Բժշկական համալսարանի 30 ուսանողներ այլեւս անվճար համակարգում չեն սովորում. Ինչո՞ւ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 8, 2011 10:27
Երեւանի պետական բժշկական համալսարանի 129 անվճար տեղերից 30-ը կրճատվել եւ տրամադրվել են այս տարի վերաբացված ռազմաբժշկության ֆակուլտետին, ինչի արդյունքում բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի պետպատվերի շրջանակներում սովորող 4-րդ կուրսի այդ ուսանողները սեպտեմբերի 1-ից տեղեկացել են, որ այլեւս անվճար համակարգում չեն սովորում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին իրենք՝ բուհի ուսանողները։
Պարզաբանումներ ստանալու համար նրանք դիմել են համալսարանի ղեկավարությանը, ինչպես նաեւ Կրթության եւ գիտության նախարարությանը, սակայն դեռեւս ոչ մի տեղից պատասխան չեն ստացել: Խնդրի էությանը տեղյակ է պահվել նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսայանը։
Մանրամասներ պարզելու համար զանգահարեցինք Երեւանի պետական բժշկական համալսարան։ Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բուհի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, հարցը լուծելու ուղղությամբ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում, որոնց շրջանակներում համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, ի թիվս մի քանի հանդիպումների, կրկին կհանդիպի ուսանողների հետ եւ կքննարկի հարցը։
Անահիտ Հայթայանը նշեց նաեւ, որ նման իրավիճակ ստեղծվել է կառավարության՝ 2007-ին կամ 2008-ին կայացրած մի որոշման պատճառով։ «Անվճար հիմունքներով սովորելու արտոնությունից զրկված ուսանողներն ամեն դեպքում, շարունակում են անարգել դասերի հաճախել։ Եթե նրանցից ոմանք նույնիսկ վճարները մուծել են, ապա հարցը լուծվելուց հետո այդ գումարներն անպայման հետ կվերադարձվեն»,- հավաստիացրեց մամուլի քարտուղարը։
ԿԳՆ հասարակայունության հետ կապերի վաչության պետ Արթուր Բաղդասարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում իր հերթին եւս հավաստիացրեց, որ նախարարությունը հետամուտ է խնդրի լուծմանը եւ բազմակողմանի ուսումնասիրություններ է իրականացնում ինչպես Բժշկական համալսարանի, այնպես էլ Պաշտպանության նախարարության հետ։






Facebook
Tweet This
Email This Post
