Միայն նոկաուտը չստացվեց

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | September 8, 2011 14:13

Թեթևագույն քաշային կարգի հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանն օտար ափերում շատ հաղթանակներ է տարել, սակայն առաջին անգամ իր կարողությունները դրսևորեց հարազատ մարզասերների ներկայությամբ: Վախթանգը Երևանի մարզահամերգային համալիրի ռինգում անցկացրած 12 ռաունդանոց մրցամարտում միավորներով առավելության հասավ հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի նկատմամբ: Նա շատ էր ցանկանում, որ մրցակցին հաղթի նոկաուտով,  բայց չստացվեց:

Այս մասշտաբի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպելու մտահղացումը հայ բռնցքամարտիկինն էր: Փաստորեն, առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար Դարչինյանը հանդիպում անցկացրեց Հայաստանում: Նրա մրցակցի մասին դժվար է ասել` շա՞տ ուժեղ է, թե՞ թույլ: Համեմատության միակ եզրն  այն էր, որ տարիներ առաջ Էվանսը պարտվել է մեքսիկացի Թոմաս Ռոխասին, որին հետո  մեր մարզիկը հաղթել է նոկաուտով: Ի դեպ, Դարչինյան-Մբամբա հանդիպումը նախատեսվում էր կազմակերպել դեռ երկու տարի առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չէր կայացել: Այնպես որ Դարչինյանի մրցակիցը  «նվեր» չէր: Ի դեպ, նա 8 շաբաթ նախապատրաստվել էր և մրցամարտից երկու օր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր երազանքն է եղել մրցել Դարչինյանի հետ, և կփորձի օգտագործել հնարավորությունը, հաղթել և իր անունը գրանցել պրոֆեսինալ բռնցքամարտի տարեգրությունում:

Մբամբայի մարզիչ և մենեջեր Նիկոլա Դուրանտն էլ ավելի առաջ գնաց` ասելով , որ թեև Արարատը հայերինն է, սակայն վստահ չէ, թե Վիկը այդ լեռան նման կանգուն կմնա: Վախթանգն էլ հակադարձեց, թե իր մրցակիցը պատմություն կմտնի ռինգում ամենածանր նոկաուտին ենթարկվելով: Բայց կողմերից ոչ մեկի սպառնալիքները չիրականացան:

Դժվար է ասել` փորձի պակասն էր պատճառը, թե մի այլ բան, բայց կազմակերպական հարցերում եղան անհարթություններ, որոնք չէին կարող չգցել տպավորությունը: Օրինակ` հայտարարված էր, որ մրցամարտը սկսվելու է ժամը 19-ին, սակայն մեկ ժամ ուշացումով սկսվեց: Միչդեռ ներկա գտնվելու ցանկություն ունեցողների մեծ մասը, այդ թվում նաև լրագրողները, արդեն ժամը 18-ից սկսած` իրենց տեղերն էին զբաղեցրել: Եթե հաշվի առնենք այն, ոչ միջոցառումը շարունակվեց մինչև կեսգիշեր, և մարզասրահում էլ տոթ էր, ապա պարզ կդառնա, որ մարդիկ ակամա անցանկալի իրավիճակում էին հայտնվել: Բացի այդ, չկար տպագրված ծրագիր, թե ովքեր են ռինգ դուրս գալու, նրանք պրոֆեսիոնալ ռինգում քանի հանդիպում են անցկացրել և այլն: Փոխարենը` տարբեր հուշանվերներ էին պատրաստվել և վաճառվում էին ճեմասրահում: Օրինակ` սև մարզաշապիկն արժեր 10 հազար դրամ: Չկար նաև մամուլի կենտրոն, որից հնարավոր լիներ տեղեկություններ ստանալ ու անմիջապես լուրեր հաղորդել: Ի դեպ, թեև լրագրողներին  տեղեր էին հատկացվել  ռինգի հարևանությամբ, սակայն  աթոռները տեղադրված էին ռինգի կապույտ և կարմիր անկյուններից 45 աստիճան թեքությամբ: Եվ քանի որ ռինգն էլ ավելի բարձր էր սարքավորված, նստատեղերում գրեթե բան չէր երևում: Փաստորեն, բռնցքամարտիկների մրցելույթներին կարելի էր հետևել միայն ռինգի վերևում տեղադրված էկրանի միջոցով, որն էլ պատկերն այնքան էլ անաղարտ չէր արտացոլում: Բացի այդ, գրչի մշակների հարևանությամբ ռինգից մինչև կուլիսներ ուղեգորգ էր փռված, սակայն բռնցքամարտիկները և նրանց ուղեկցող խմբի անդամները  դահլիճ էին մտնում հակառակ կողմում տեղադրված ուղեգորգի վրայով: Իսկ այն ուղեգորգով, որը լրագրողներին մոտ էր, անցնում էին միայն  ժպիտներ սփռող երկու կիսամերկ մանեկենուհիները:

Ինչևէ, պրոֆեսիոնալների մրցամարտերը ստացել էին «Հայաստանն ընդդեմ աշխարհի» անվանումը: Բանն այն է, որ Դարչինյանից բացի, նախատեսվում էր, որ պետք է ռինգ մտնի ևս չորս հայրենակից: Սակայն 55 կգ քաշային Ագնեսիա Բոժայի համար այդպես էլ մրցակցուհի չէր գտնվել: Սկզբում իրենց կարողությունները փորձեցին 60 կգ քաշային, Բելգիայում բնակվող Հովհաննես Ժամկոչյանը, 53,2 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, 58 կգ  քաշային Գաբրիել Տոլմաջյանը։ Եվ նրանք կատարեցին առաջադրանքը` հաղթելով, համապատասխանաբար, վրացի Միխայիլ Գոգոլաշվիլուն, լատվիացի Սերգեյ Տասիմովին և էստոնացի Սերգեյ Ֆյոդորովին: Դժվար է ասել, թե ինչ սկզբունքով էին ընտրվել մերոնց մրցակիցները, արդյոք աշխարհում մեծ հեղինակություն ունե՞ն: Այս առումով մտորելու առիթներ կան: Օրինակ` մարզասրահում հայտարարվեց, որ Ֆյոդորովն իր պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 30 հանդիպումներից 21-ում պարտվել է, 7-ում հաղթել է և 2 անգամ էլ ոչ-ոքի է արել, իսկ Տասիմովն իր 20 հանդիպումներից 12-ը տանուլ է տվել, 7-ն ավարտել է հաղթանակով և 3 անգամ էլ բավարարվել է ոչ-ոքի արդյունքով:  Ի դեպ, վերջինիս հետ մրցում էր սիրողական ռինգում պատանեկան տարիքում շռնդալից հաջողությունների հասած և այժմ պրոֆեսիոնալ բռնցքամարտում բախտ որոնող Ազատ Հովհաննիսյանը: Մինչև այս փորձությունը նա ԱՄՆ-ում մեկ հանդիպում է անցկացրել և պարտվել է:

Հովհաննիսյանը և նրանից առաջ ռինգ դուրս եկած Ժամկոչյանը պետք է չորսռաունդանոց հանդիպումներ անցկացնեին, սակայն արդեն երկրորդ ռաունդում իրենց մրցակիցներին երկու անգամ հուժկու հարվածներով տապալելով` ժամանակից շուտ հաղթեցին նոկաուտով:

Տոլմաջյանն ակտիվորեն սկսեց հանդիպումը, սակայն 2-րդ ռաունդի վերջին մի քանի ուժեղ հարված բաց թողեց: Իսկ 6 -ռաունդանոց հանդիպման ավարտից հետո կողային  երեք մրցավարներն էլ 60:54 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Այս հանդիպումից հետո մարզասրահ այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկոյի զարդը պետք է լիներ Դարչինյանի և Մբամբայի մրցելույթը: Մարզասերները ծափողջույններով դիմավորեցին հարավամերիկացուն, իսկ երբ Թաթայի ձայնագրությամբ հնչեց Դարչինյանի հաղթանակներին նվիրված երգը, դահլիճն ուղղակի թնդաց ծափողջույններից:

Ի դեպ, այս անգամ Վախթանգի գոտուն գրված չէր որդու անունը: Փոխարենը միջոցառման հովանավորների անուններն էին` «ՄԻԿ ՄԵՏԱԼ» և «ՄՈւԼՏԻ ԳՐՈւՊ»: Նախքան մարզիկների ներկայացման արարողակարգը հայտնեցին, որ մարզասրահում է ճանաչված փրոմոութեր Գերի Շոուն: Նա եկել էր հետևելու Դարչինյանի մրցելույթին:

Դարչինյանն առանց նախապատրաստվելու սկսեց մրցամարտը և մի քանի հուժկու հարված հասցրեց մրցակցին: Թվում էր, թե առաջին ռաունդում մեր մարզիկը կարող է ավարտել հանդիպումը, սակայն չի ցանկանում հիասթավելու առիթ տալ  բարձր մակարդակի բռնցքամարտ դիտելու ակնկալիքով մարզասրահ եկած հանդիսականներին: Մինչև 6-րդ ռաունդը Դարչինյանն ակնհայտ առավելություն ուներ: Բայց մրցակիցը դիմացկուն էր: Իսկ 7-րդ ռաունդում վերջինս մի քանի լուրջ հակագրոհ ձեռնարկեց, հետո էլ նույնը շարունակեց հաջորդ ռաունդում: Ստացած հարվածներից Դարչինյանի հոնքը վնասվել էր, արյուն էր հոսում,  և դրությունը կարող էր լրջանալ: Մինչև հանդիպման ավարտը Դարչինյանը փորձում էր ուժեղ հարված հասցնել և հաղթել նոկաուտով, սակայն չստացվեց: Այդուհանդերձ, մրցամարտի ավարտից հետո, կողային բոլոր մրցավարներն էլ նախապատվությունը տվեցին Դարչինյանին (119:107, 120:107, 120:107):

Հաղթանակից հետո Դարչինյանն աջակցության համար շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին ու նվերներ հանձնեց. Սարգսյանին` իր չեմպիոնական գոտին, Ծառուկյանին` ստացած պարգևներից մեկը: Իսկ իր տարած հաղթանակը նվիրեց Հայաստանի անկախացման 20-ամյակին:

Վախթանգը հայտնեց, որ քայլեր է ձեռնարկել Վանաձորում բռնցքամարտի դպրոց հիմնելու և այդ մարզաձևը զարգացնելու համար: «Ես բռնցքամարտում բարձունքների եմ հասել և ցանկանում եմ, որ իմ հայրենակիցներն էլ այդ հնարավորությունն ունենան, նույնպես ճանաչման և փառքի արժանանան: Ինչ վերաբերում է  իմ անցկացրած հանդիպմանը, ապա ձգտում էի մրցակցիս արագ նոկաուտի ենթարկել և «մեծ» հարվածով էի գրոհում, դա էլ խանգարեց: Ընդհանրապես ցանկանում էի, որ բռնցքամարտի շոուն գեղեցիկ ստացվի: Այդպես էլ արվեց, միայն նոկաուտը չստացվեց: Չեմպիոնի կոչման 8 գոտի եմ նվաճել, ևս 3-ին տիրանալու դեպքում համաշխարհային պրոֆեսինալ բռնցքամարտում ռեկորդակիր կդառնամ»,- ասաց Դարչինյանը:

 

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply