Հայերն ու ադրբեջանցիները Չինաստանում իրար չճանաչելու են տվել
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | September 11, 2011 7:00
Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից միայն մեկը` ծանրորդ Աղասի Աղասյանն արժանացավ մեդալի, դարձավ չեմպիոն: Անկախացումից հետո Հայաստանի պատվիրակները պարբերաբար մասնակցել են այս ստուգատեսին, սակայն մեր երկրի ներկայացուցիչն առաջին անգամ դարձավ ոսկե մեդալակիր: Նախորդ խաղերում մերոնք տիրացել էին 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի:
Վերադարձից հետո այս մասին խնդրեցինք կարծիք հայտնել մեր երկրի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ ազգային ինստիտուտի ֆիզդաստիարակության և զինվորական պատրաստականության բաժնի վարիչ Հովիկ Գաբրիելյանին:
– Չինացիները խոշոր ստուգատեսների կազմակերպման մեծ փորձ ունեն, և այս անգամ էլ ամեն ինչ գերազանց էր: Մասնակիցներն իջևանեցին նորակառույց հարմարավետ շենքում: Խաղերից հետո այն որպես հանրակացարան ծառայելու է Շենժենի տեխնիկական համալսարանի ուսանողներին: Բնակվելու է շուրջ 20 հազար ուսանող, իսկ ունիվերսիադայի մասնակիցների թիվը մոտ 112 հազար էր: Նրանք ներկայացնում էին 153 երկրներ: Չինաստանի պատվիրակության կազմում 1000 մարդ էր, ԱՄՆ-ի` 800, Ռուսաստանի` 700 ներկայացուցիչ: Հայաստանի պատվիրակությունը փոքր էր` 23 մարդ:
– Սննդի հարցում խնդիրներ չառաջացա՞ն:
– Ոչ: Առանձին-առանձին մատուցվում էին չինական, ասիական, եվրոպական, միջազգային խոհանոցների կերակրատեսակներ: Խանգարում էր միայն տոթը:
– Մերոնք մասնակցել են շախմատի, ձյուդոյի, թհեքվանդոյի, ծանրամարտի և թենիսի մրցումներին: Առաջին չորսում Հայաստանն ուժեղ է: Մրցասպարեզ հանելով 15 մարզիկ, ի վերջո, միայն մեկ մեդալ ենք ունեցել: Արդարացում կա՞:
– Չեմպիոն է դարձել ծանրորդ Աղասի Աղասյանը, սակայն մեր մյուս մարզիկների մեծ մասը մոտ էր մեդալներ նվաճելուն: Իսկ մինչև 8-րդ տեղերը գրավողները միավորներ էին ստանում: Այնպես որ, Հայաստանի հավաքականը 4-րդ տասնյակում տեղ զբաղեցնողների խմբում է:
– Այդուհանդերձ չանտեսենք, որ վերջին մի քանի ունիվերսիադաներում Հայաստանը մի քանի մեդալակիր է ունեցել: Այսինքն` սպասելիքներն ավելին էին:
– Պարզապես մերոնց բախտը չժպտաց: Ունեցել ենք 4-րդ տեղեր, անձնական քաշի պատճառով մեդալից զրկվելու դեպք (ծանրամարտում): Հայկ Հակոբյանն էլ մոտ էր պարգևի: Շախմատի թիմային մրցումներում մերոնք կես միավորով են հետ մնացել 2-րդ մրցանակակրից և զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: Թհեքվանդոյիստ Արման Երեմյանն էլ նախորդ ունիվերսիադաների կրկնակի բրոնզե մեդալակիր է, սակայն այս անգամ նրան խանգարեց ոտքի վնասվածքը: Թհեքվանդոյիստ Լևոն Փաշաբեզյանն էլ երկրորդ հանդիպման ժամանակ կոտրել էր ձեռքը և հաղթանակներից հետո հաջորդ հանդիպմանը չկարողացավ մասնակցել: Վնասվածքով են հանդես եկել նաև մեր թիմի մեկական ձյուդոյիստ և ծանրորդ: Իսկ ծանրորդ Անդրանիկ Անդրիկյանը չկարողացավ բարձրացնել պատվիրած ծանրությունը և 0 ստացավ: Վարդան Դավթյանն էլ նույն ճակատագրին արժանացավ:
– Ադրբեջանցիների հետ շփումներ ունեցա՞ք:
– Ոչ: Պարզապես խաղերի հանդիսավոր բացման ժամանակ մեր պատվիրակություններն իրար էին հաջորդում: Բայց ասես իրար չէինք ճանաչում:
– Հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպե՞լ եք:
– Վերջին օրը հայկական համայնքի ներկայացուցիչները մեր երկրի պատվիրակությանը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, Չինաստանում Հայաստանի դեսպանին հրավիրել էին ճաշկերույթի: Շենժենը հարուստների քաղաք է, այնտեղ 30 հայ է ապրում:






Facebook
Tweet This
Email This Post
