Ռուս լրագրողներին Թբիլիսիի օդանավակայանից վտարել են` առանց որևէ բացատրության

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 17:47

mhm43481-copyԵրեկ երեկոյան ինքնաթիռով Երևանից Թբիլիսի մեկնած ՌԴ Առաջին ալիքի հաղորդավար, ՌԴ հանրային պալատի անդամ Մաքսիմ Շևչենկոն և «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը ստիպված եղան վերադառնալ Երևան, քանի որ նրանց թույլ չտրվեց օդանավակայանից մուտք գործել Վրաստան:

Այսօր Նովոստի-Արմենիա մամուլի կենտրոնում հայտնի ռուս լրագրողները հանդիպեցին հայ լրագրողների հետ, որի ընթացքում տեղի ունեցավ նաև Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ:

Ռուս լրագրողներն իրենց վրդովմունքը հայտնեցին` վրացական իշխանությունների պատճառով Թբիլիսիում տեղի ունենալիք բաց հասարակական քննարկմանը մասնակցելու հնարավորությունից զրկվելու համար` այդ արարքը որակելով որպես «անմտություն և մեծ սխալ»:

«Մեզ արտաքսեցին Վրաստանից` առանց որևէ բացատրություն տալու,-ասաց Շևչենկոն,-ռուս սահմանապահները պարզապես չգիտեին, թե որ օրենքի որ հոդվածով են մեզ հետ այդպես վարվում: Դա ամոթալի է փաստ է»:

Լրագրողները նշեցին, որ Վրաստանի կողմից բազմաթիվ կեղծ ասեկոսեներ են տարածվել այդ միջադեպի վերաբերյալ:
«Ասում են` մեզ չեն թողել Վրաստան, քանի որ մենք եղել ենք Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներում: Այդ պատճառաբանությունը հիմքեր չունի` գոնե իմ մասով,-ասաց Մամոնտովը,-որովհետև, ի տարբերություն Շևչենկոյի, ես իսկապես չեմ եղել այդ տարածքներում»:

Զվարթնոց օդանավակայանում ռուս լրագրողներին է հանձնվել վրացական կողմից հայկական կողմին փոխանցված փաստաթղթի պատճենները, որտեղ նշված են լրագրողներին Վրաստանի տարածք չթողնելու պատճառները:

Մամոնտովը լրագրողների համար կարդաց իրեն վերաբերող «մեղադրականը», որում նշված է, որ լրագրողի ներկայությունը վտանգ է ներկայացնում վրաց ժողովրդի կյանքին ու առողջությանը:

Շևչենկոյի խոսքով` իրենց մուտքը Վրաստանի տարածք արգելելու որոշումը շատ ու շատ վրացի լրագրողների, հասարակական գործիչների և քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել:

«Մենք` որպես լրագրողներ, և ես` նաև որպես Ռուսաստանի Դաշնության հանրային պալատի անդամ, մեր պարտքն ենք համարում կովկասում տիրող կոնֆլիկտների հարթման գործում մեր ուժերը ներդնել, և ես համոզված եմ, որ Թբիլիսիում շատ մարդիկ կարիք ունեին մեզ հետ ազատ ու անկեղծ շփման: Վրաց իշխանությունները, փաստորեն, չհարգեցին ոչ միայն այդ մարդկանց, նաև իրենց հոգևոր առաջնորդին, ով օրհնել ու ողջունել էր այս հանդիպումը»,-ասաց Շևչենկոն:
Երկու ռուս լրագրողների հետ միասին Թբիլիսիում տեղի ունենալիք բաց հասարակական քննարկմանը մասնակցելու էր մեկնել նաև «Ռիա-Նովոստի» գործակալության ԱՊՀ և Բալթյան երկրների խմբագրության ղեկավար Ալան Կասաևը, ում մուտքը Վրաստան չի արգելվել:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply