հայաստանում չինական, իտալական, հնդկական ռեստորանների խոհարարներին:

Փառատոնին ներկայացվելու են խորովածի պատրաստման բոլոր չորս եղանակները` խորոված` կրակարանում, պտտաձողի վրա, փոսի մեջ (չոբան խորոված) և թոնրի խորոված: «Ինչքան էլ վիճեն, թե խորովածը որ ազգին է պատկանում, մի բան հաստատ է` թոնրի խորովածը հայկական ծագում ունի»,-ասում է Մամուլյանը:

Փառատոնի ամենահետաքրքիր մասը մրցույթն է: Նախատեսված է չորս անվանակարգ` «Լավագույն համուհոտ», «Լավագույն տեսք», «Լավագույն մտահղացում» և «Լավագույն ավանդական խորոված»: Լինելու են նաև հատուկ մրցանակներ, երկու անվանակարգ` կազմակերպության կողմից` լավագույն մասնագիտական մոտեցման համար, ինչպես նաև մրցանակներ Լոռվա մարզպետի և փառատոնի հովանավորների կողմից: Սակայն փառատոնին լինելու է մեկ բացարձակ հաղթող, որը ստանալու է գլխավոր մրցանակը` կավե գավաթ:

«Լինելու է մրցույթ, բայց ավելի շատ տոնական տրամադրություն պետք է ապահովենք»,-նշում է Մամուլյանը:

Հայաստանը դեռևս անցյալ տարվանից հավակնում էր դառնալ Համաշխարհային «Բարբեքյու» ասոցիացիայի անդամ. «Այն նախապայմանները, որ համաշխարհային ասոցիացիան ներկայացնում է, մենք բավարարում ենք: Մի քանի մրցույթ արել ենք, ունենք կազմակերպություն, որը զբաղվում է դրանով, միայն թղթաբանական որոշ հարցեր են մնացել»,-ասում է Մամուլյանը: Նա նշում է, որ այս տարի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանը չկարողացավ մասնակցել «Բարբեքյուի» միջազգային փառատոնին, սակայն հույս է հայտնում, որ եկող տարի խնդիրը կլուծվի. «Այս անգամ լավագույն մի թիմ կընտրենք և կփորձենք ապահովել այդ թիմի մասնակցությունը մայիսին տեղի ունենալիք բարբեքյուի միջազգային փառատոնին»,-ասում է նա:

Մամուլյանը համոզված է, որ համաշխարհային խոհարարական դաշտում մեր ազգային խոհանոցի տեղը դեռևս թափուր է, բայց այն մեզ է սպասում, քանի որ այլ խոհանոց այդ տեղը զբաղեցնել չի կարող:

Այս տարի կազմակերպիչները հոգացել են, որ Խորովածի փառատոնին մասնակցելու հնարավորություն ունենա յուրաքանչյուրը. ճանապարհածախսն ու մասնակցության ապահովումը փառատոնին կարժենա 3 հազար դրամ:

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

Խորովածի փառատոնի շրջանակներում յուրովի կնշվի նաև ՀՀ անկախության 20-ամյակը: Արդեն պատրաստ է 20-մետրանոց մանղալը, որը միջոցառման ընթացքում տրամադրվելու է Հայաստանի ազգային փոքրամասնություններին և հարևան ազգերին` փառատոնին ներկայացնելու իրենց խորովածի տարատեսակները:

Բացի այս միջոցառումներից, մինչև տարվա վերջ կազմակերպությունը նախատեսել է ևս մի քանիսը` Սուրբ խաչի տոնակատարությունը, գինետոնը, իսկ հոկտեմբերի 14-ին Սփյուռքի նախարարության հետ համատեղ` եռօրյա համահայկական խոհարարական ֆորումը, որի ընթացքում տեղի կունենա մրցույթ` «Ոսկե շերեփ» անվանակարգով, իսկ ֆորումի ընթացքում կհիմնադրվի «Համահայկական խոհարարական ընկերակցությունը»:

Տարեցտարի կազմակերպության գործունեության նկատմամբ աճում է պետական կառույցների հետաքրքրությունը: Պատահական չէ, որ այս տարի Խորովածի փառատոնի աջակիցն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Մշակույթի նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել աջակցելու հաջորդ Տոլմայի փառատոնին. «Դա վկայում է, որ Տոլմայի փառատոնը հաջողվեց,- նշում է Մամուլյանը,-այն մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Տոլմայի փառատոնին մասնակցեց նաև «Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստան ժամանած մոտ 50 օտարերկրացի: Մեզ ասացին, որ դրան հաջորդող օրերին այդ մարդիկ խոսում էին միայն փառատոնի մասին»:

Մամուլյանը հիշեցնում է, որ փառատոնից որոշ ժամանակ առաջ Ալիևը հայտարարել էր, թե հայերն իրենցից ամեն ինչ գողացան, անգամ տոլման, և ավելացրել է, որ եթե որևէ հայի հարցնես, թե ինչ է նշանակում տոլմա, չի կարող պատասխանել. «Մենք Տոլմայի փառատոնով այդ հայտարարությանը հակադարձեցինք,-ասում է Մամուլյանը:

Եթե հարևան երկրի ագրեսիան ինչ-որ չափով հասկանալի է, ապա փառատոնի կազմակերպիչները չեն հասկանում, թե ինչու են իրենց գործունեությունը վատաբանում Հայաստանում. «Ունենք հազարավոր համակիրներ, որոնք ողջունում են մեր միջոցառումները, սակայն ցավալի է, երբ որոշ լրատվամիջոցներ քամահրանքով գրում են, թե մարդիկ սոված են, իսկ մենք խորովածի կամ տոլմայի փառատոն ենք նշում,-ասում է կազմակերպության քարտուղար Վահե Անթանեսյանը:- ճիշտ է, սոցիալական խնդիրները շատ են, բայց եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա մեր ազգային հավաքականը ֆուտբոլ էլ չպետք է  խաղա կամ Եվրատեսիլին էլ չպետք է մասնակցենք»: Անթանեսյանը հիշեցնում է, որ խոհանոցը միայն փորը լցնելու և հագենալու միջոց չէ, իսկ ազգային խոհանոցը մեր մշակույթի մի մասն է:

 

Դիտվել է 2343 անգամ:
Print Friendly

Leave a Reply