Կարին Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 7, 2011 12:26

Երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Կարին Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գրքի շնորհանդեսը: Այն թարգմանաբար տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, թարգմանիչը Սամվել Մկրտչյանն է:

 

Շնորհանդեսը բացեց ու ներկաներին ողջունեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, հեղինակի հայրը` Րաֆֆի Հովհաննիսյանը, ով գրքի հերոսներից մեկն է: Առանձին հուզիչ դրվագների շարադրմամբ` երեկոն եզրափակեց Կարին Հովհաննիսյանը:

 

«Գերդաստան Ստվերաց»-ում պատկերված է գերդաստանի երեք սերունդների կյանքը իրենց ապրած պատմական ժամանակաշրջանի բովում: Կարինի մեծ պապը` Գասպարը, կորցրեց հայրենիքը, իր Բազմաշեն գյուղը Արեւմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում, ականատեսը եղավ ահավոր Եղեռնի հազարավոր զոհերի եւ չարագործությունների, զինվորագրվեց ցասման ու վրեժի պայքարին: Պապը` Ռիչարդը, ծնվելով Կալիֆոռնիայի նահանգի Տուլարի փոքրիկ քաղաքում, թողեց հոր ագարակը` ժամանակի փորձություններից եւ ժխտման ուժերի ոտնձգություններից պաշտպանելու կորուսյալ Էրգրի պատմությունը: Իսկ Միացյալ Նահանգների հանգիստ ու բարեհարմար պայմաններում մեծացած, համակողմանի փայլուն կրթություն ստացած Րաֆֆին նախընտրեց վերադառնալ մայր Հայրենիք:

 

Կարինը գրում է.

 

«Իմ գերդաստանի պատմությունը երեք տղամարդկանց պատմության մասին էր, ովքեր լքել էին. սա էր իմ առաջին հայտնաբերությունը: Իմ մեծ պապը լքել էր իր հայրենիքի ավերակները: Իմ պապը լքել էր իր հոր ագարակը: Հայրս լքել էր ամերիկյան կյանքի հրաշալիքները: Իմ գերդաստանի պատմությունն, ըստ իս, անառակ որդոց մասին էր, այսինքն` տղամարդկանց, ովքեր իրենք էին տիրապետել իրենց ճակատագիրը»:

«Գերդաստան ստվերաց»-ը կարելի է ձեռք բերել գրախանութներում: Գրքի հասույթը կտրամադրվի «Օրրան» բարեգործական կազմակերպությանը:

 

 

 

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply