Կրասնոդարում ձերբակալվել են հայկական գերեզմանները պղծելու մեջ մեղադրվող երեք անչափահասներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 3, 2009 18:24
krasnodar-russia-036

Կրասնոդար

Կրասնոդարի Դինսկոյ շրջանի Վասյուրինսկայա ավանում ձերբակալվել են երեք անչափահասներ, ովքեր մեղադրվում են այդ տարածաշրջանում հայկական գերեզմաններ պղծելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանցավորության մեջ մեղադրվողները մի քանի ժամվա ընթացքում քանդել և տարբեր նկարերով պղծել են հայկական տասնյակ գերեզմանաքարեր:

Տեղի բնակիչներն այս բարբարոսությունը համարում են ոչ միայն խուլիգանական արարք, այլև ազգայնամոլների կողմից իրագործված վանդալիզմ:

Տեղական ոստիկանությունում, սակայն, իրողությունը դիտում են որպես ալկոհոլի ազդեցությամբ կատարած գործողություն, որից հետո նախաքննությունն այլ ընթացքով ուղղելու նպատակով անչափահասները գերեզմանաքարերին նաև ֆաշիստական խորհրդանիշեր են նկարել: Նրանք նաև հայերի ազգային արժանապատվությունը վիրավարող գրություններ են թողել:

Հանցագործներին սպառնում է կամ կես տարվա հարկադիր ուղղիչ աշխատանքի ձևով պատիժ, կամ նրանք ստիպված կլինեն բավական մեծ տուգանք վճարել:

Դեռ օգոստոսի 30-ին քանդվել և ֆաշիստական նշաններով պղծվել էին Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածքային բաժանմունքի ղեկավարներից մեկի ծնողների գերեզմանաքարերը: ՌԴ ոստիկանության բաժանմունքում այդ փաստն արձանագրվել էր, սակայն ոստիկանության տեղական ղեկավարության խնդրանքով փաստը որոշվել էր չհրապարակել: Մի քանի օր անց վանդալիզմը կրկնվեց շատ ավելի մեծ մասշտաբներով:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply