Որքանով է պահպանվում Հաղարծին վանական համալիրի նախնականությունը. ինչպես վարվել քայքայվող հուշարձանի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | September 7, 2011 12:03

Հաղարծին վանական համալիրը գտնվում է թավ անտառենրի մեջ

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանի հավաստմամբ` մինչև տարեվերջ կավարտվեն Հաղարծին վանական համալիրի նորոգման ու բարեկարգման աշխատանքները, սակայն դեռևս ընթացքի մեջ է կից կառուցվող միաբանական շենքի և օժանդակ կառույցների շինարարությունը: Համալիրի վերանորոգումն սկսվել է 2008 թ. ԱՄԷ Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Կասիմի ֆինանսավորմամբ:

Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ.: Իսկ Հայաստանի կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև մի շարք համաձայնագրեր կան: Այդ համաձայնագրերի շրջանակներում Շարժայի շեյխը, 2006թ. այցելելով սրբավայր, զմայլվել է վանքի գեղեցկությամբ և ցանկություն հայտնել նպաստել վանքի վերակենդանացմանը: Ուստի պաշտոնական այլ հանձնառություններից բացի, համալիրի վերանորոգման համար հատկացրել է 5 մլն դոլար:

Զարմանալի է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից «Անկախին» հաղորդում են, թե վանքի վերանորոգումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, որին էլ փոխանցվել է շեյխի ֆինանսավորումը: «Հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանն «Անկախին» ասաց, որ իրենց միջոցով կատարվել է միայն Հաղարծին վանք տանող ճանապարհի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման համակարգերի կառուցում և վերանորոգում, ինչը նույնպես արվել է Շարժայի շեյխի միջոցներով: Այս ծրագիրը իրականացվել է 2008-2009 թթ. և արժեցել է 1 մլն. 713 հազար դոլար:

Վանքի նորոգման և վերահսկողության պատասխանատվությունը, համաձայն ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների վարչության պահանջների, ստանձնել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը: Հայտարարված տենդերի արդյունքում շինարարությունն իրականացնում է «Շիրակ ինջինրինգ քոնսթրաքշն» ՓԲԸ-ն: Աշխատանքները սկսվել են 2008 թ. ապրիլին: Նախագծի հեղինակը ճարտարապետ Էդիկ Գրիգորյանն է:

Վանական համալիրի պատերին փակցված ժամանակակից որմնաջահերը

«Անկախի» լրագրողը 15 օր առաջ այցելել է Հաղարծին վանական համալիր, որտեղ հավաստիացնում էին, թե վերանորոգման աշխատանքները կավարտվեն երեք շաբաթից:

Հաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջանից մոտ 12 կմ հեռավորության վրա` ամբողջությամբ շրջապատված թավ անտառներով:  Մոտակա գյուղը Թեղուտն է: Սրբավայրը թվագրված է  X-XIII դարերում և բաղկացած է հետևյալ վանական միավորներից.  ս.Գրիգոր եկեղեցի, XI դարի սկիզբ, Կաթողիկե եկեղեցի, 1144 թ., Ս.Ստեփանոս եկեղեցի, 1244 թ., սեղանատուն, 1248 թ., գավիթ, XII դարի վերջ: Գլխավոր եկեղեցին Ս. Աստվածածինն է`1281 թ.: Այն վերանորոգվել է 1681թ., մեր օրերում` 1952 թ. և 1976 թ.: Կառուցված է տեղական կրաքարից:

Համալիրի տարածքին կից կառուցվող միաբանական շենքը վանատուն է, որն այս պահին կիսակառույց է, անավարտ  օժանդակ կառույցների թվում է ջեռուցման համակարգը, որը, ի թիվս այլոց, տաքացնելու է  նաև համալիրի բաց սալահատակը:

Վերանորոգման աշխատանքներում այնպիսի աչք զարնող դրվագներ կային, որոնք նկատելու համար մասնագետ լինելու հարկ չկա: Բոլոր վանական միավորների պատերին ամրացված էին էժանագին ապակյա որմնաջահեր, նույնպիսի  լամպեր էին կախված սուրբ Աստվածածին եկեղեցու առաստաղի ջահին:

Տեր Վահրամ Մելիքյանը հավաստիացնում է, որ վերջերս Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությամբ պատերի լուսամփոփները հանվել են, իսկ փոխարենը տեղադրվելու են քիչ քանակությամբ կոփածո լուսամփոփներ:

Իսկ Աստվածածնի առաստաղի ջահը, ըստ Մելիքյանի, նոր չէ. «Պահպանվել է եկեղեցու կոփածո ջահը. պարզապես հնում գործածվող ձեթի ճրագները փոխարինվել են ապակե լամպերով: Այստեղ որևէ անպատեհություն չկա»: Ապակե լամպերը հենց այդ նույն էժանագին լուսամփոփներից էին, որոնք առատորեն ամրացված են պատերին:

Սեղանատան դուռը

Տեր Վահրամը նշում է, որ բոլոր ժամանակներում վերականգնվող հուշարձաններն ու սրբավայրերը կրել են տվյալ ժամանակաշրջանի վերականգնողական մշակույթի և արհեստի դրոշմը:  Այդ իմաստով Մայր աթոռը տգեղ չի համարում նոր դռները, որոնք եկեղեցական  ճարտարապետ Արտակ Ղուլյանը համարում է անճաշակ, անտեղի և  նույնիսկ ամոթալի: «Ես տեսել եմ դրանց նախագծերը,- «Անկախին» ասում է նա,- բայց չէի կարծում, որ թույլ կտան իրականացնել»:

Տեր Վահրամի պատճառաբանությամբ` դուռը պատրաստված է XXI դարում, հետևաբար  այն պետք է արտահայտեր տվյալ ժամանակաշրջանի ստեղծագործական արհեստը. «Հիմնական զարդամոտիվ ընտրվել է խաչը»: Իսկ եվրոլուսամուտների առնչությամբ էլ հավաստիացնում է, թե սրբավայրում մետաղապլաստե կամ ալյումինե լուսամուտ չկա. «Վանքում տեղադրված են միայն փայտե պատուհաններ»:

Հուշարձանների վերականգնումը կանոնակարգվում է համապատասխան օրենքով և մասնագիտական խիստ սկզբունքներով ու մեթոդներով, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված համաձայնագրերով ու պարտավորություններով: Անկախ այն հանգամանքից, թե ում իրավասության տակ են պատմամշակութային հուշարձանները, մշակույթի նախարարությա՞ն, թե՞ Մայր աթոռի, դրանց վերականգնման պահանջներն ու կատարողի պարտավորությունները չեն փոխվում:

Մայր աթոռը նույնպես իր վերականգնողական աշխատանքներում պարտավոր է հետևել այդ  կարգին: Տեր Վահրամը հայտնում է, որ համալիրի վերկանգնմանն ու նորոգմանը հետևում են բոլոր պատկան մարմինները, ինչպես Հուշարձանների պահպանության գործակալության, այնպես և Մայր աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական խորհրդի և բաժնի մասնագետները, բարերարի ներկայացուցիչները:

«Այս գործընթացի մեջ ներգրավված են հուշարձանների վերականգնման արվեստին տիրապետող մեր լավագույն մասնագետները, և մեզ համար անընկալելի է, երբ սկսում են հնչել քննադատություններ, որոնք մասնագիտորեն հիմնավոր չեն»,- ասում է նա:

Վանքի նախկին դռները

Վանականներին անընկալելի թվացող  քննադատություններից  են ճարտարապետ Արտակ Ղուլյանի դիտարկումները, որին ավելի շատ անհանգստացնում է ոչ թե նշված, կարելի է ասել, մանր թերությունները, որոնք աններելի, անուղղելի սխալներ չեն և հուշարձանին վնաս չեն պատճառում, այլ սխալներ, որոնք գիտամեթոդական առումով կոպիտ են ու  անհարիր ժամանակի ոգուն:

Նա ասում է, որ վերականգնված ապակե գմբեթները դրված են անձրևաջրերից պաշտպանելու համար և միայն այն պատճառով, որ երդիկների նախնական քարե ձևերը վերականգնել հնարավոր չէ հնագիտական նյութի անբավարարության պատճառով:

«Սակայն XIII դարի սեղանատունը չէր կարող կղմինդրածածկ ունենալ, այդ դարում ծածկերը բացառապես քարասալերից էին, ինչպես համալիրի մյուս շենքերում,- ասում  է նա:- Կարծում եմ` հիմք է ընդունվել կից ավելի ուշ կառուցված շինության կղմինդրածածկը, բայց դա ոչ մի կերպ հիմնավորում համարել չի կարելի: Կղմինդրածածկ շենքերն առհասարակ անտառոտ բնաշխարհում շատ լավ են ընկալվում, բայց այստեղ չպետք է տարվել այդ էֆեկտով: XIX դարի կղմինդրածածկ գյուղական տների ճարտարապետությունը չի կարելի տանել  վեց դար հետ և պարտադրել այդ վանքի դասական ասկետիզմին»:

Մայր աթոռի Ճարտարապետական բաժնի  ծրագրերի ղեկավար, ճարտարապետ Մերի Դանիելյանին չափազանց զարմացրել է այս դիտարկումը:   «Հաղարծինի սեղանատունը ծածկված է եղել կղմինդրով. շինության տանիքի վերջին 200 տարվա կղմինդրածածկույթի մնացորդները հանվել և տեղում պահվում են,- «Անկախին» ասում է նա,- սա անհրաժեշտ հիմքեր ապահովում է ներկայիս կատարված աշխատանքների համար: Բացի այդ, կղմինդր օգտագործվել է մեր հին, անգամ V-VII դարերի վանքերի և եկեղեցիների համար»:

Սեղանատան կղմինդրածածկերը

Ճարտարապետ Ղուլյանի կարծիքով` այս կարգի բարձրարժեք հուշարձանները պետք է պահպանել հնարավորինս իր նախնականության մեջ: Այս իմաստով նա բացասական է վերաբերվում այն հանգամանքին, որ սրբավայրի սալահատակը ջեռուցվելու է. «Եթե նույնիսկ դա բխում է հուշարձանի պահպանության շահերից,  նման գերժամանակակից միջամտությունները ճիշտ չեն, քանի որ հուշարձանի ճարտարապետական-հնագիտական արժեքը պիտի գերադասել նրա վերաօգտագործման ֆունկցիոնալ պահանջներից»:

Հուշարձանի նախնականությունը պահպանելու պահանջներից մեկն էլ այն է, որ վերականգնման ժամանակ քարը պետք է հղկել ոչ թե էլեկտրական գործիքներով, այլ ձեռքով, որն այստեղ չի արվում, թեպետ Մայր աթոռից հավաստիացնում են, որ քարի մշակումն իրականացված է այնպես, ինչպես հարիր է վերականգնվող հուշարձանին:

Վերականգնված հուշարձանը շատ ճերմակ է, որի փայլփլունությունը, մասնագետի համոզմամբ, քարի այդպիսի մշակման հետևանք է և հնչում է օտարոտի` անկախ գույնից: Սակայն Ղուլյանը նշում է, որ եկեղեցական ճարտարապետության մեջ որևէ գույնի նկատմամբ  արգելք չկա, առավել ևս՝ սպիտակի:

«Ընդհակառակը, սպիտակն այնքան հարգի է եղել եկեղեցական ճարտարապետության մեջ, որ օրինակ` Անիում սպիտակ ու կարմիր են ներկել եկեղեցիների որոշ խորշեր ու կամարներ, որպես Քրիստոսի անմեղության ու զոհաբերության խորհրդանիշ»,- ասում է նա:

Հաղարծինում ասացին, որ սրբավայրի տարածքում` կից վերականգնվող մատուռի դամբարանում է թաղված Գագիկ Բագրատունի թագավորը: Այս մասին Ղուլյանը հայտնում է, որ Բագրատունիների տոհմային տապանատունը Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանքում էր: «Ի՞նչ կապ ունի այստեղ նրանցից մոտ 300 տարի հետո կառուցված Հաղարծինը,- ասում է նա,- Ժողովրդական ավանդազրույց է. Հայաստանում հարյուրավոր Աշոտ Երկաթի բերդեր կան»:

Մինչդեռ Մայր աթոռի ճարտարապետական բաժնից հայտնում են, որ պահպանված արխիվային լուսանկարում (մեկ դար առաջ) հստակ երևում է դամբարանը և նրա տակի մակագրությունը:  «Տապանաքարերի վրա պահպանված այդ վիմագիր արձանագրությունը հաղորդում է այդտեղ ամփոփված Բագրատունի երեք թագավորների` Գագիկի, Սմբատի և Գևորգի անունները»,- պատասխանում է Մերի Դանիելյանը:

Սակայն Ղուլյանի գնահատմամբ` վանքի նորոգումն ընդհանուր առմամբ վատ չէ:  «Պահպանված են դարին բնորոշ համաչափություններն ու ճարտարապետական մանրամասները: Վատ են կատարված մերօրյա միջամտությունները, որոնք ակնհայտորեն արժեզրկում են հուշարձանը,- ասում է նա:- Իսկ նոր կառուցապատումը ցավալիորեն ձախողված է, որից պիտի համապատասխան եզրակացություններ անեն պատվիրատուն և մյուս պատասխանատուները»:

Նոր կառուցապատումներ ասելով` մասնագետը նկատի ունի սրբավայրին կից կառուցվող վանատունը, որը  բնական ու ճարտարապետական միջավայրին անհարիր ու անթույլատրելի հսկայածավալ  շինություն է:

Մատուռի ներսում գտնվող դամբարանը, որտեղ`ըստ Մայր Աթոռի թաղված են Բագրատունի թագավորները

«Եթե նույնիսկ վանքի նորոգման մեջ վրիպումներ կան, դրանք ուղղելի են,- ասում է նա,- իսկ այդ նորակառույցը խայտառակ անճարակության հետևանք է անկախ նրանից, թե որտեղ է գտնվում»:

Վանական համալիրի վերանորոգումից դժգոհ շատերը նշում են, որ ժամանակակից միջամտության հետևանքով այն վերածվել է «ժամանակակից օբյեկտի»:

Այդ մասին գրում է ճարտարապետ Արսեն Կարապետյանն իր բլոգում. «Պատմական հուշարձանների և նորաոճ կաֆեների տարբերությունը քիչ-քիչ սղվում է, քանի որ կեղտոտ ու քայքայված հուշարձանները կամաց-կամաց հերթով մաքրվում են, վերանորոգվում եվրոռեմոնտի լավագույն ձևերով և կանգնում մրցունակ, մաքուր-սիրուն օբյեկտների շարքը»:

Ղուլյանն այս առիթով նշում է. «Եթե մեր սերունդը չի զգում այս կարգի հուշարձաններին «ձեռք տալու» մասնագիտական ու բարոյական պատասխանատվությունը, ավելի լավ է հանգիստ թողնի այդ հուշարձանները»:

Սակայն, մյուս կողմից, թողնել, որ այն քայքայվի, նույնպես չի կարելի: Պարզապես պետք է վերականգնման ժամանակ հնարավորինս պահպանել հուշարձանի նախնականությունը, որին էլ կոչված են համապատասխան կառույցներն ու գերատեսչությունները:

Հայաստանի տարբեր անկյուններում բազմաթիվ «մահացող» եկեղեցիներ կան. վառ օրինակ` Մաթոսավանքը: Բայց շատերը հենց դա են հավանում` գերադասելով քայքայված հուաշրձանը վերանորոգվածից:

Ղուլյանն այս մասին ասում է, որ ավերակ շենքն իր ազատ սիլուետի ու քանդված մասերում աճած բուսականության շնորհիվ ավելի ներդաշնակված ու ձուլված է դիտվում բնության հետ:

Համալիրի տարածքում կից կառուցվող վանատունը

Այստեղ լինելու է վանական համալիրը սնող ջեռուցման համակարգը

«Այստեղ  է նրա հովվերգական արտիստիզմի գաղտնիքը, որ այնքան գրավում է մարդկանց,- մեկնաբանում է նա,-  Բայց որևէ մեկը կասկածո՞ւմ է,  որ դրանք ի սկզբանե  ունեցել են ավարտուն, ամբողջական տեսք: Վերականգնել՝ նշանակում է վերադարձնել այդ տեսքը: Դա նույն է՝ հիանալ վիրավորի վիրակապերով, որովհետև այդպես ավելի հետաքրքիր է: Բացի այդ, յուրաքանչյուր ավերակ մի հանելուկ է և տեղիք է տալիս երևակայական պատկերների: Երբ այդ հանելուկ-հեքիաթը հօդս է ցնդում, ամեն ինչ դառնում է անհետաքրքիր: Իսկ սա ի՞նչ է.  իհարկե էգոիզմ»:

Դիտվել է 3027 անգամ:
Print Friendly

Leave a Reply