Կյանքի գինը. Սերգեյ Վարդանյանին ընկերներն ասել են` «Սյո՛մ, մի վայրկյան չմտածես, մեզ ձեն կտաս, էթանք սպանենք»

Շաբաթվա լուր | | September 3, 2009 14:58

syomik1«Կյանքի գինը» սերիալի լրջադեմ, միշտ պատրաստակամ, հավատարիմ Սյոմը, ում Բարխուդարովը` իր խիստ ու ջղային բնավորության համաձայն, հաճախ վիրավորում է, կշտամբում, անպատվում, սակայն միշտ էլ ունի նրա կարիքը: Սյոմն է, որ գիտի «շեֆի» բոլոր գաղտնիքներն ու ապագա չարագործությունները, Սյոմն է, որ աննախադեպ պայթուցիկներ է տեղադրում քաղաքի լյուկերում ու մարդկանց կյանքեր խլում` առանց թարթելու աչքերը, Սյոմն է, որ Բարխուդարովի մեծ սիրո վկան է ու ամեն կերպ ցանկանում է պահպանել այդ սերը:

Բարխուդարովը կարծես թե գտավ իրենը, իսկ ունի՞ Սյոմն իր անձնական կյանքը. այս մասին սցենարիստները լռում են: Սյոմի դերակատարը 29-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ծնվել է Երևանում, ծառայել բանակում`Ղարաբաղում, երեք տարի ապրել Օդեսայում: Ի տարբերություն Սյոմի` Սերգեյն ունի հագեցած անձնական կյանք` գեղեցկուհի կին, 5 տարեկան, շատ խուճուճ մազերով, համով աղջնակ, 78 տարեկան տատիկ, մայր, հայր, եղբայր ու եղբոր ընտանիք. այսքանով ապրում են մի տան մեջ ու երբեք չեն վիճում: Սերգեյն ունի բնակարան, որը վերանորոգում են և պիտի շուտով տեղափոխվի այնտեղ, սակայն ասում է, որ շատ է սիրում իր մեծ ընտանիքը. «Ինձ ու եղբորս էնպես են դաստիարակել, որ անսահման նվիրված ենք մեկս մյուսին ու իմը-քոնը չունենք»:

Սերիաներից մեկում Սերգեյին ուժեղ ծեծել են ու ձեռքը կոտրել. «Վա~յ, քոռանամ ես, երեխուդ սենց օրը գցեն աչքիդ առաջ, ու դու ոչնչով չկարանաս օգնել», – ձեռքերը ծնկներին է խփել Ամալյա տատը, – «Էնպես ա մտնում սերիալի մեջ, որ չի տարբերում խաղն ու իրականությունը: Դէ, ինքը դեռ ոչինչ, բայց որ ամբողջ մեր ազգն ա այսպիսի ոգևորվածությամբ մտել «Կյանքի գնի» մեջ ու խառնել իրականությունը, ինձ իրոք զարմացնում ա: Մի անգամ Պրոսպեկտով քայլում էի, ինչ-որ գործով տեղ էի գնում, դիմացիցս երկու շատ էլեգանտ հագնված, ինտելիգենտ դեմքերով 50-ի մոտ կանայք էին գալիս: Այդ ժամանակ իմ կերպարը` Սյոմը, ձերբակալված էր, մեկ էլ կանանցից մեկն ասաց. «Վա~յ, բա սրան բանտարկել էին, ո՞նց ա դուրս եկել», ես էլ շրջվեցի, ասացի` «փախել եմ»` շատ լուրջ: Չեմ էլ կարծում, թե հումորս հասկացան, որովհետև աչքերը պլշած ու վախեցած ինձ էին նայում»: 3-րդ մասցի հարևանները հավաքվել են, եկել իրեն տեսնելու. «Սյո՛մ ջան, թե պռոբլեմ ունենաս Ռուբինյանի տղեքի հետ, մի վայրկյան անգամ չմտածես, մեզ ձեն կտաս, էթանք սպանենք»:

Բարխուդարովի դերակատար Սամվել Սարգսյանը նույնպես բնակվում է 3-րդ մասում, Սերգեյն ասում է, որ նրան էլ տղեքն ասել են. «Սաղ երրորդ մասը մեջքիդ կանգնած ա»: Սերգեյն ու Սամվելը կյանքում մտերիմ են. «Շատ եմ հարգում ու սիրում իրեն: Երբ ինձ անպատվում ու ձայնը բարձրացնում ա վրաս, հետո միշտ ժպտալով ասում ա` «սցենարում ա գրված»:

Սերգեյն ավարտել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը, պրոֆեսոր Զավեն Տատինցյանի արվեստանոցում է ուսանել. «Ինստիտուտից հետո ցանկացած թատրոն կարող էի մտնել աշխատելու, որովհետև Տատինցյանի պես դասախոս էի ունեցել: Որ թատրոնի ռեժիսորը լսում էր նրա անունը, առանց երկար-բարակ մտածելու ասում էր` «վաղը գործի»: Դասախոսի մասին մեծ ակնածանքով է խոսում Սերգեյը. «Մի անգամ չի եղել, որ բացակայի, ուշանա. մի օր էլ հիշում եմ, եկավ, արդեն լավ չէր, հիվանդ էր, բայց մի վայրկյան չտրտնջաց, անընդհատ փորձ արեց, տեղից հազար անգամ վեր կացավ, ցույց տվեց»:

syomik11Սակայն թատրոնի աշխատավարձով ընտանիք չես պահի, և Սերգեյը թատրոնում չի աշխատել, փոխարենը բաց ճակատով պատմում է, որ ութ ամիս շարունակ աշխատել է որպես տաքսու վարորդ: Նաև Պարսկաստանից եկած «ֆուռերից» նարինջ է բեռնաթափել. «Ինչ ձեռքիցս գալիս էր, անում էի, հո չէ՞ի գնալու թատրոն 30.000 դրամ ստանայի, գայի տուն, երեխուս ասեի` «պապան գործից ա եկել», չնայած շատ եմ սիրում թատրոնը: Գիտե՞ք ֆուռ դատարկելուց մտքում էնքան նեղացած ու ջղայինացած էի լինում մեր պետության վրա, ոչ թե նրա համար, որ ինձ վեր էի դասում էդ գործից, չէ, ցանկացած գործ էլ մարդու համար ա, այլ էն բանից, որ բարձրագույն կրթություն ունեմ, մասնագիտություն ունեմ, ու էդ ոչ մեկի պետք չէր»:

Սերգեյն ասում է, որ թատրոնում ներկայումս կա՛մ ինքնամոռաց նվիրյալներն են աշխատում, կա՛մ էլ մարդիկ, ովքեր կողքից եկամուտ ունեն, ու բեմը հոբիի պես բան է նրանց համար: Հիմա, երբ նորմալ աշխատավարձ է ստանում, ինքն էլ կուզեր աշխատել թատրոնում, սակայն նկարահանումների չափազանց խիստ գրաֆիկը թույլ չի տալիս: Սերգեյը նաև երգում է, ու չնայած կրթությանը` ինքն իրեն ավելի շատ երգիչ է համարում, քան դերասան. «Բլատնոյ երգեր եմ երգում, շատ եմ սիրում երգել, մինչև մեկ ամիս առաջ էլ աշխատում էի մի ռեստորանում, բայց հիմա դուրս եմ եկել»: Կլսի արդյո՞ք հեռուստադիտողը Սերգեյի երգը. այս հարցը դեռևս պատասխան չունի:

Փողոցում մարդիկ մոտենում ու խնդրում են պատմել սերիալի շարունակությունը. «Լավ առիթ ա մեր ժողովրդին ասելու, որ մենք` դերասաններս, երբեք չգիտենք, թե ինչ է լինելու հետո, որովհետև յուրաքանչյուր սերիայի սցենարը կարդում ենք նկարահանման օրը»:

Մի քանի ամիս է, ինչ Սերգեյը մեքենա է գնել, իսկ ճանաչման ընդլայնման հետ մեկտեղ` նեղանում են Սերգեյի շփման եզրերը մարդկանց հետ. «Այս դերը խաղալուց հետո իմ կյանքն անցնում է մեքենայիս մեջ»: «Ինչո՞ւ»: «Խանութ էի մտել սիգարետ առնելու, դիմացս մի կին կար, սպասում էի, որ ինքն իր առևտուրը վերջացնի, ես առնեմ, մեկ էլ էս կինն ինձ ասաց. «Հողեմ գլուխդ, ոնց դերի մեջ ես, ըտենց էլ` կյանքում»:

Դիտվել է 2399 անգամ:
Print Friendly

Leave a Reply