Նոր գործազուրկներ. այս տարի «խոպան» չի մեկնել 35 հազար հայաստանցի

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | September 3, 2009 15:00
xopan2

Վարդան Սամվելյանը այն հազարավորներից է, որ այս տարի խոպան չի գնա

51-ամյա Վարդան Սամվելյանը, ով 20 տարի շարունակ մեկնել է խոպան, այս տարի մնացել է Հայաստանում` Մարտունիում. «Խոպանում» աշխատանք չկա:
Սամվելյանը կնոջ հետ հող է մշակում, սակայն դրա հետ առանձնակի հույսեր չի կապում. «Ողջ տարին աշխատում ես, 1-2 տոննա կարտոֆիլ ստանում, վերջում կիլոգրամը 20-30 դրամով են գնում», – ասում է Սամվելյանը` հավելելով, որ ողջ տարին 40-60 հազար դրամով ապրել հնարավոր չէ (2 տոննա կարտոֆիլը տնից 20-30 դրամով վաճառելիս ստացվում է այդքան գումար), մանավանդ որ այդքան գումար միայն պարարտանյութի և ոռոգման վրա է ծախսում:

Հիմա Սամվելյանների հույսն ավագ որդին է, ով աշխատում է Քարվաճառում` շինարարության վրա (մյուս որդին ծառայում է բանակում):
«Խանութներում հիմա էլ պարտքով ապրանք չեն տալիս, մարդկանց նկատմամբ վստահություն չկա», – ասում է Սամվելյանի կինը` Սիրվարդը: Ամուսնու միակ զբաղմունքը հիմա ծխելն է` այն էլ պարտքով, մինչև որդին գումար ուղարկի:

«Չենք էլ կարող որպես գործազուրկ գրանցվել, քանի որ 6 սոտին սեփականաշնորհված հող ունենք», – ասում է Սիրվարդը: Մարտունիում ամուսինն աշխատանք գտնելու հույս չունի. բոլոր տեղերում շինարարությունը կանգ է առել, խանութները փակվում են մեկը մյուսի հետևից. «Ի՞նչ աշխատանքի մասին կարող է խոսք լինել»:
Սամվելյանն արտագնա աշխատանքի միջոցով է իր 3 երեխաներին մեծացրել: Աշխատել է վարորդ, ճանապարհ է ասֆալտապատել, շենքեր կառուցել և վերանորոգել. աշխատանքի ընտրության մեջ խտրություն չի դրել: Սամվելյանին վերջին 2 տարիներին «խոպանում» ընկերակցել են նրա 2 որդիները:
Սակայն անցած ողջ տարվա աշխատանքի դիմաց նրանք չեն վարձատրվել: 2008-ին աշխատել են Ռուսաստանի Կեմերովո քաղաքում` բազմաբնակարան շենքի շինարարության վրա, իսկ տարեվերջին ձեռնունայն են տուն վերադարձել:

«Սարսափելի պայմաններ էին. 15 հոգով պահեստում էինք ապրում, ուտում, քնում: Վաղ լուսաբացից մինչև ուշ գիշեր աշխատում էինք: Սնունդով էլ չէին ապահովում: Տարեսկզբին 20 հազար ռուբլի (մոտ 200 հազար դրամ) գումար էին տվել ամեն մեկիս, դրանով ենք ողջ տարին սնվել»:

Սամվելյանն ասում է, որ զրկանքներին դիմացել են, քանի որ գործատուն վստահեցրել էր, որ վերջում նրանց լավ կվարձատրի, սակայն տարեվերջին հրաժարվել է վճարել: Բոլոր 15 հայ աշխատողներին 10 հազարական ռուբլի են տվել և ինքնաթիռի տոմս` տուն հասնելու համար: Սամվելյանին և իր որդիներին պետք է վճարեին ևս 200 հազար ռուբլի` (2 մլն դրամից ավել):
Խաբված աշխատողները, ովքեր բոլորը Մարտունու շրջանի բնակիչներ են, անգամ դիմել են Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունում գործող թեժ գծին, սակայն անարդյունք: Գործակալությունից տեղեկացրել են, որ գործատերերը, որոնցից մեկը հայ է, բայց ՌԴ-ի քաղաքացի, և մյուսը` ռուս, միմյանց դեմ դատական գործ են սկսել:
Սամվելյանին և նրա ընկերներին խորհուրդ են տվել փաստաբան վարձել. «Ասացին, որ միակ միջոցն այստեղից իրավաբան վարձելն է: Բայց եթե մենք իրավաբանին վճարելու փող ունենայինք, էլ ոչ կգնայինք Ռուսաստանում աշխատելու, ոչ էլ իրենց կդիմեինք»:

Անգամ նման փորձից հետո Սամվելյանը համաձայն է մեկնել արտագնա աշխատանքի. ընտանիքը պահել է պետք: «Եթե աշխատանք լինի, անպայման կգնամ, մարդ ինչքա՞ն կարող է պարտքով ապրել», – ասում է նա: Տարածքային կառավարման նախարարության Միգրացիայի գործակալության տվյալներով` ամեն տարի Հայաստանից սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում 60-70 հազար մարդ: Այս տարի նրանց կեսը` մոտ 30-35 հազար մարդ, մնացել է Հայաստանում` հիմնականում համալրելով գործազուրկների բանակը:
«Միգրացիան զգայուն երևույթ է, և տնտեսական, սոցիալական, քաղաքական գործընթացները մեծ ազդեցություն են ունենում այս ոլորտի վրա», – ասում է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:  Նա ասում է, որ դեռևս չի նկատվում վերադարձի մեծ հոսք, քանի որ դրսում հայերը, կորցնելով աշխատանքը, փորձում են ավելի ցածր վարձատրությամբ նույն գործն անել, կամ այլ տեղ գտնել:

Այսուհանդերձ «Զբաղվածության պետական ծառայության» տվյալներով` 2009-ի 1-ին կիսամյակում գործազրկության մակարդակն աճել է 0.7 տոկոսով և կազմում է 7 տոկոս:
Հուլիսի 1-ի դրությամբ գործակալությունում գրանցված է 101 հազար աշխատանք փնտրող, որոնցից 84.700-ը կամ 83.8 տոկոսը գործազուրկներն են. անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցված է եղել 91.700 աշխատանք փնտրող, որոնցից 75.600-ը գործազուրկներ (գործազուրկ է համարվում անձը, ով չունիսեփականաշնորհված հողատարածք, աշխատանք և գրանցված է «Զբաղվածության պետական գործակալություն»-ում, իսկ աշխատանք փնտրող է համարվում սեփականաշնորհված հողատարածք կամ աշխատանք ունեցող անձը, ով Գործակալութայն միջոցով փորձում է այլ աշխատանք գտնել):

Մարտունու շրջանում, որտեղից սովորաբար արտագնա աշխատանքի են մեկնում տղամարդկանց մեծ մասը, կատակում են, թե այս տարի հուղարկավորությունների ժամանակ տղամարդիկ են դագաղը վերցնում` կանաց գործը հեշտացել է. սովորաբար ամռան ամիսներին հատկապես գյուղերում մնում են կանայք, երեխաները և ծերերը: Ամռան ամիսներին` հուղարկավորությունների ժամանակ, դագաղը տանող կանայք սովորական երևույթ են Մարտունու շրջանում:
Այսպես, մոտ 5 հազար բնակիչ ունեցող Ձորագյուղում ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում տղամարդկանց 95 տոկոսը, մինչդեռ այս տարի, ըստ գյուղապետարանի տվյալների, մեկնել է միայն 50-60 տոկոսը: 5.170 բնակիչ ունեցող Վերին Գետաշենից այս տարի արտագնա աշխատանքի է մեկնել 300-400 մարդ, իսկ առաջ` ամեն տարի` 600-700 էր: Հայաստանի ամենամեծ գյուղից` 10.654 բնակիչ ունեցող Վարդենիկից, ամեն տարի սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնում 3 հազար մարդ, մինչդեռ այս տարի, ինչպես հաղորդեցին գյուղապետարանից, մեկնել են ընդամենը 6 հարյուրը:

Այս տարի Հայաստանում է մնացել նաև 34 տարվա արտագնա աշխատանքի փորձ ունեցող Պետիկ Նազարյանը: «Բանակից վերադարձա, Հայաստանում աշխատանք գտնել չկարողացա և 1974-ից ամեն տարի մեկնել եմ Ռուսաստան: Պատահել է, որ անգամ ձմռանն եմ մնացել, երբ աշխատանք է եղել», – պատմում է 55-ամյա Նազարյանը: Նա ասում է, որ ամենածանրը 1991-92 թվականներն են եղել, երբ ողջ տարին ձրի են աշխատել, վերջում էլ ծեծված ու խոշտանգված, կիսամերկ հազիվ են տուն հասել: 34 տարիների ընթացքում բազմաթիվ մասնագիտություններով է աշխատել` կառուցել է տներ, կամուրջներ, հուշակոթողներ, վերանորոգել է բնակարաններ, եկեղեցիներ: Աշխատել է Մարդովիայում, Օմսկում, Օրսկում, Մոսկվայում: 2005-2008 թվականներին Նազարյանն իր 5 հայ ընկերների հետ աշխատել է Վլադիմիրում` վերանորոգել են քաղաքի եկեղեցիները և մենաստանները, կառուցել են մեկ նոր եկեղեցի: «Անցած տարի մեզ մեր աշխատանքի դիմաց լրիվ վարձատրել են, ճգնաժամը դեռ նկատելի չէր», – ասում է նա: Խոստացել էին նաև այս տարի կանչել. «Մինչև հիմա սպասել եմ, չեն կանչել, զանգել եմ, ասել են, որ այս տարվա համար ֆինանսավորում չունեն»:

Նազարյանն այժմ իր մի քանի ընկերների հետ Մարտունու շրջանում տների տանիքներ է խփում. «Չեղած տեղից էս էլ աշխատանք ա, վաստակում եմ լավից վատից, – ասում է նա, – ուղղակի էստեղ մեր գործի որակը չգիտեն, չեն ճանաչում, դրա համար էլ պատվեր չենք ունենում: Ծանոթի, բարեկամի միջոցով 1-2 պատվեր հազիվ ենք ստացել»:
Վարորդ Աշոտ Մարգարյանը ԽՍՀՄ-ի տարիներին, Հայաստանի անկախացումից հետո, երբ դադարեցին գործել բազմաթիվ ընկերություններ, միշտ Ռուսաստան է մեկնել սեզոնային աշխատանքի: Դրսում Մարգարյանը գումար էր վաստակում, կինն էլ այստեղ երեխաներին էր դաստիարակում: Սակայն այս տարի չի մեկնել: Իսկ անցած տարվա աշխատանքի դիմաց դեռ չեն վճարել:

«Աշխատեցնում են, հետո ասում, որ փող չկա, երբ լինի, կվճարեն», – ասում է նա: Մարգարյանն էլ որոշել է արտերկրում ձրի աշխատելու փոխարեն մնալ Հայրենիքում և հող մշակել: «Մի փոքր կտոր հող ունենք, էս տարի կարտոֆիլ է ցանել ու հոգատարությամբ խնամում է», – ասում է նրա կինը` Հրանուշը: Գոնե ձմռանը կարտոֆիլ գնելու կարիք չի լինի:
Մարգարյանի որդին` Արմանը, սակայն, անցած տարվա դառը փորձից հետո այս տարի էլ է մեկնել: «Տղաս իրավագիտություն է սովորել, իսկ Մարտունիում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել չի կարող: Նա էլ նախընտրում է դրսում բանվորություն անել. այնտեղ ավելի շատ են վճարում», – ասում է տիկին Հրանուշը:

Կան նաև մարդիկ, որոնք այս տարի մեկնել են «խոպան» ու գոհ են իրենց աշխատանքից: Փառանձեմ Խաչատրյանն ասում է, որ իր եղբայրը` Կոմիտասը, այս տարի աշխատում է Մոսկվայի մերձակայքում` ամառանոցներ են կառուցում: «Մի անգամ 4 հարյուր դոլար է ուղարկել` էստեղ պարտքերն ենք փակել»:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply