Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ցնցող հաղթանակը Ժիլինայում,տեսանյութ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 7, 2011 2:06
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Ժիլինայում անցկացրած խաղում 4:0 հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն, որն աշխարհում հեղինակություն ունի: Ընդ որում, այդ թիմի նկատմամբ մերոնք 3:1 հաշվով առավելության էին հասել նաև Երևանում կայացած խաղում և տանտերերը չէին թաքցնում, որ ձգտելու են վրեժխնդիր լինել: Առաջին խաղակեսում Սլովակիայի հավաքականը բուռն գրոհում էր, սակայն մերոնք կարողացան անառիկ պահել սեփական դարպասը: Իսկ հանգստից հետո Հայաստանի հավաքականն արեց աներևակայելին: Ամեն բան սկսվեց 57-րդ րոպեին, այն բանից հետո Յուրա Մովսիսյանը, մրցակցի տուգանային հրապարակում ստանալով գնդակը, այն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: 13 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով կրկնապատկեց հաշիվը: Սակայն սլովակների անախորժությունները դրանով չավարտվեցին: Հետո նրանք ևս երկու անգամ ստիպված էին հանդիպումը վերսկսել խաղադաշտի կենտրոնից: 81 և 89-րդ րոպեին դարպասապահ Յան Մուխայի պաշտպանած դարպասը կրկին գրավեցին Գևորգ Ղազարյանը և Մովսիսյանին խաղավերջում փոխարինած Արթուր Սարկիսովը: Այս հաղթանակից հետո մերոնք լավ հնարավորություն ստացան պայքարը շարունակել խմբից դուրս գալու իրավունք տվող երկու ուղեգրերից մեկին տիրանալու համար: Հայաստանի հավաքականն անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 14 միավոր: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Սլովակաիայի հավաքականը: Ի դեպ, վերջինս հաղթանակի դեպքում կհայտնվեր առաջին տեղում: Իսկ առջևում են Ռուսաստանի և Իռլանդիայի ներկայացուցիչները, որոնք ունեն 17 և 15 միավոր:
Նույնպես B խմբում ընդգրկված Մակեդոնիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Անդորրայի թիմին և ունի 7 միավոր: Անոդրրայի ընտրանին միավոր չի վաստակել ու եզրափակում է մրցաշարային աղյուսակը:






Facebook
Tweet This
Email This Post
