Միաժամանակ և´ Մեծահասակների կրթության կենտրոնի բացում, և´ փառատոնի մեկնարկ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 7, 2011 9:36

Այս տարի սեպտեմբերի 5-ը Իջևանի համար նշանավորվեց երկու իրադարձությամբ: Նախ այն, որ Իջևանում բացվեց Մեծահասակների կրթության կենտրոնը, և հենց նորակառույց կենտրոնում էլ մեկնարկեց «Մեծահասակների կրթության փառատոն –Տավուշ-2011»-ը: Այն առաջին անգամ է անցակցվում մեր հանրապետությունում: «Նվազեցնել աղքատությունը մեծահասակների ակտիվ ուսումնառության միջոցով» ծրագրի միջոցով Տավուշի մարզի չորս քաղաքներում պիտի կազմակերպվեն համայնքային զարգացման եւ կրթական հարցերին նվիրված աշխատանքային հանդիպումներ, ցուցադրական դասընթացներ, տարաբնույթ թեմատիկ քննարկումներ, տեսաֆիլմերի ցուցադրումներ եւ նմանատիպ այլ մշակութային միջոցառումներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության կողմից:

Կենտրոնի բակն այսօր մարդաշատ էր: Միջոցառմանը մասնակցելու էին եկել Արմեն Ղուլարյանը, Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության առաջին խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը, պետական պաշտոնյաներ:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը  շնորհավորելով ՄԿԻԿ-ի պաշտոնական բացման կապակցությամբ` իր հույսը հայտնեց այն առումով, որ կենտրոնի բացումը Տավուշում սկիզբ կդնի ժամանակակից հետաքրքիր ծրագրերի իրականացման փուլին: «Այն բավականին լուրջ նպաստ կբերի մեր հասարակության զբաղվածության խնդիրների լուծման, ինչպես նաեւ մասնագիտական հմտությունների զարգացման պրոբլեմների  ուղղությամբ»,- վերջում հավելեց նա:

«Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ասոցիացիայի նախագահ Արեւիկ Սարգսյանն էլ համոզված է, որ այս կենտրոնը` հանդիսանալով հզոր վահան այն զենքի, որ կոչվում է գիտություն, հնարավորություններ կստեղծի Տավուշի, Իջեւանի բնակչության համար:

Օննո Սիմոնսն էլ այն կարծիքը հայտնեց, թե ցկյանս ուսումնառությունն ամբողջ աշխարհին է հետաքրքրում: «Մեծահասակների կրթությունն արձագանքում է նաեւ գլոբալ խնդիրներին: Մարդկանց անհանգստությունը գործազրկության նկատմամբ ակնհայտ է: Եւ այն հմտությունները, որ պահանջվում են աշխատակիցներից` գնալով բարդանում եւ աճում են: Մեծահասակների կրթությունը նաեւ բարձրացնում է կանանց դերը հասարակության մեջ»,- նկատեց նա:

Կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը հաջորդեց «Մեծահասակների կրթության փառատոն –Տավուշ-2011»-ը, որը կեզրափակվի սեպտեմբերի տասին:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

 

 

 

 

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply