Երեւանի քաղաքապետը շրջայց է կատարել մետրոպոլիտենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 7, 2011 17:54

Երեւանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին  եւ զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային օրը սկսել է Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն կատարած շրջայցով:

Քաղաքապետը նախ ծանոթացել է մետրոպոլիտենի կառավարման համակարգերին, որոնք  դեռևս  խորհրդային ժամանակների արտադրության սարքավորումներ են: Ու թեեւ առայժմ ծառայում են անխափան, այդուամենայնիվ, Կարեն Կարապետյանը հստակ խնդիր է դրել կարճ ժամկետում արդիականացնել դրանք` փոխարինելով ավտոմատացված նորագույն սարքավորումներով եւ հանձնարարվել է կազմել անհրաժեշտ ֆինանսական ծախսերի նախնական փաթեթ:

Այնուհետեւ քաղաքապետը հետեւել է նաեւ վերջերս մետրոյի կայարաններում տեղադրված տեսախցիկների աշխատանքին: Ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով` «Անվտանգ Երևան»  ծրագրի շրջանակում մայրաքաղաքի տասը կայարաններում տեղադրվել է 186 տեսախցիկ, որոնց  աշխատանքին, պլազմային մեծ մոնիտորներով, 24 ժամ անընդմեջ հետեւում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Օրվա ավարտին տեսանյութերն ամբողջությամբ արխիվացվում են: Շուտով կավելանա եւս վեց մոնիտոր: Առաջիկայում տեսախցիկներ են տեղադրվելու նաեւ շարժակազմերի վագոններում:

Մետրոպոլիտենում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՀՀ Անկախության 20-ամյակի կապացությամբ շուտով  գործող 45 շարժակազմերին կավելանան եւս երկու` ամբողջությամբ վերանորոգված ու նորովի ձևավորված շարժակազմեր:

Ծանոթանալով նաեւ մետրոպոլիտենի առօրյա խնդիրներին` Կարեն Կարապետյան,  հանձնարարել է Սասունցի Դավիթ, Շենգավիթ, Գործարանային, Գարեգին Նժդեհ եւ Հանրապետության հրապարակի մետրոկայարանների հիմնանորոգման աշխատանքների համար ուսումնասիրել եւ կազմել զարգացման հստակ ծրագիր:

«Մետրոյի հետագա զարգացման  ռազմավարությունը պատկերացնելու համար  մետրոպոլիտենի տնօրինությանը հանձնրարավել է մշակել կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ ծրագիր: Ի~նչ խոսք, նոր կայարանների կառուցման խնդիրը անհրաժեշտություն է, սակայն ցավոք այսօր այն բավականին  թանկ հաճույք է : Միայն Աջափնյակ թաղամասի երկու կայարանների կառուցումը  ավելի քան 200-250 միլիոն դոլար կարժենա: Բայց  եւ այնպես վստահ եմ` կգա այն օրը, երբ կունենանք նոր կայարաններ: Նաև դրա համար է, որ առաջարկել ենք  ծրագիր եւ հայեցակարգ  ներկայացնել» – նշել է քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը զրուցել է նաեւ ուղեորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները` մետրոյի, սպասարկման որակի եւ արդյունավետության հետ կապված:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply