Լեզվի տեսչության պայքարը ցուցանակային ախտի դեմ. «Մոսկվիչկային» է՞լ հերթը կհասնի

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | September 7, 2011 14:30

Մայիսին  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ու նրա թիմակիցների ջանքերով Խորհրդարանն ընդունեց  «Լեզվի մասին», «Գովազդի մասին» և «Վարչական իրավախախտումների  մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Դրանով հստակեցվեցին լեզվին առնչվող բազմաթիվ հասկացությունների իրավական կարգավիճակները, լրացվեցին օրենքի բացերը

Մայրենին տնտեսական հայրենասիրության ու գավառամտության սահմանագծին. ի՞նչ կտան օրենքների փոփոխությունները:

Հուլիսի 17-ից արդեն օրենսդրական նախաձեռնությունը գործողության մեջ դրվեց:

«Պայքարը` հանուն լեզվի մաքրության,  նոր շրջան է թևակոխել,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը` ներկայացնելով տեսչության կողմից արձանագրված վերջին խախտումներն ու օրենսդրական նոր փոփոխությունները:

Եթե նախկինում վարչական տուգանքները  80-ից մինչև հարյուրապատիկի չափով էին, ապա այժմ սկսվում են հարյուրապատիկից և հասնում  մինչև չորսհարյուրապատիկի:

«Գովազդի մասին» օրենքում հստակ նշվում է, որ գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, անհրաժեշտության դեպքում այն կարող է զուգորդվել  երկու և ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը, չընդգրկի տեղեկություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում: Բացի այդ, հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ` վերևից ներքև կամ ձախից աջ գրությամբ, իսկ օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը և այլն:

Ըստ Երիցյանի, այն բողոքները, որ տեսչությունն ուներ` օրենսդրական շատ իրողությունների սահմանված չլինելու պատճառով վերահսկողության անարդյունավետ իրականացման առումով, այսօր մի քանի անգամ նվազել են. «Նախկինում մենք արձանագրում էինք իրավախախտումը, հասնում դատարան, բայց այդ տերմինի և հասկացության սահմանված չլինելու պատճառով, անգամ, լինում էին դեպքեր, երբ վճիռ էր կայացվում` ոչ հօգուտ լեզվի»:

Նոր օրենքներում հստակեցվել են, օրինակ, թե ինչ բան է ցուցանակը կամ գրագրությունը, որոնք առաջ կարելի էր տարբեր կերպ մեկնաբանել. «Այժմ   մենք ցուցանակի մասին ունենք ոչ թե պատկերացումներ կամ դատողություններ, այլ օրենսդրական հստակ մոտեցուներ, որը մեզ թույլ է տալիս պայքարել ցուցանակային ախտի դեմ»,- կարծում է Երիցյանը:

Նա թվարկում է այն հաջողված դեպքերը, որոնք կատարվել են նոր օրենքների ընդունումից հետո. «Մինչ օրս ցուցանակային իրավախախտման 22 դեպք ենք  արձանագրել, որոնցից 7-ը շտկվել է: Օրինակ, Վիեննա, Թուլիփս, Մեգասպորտ, Նատալի ֆարմ և այլ  տնտեսվարող սուբյեկտներ արդեն փոխել են իրենց ցուցավահանակները»,-ասում է նա,-իսկ ընդհանուր առմամբ` տարեսկզբից 60-ից ավելի դեպքեր են արձանագրվել, որոնցից դատարանը վճիռ է կայացրել 2 դեպքում»:

Ի դեպ, հայտնի «Մոսկվիչկա» սուպերմարկետը, որը բազմիցս հայտնվել է մամուլի, այդ թվում նաև մեր թերթի էջերում` իր օտարատառ ցուցանակների և անվանման պատճառով, առայժմ չի   հայտնվել լեզվի տեսչության տեսուչների ուշադրության կենտրոնում, սակայն Երիցյան վստահեցնում է, որ «Մոսկվիչկային» ևս հերթը կհասնի:

«Անկախի»-ի հարցին, թե ինչպես է պատրաստվում տեսչությունը պայքարել այն տնտեսվարող սուբյեկտների դեմ, որոնք իրենց օտարատառ ապրանքային նշանը` լոգոն, ներկայացնում են իբրև ցուցանակ, քանի որ լեզվի օրենքը լոգոների դեպքում չի գործում, Երիցյանը պատասխանեց. «Այդ իրավիճակից փրկում է ցուցանակի մասին նոր սահմանումը, որտեղ հստակ նշված է, որ ցուցանակի վրա ապրանքային նշանները չեն կարող օգտագործվել: Հիմա պայքարը գնալու է հետևյալ դաշտում` արդյոք դա ցուցանա՞կ է, թե ոչ: Կարծում եմ` հնարավոր կլինի խոչընդոտներից խուսափել, քանի որ նոր օրենքում հստակ սահմանված է, թե որն է ցուցանակը»:

Երիցյանը, սակայն, խոստովանում է, որ գործընթացը շատ դանդաղ է ընթանում, քանի որ տեսչությունն ունի ընդամենը 8-9 տեսուչ, իսկ իրավախախտման դեպքերը հարյուրավոր են: Բացի այդ, այս օրենսդրական փոփոխությունները մինչև վերջ լուծումներ չեն տվել բոլոր խնդիրներին. «Այժմ կա օրենսդրական մշակում` «ՀՀ-ում լեզվաքաղաքականության, լեզվական վերահսկողության և լեզվի պետական տեսչության մասին» օրենքի տեսքով»,-ասում է Երիցյանը` հույս հայտնելով, որ դա թույլ կտա փակել բոլոր առկա հարցերը:

Լեզվի պաշտպանության առումով հաջորդ քայլն, ըստ նրա, օրենսդրական այնպիսի փոփոխություններն են, որոնք, օրինակ, գործում են Վրաստանու. ցանկացած հրապարակային գրվածքի դեպքում` պարտադիր տառադարձումը. «Մենք դրան դեռևս չենք հասել»,-նկատում է Սերգո Երիցյանը:

 

 

 

 

 

 

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply