Հ Հ մշակույթի նախարարության բարձրագույն պարգև Նարեկ Հարությունյանին` “Նարեկացի” արվեստի միության 7-ամյա հոբելյանի առթիվ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 6, 2011 19:55

Երեկ` սեպտեբերի 5-ին, “Նարեկացի” արվեստի միությունն իր 7-ամյա հոբելյանը նշեց գնահատանքի մթնոլորտում ու շրջապատված ընկերների ու համախոհների հոծ բազմությամբ:

Միության տարեդարձը շնորհավորելու էին եկել սպասվածից ավել հյուրեր` արվեստի և մշակույթի բազմաթիվ գործիչներ, գործարարներ, հասարակական գործիչներ, ովքեր շնորհավորելով միության տարեդարձը` իրենց ելույթներում բարձր գնահատեցին “Նարեկացի”-ի դերն ու ավանդը հայ մշակույթի զարգացման գործում:

Իր և ՀՀ Մշակույթի նախարության անունից շնորհավորելով Միության տարեդարձը` ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն անակնկալ մատուցեց բոլոր ներկաներին` “Նարեկացի” արվեստի միության նախագահ և հիմնադիր Նարեկ Հարությունյանին շնորհելով ՀՀ Մշակույթ նախարարության բարձրագույն պարգևը` ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալը` հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

“Հարկ է մեկ անգամ այցելել այս կենտրոն, որպեսզի սիրահարվես կենտրոնին ու նրա գործունեությանը”, – նշեց փոխնախարարը`հավելելով, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն ու “Նարեկացի” արվեստի միությունը լավագույն բարեկամներ են և իրականացրել են համատեղ բազմաթիվ նախագծեր, և որ Մշակույթի նախարարությունն առհասարակ բարձր է գնահատում այսպիսի կենտրոնների ներդրումն ու կարևորությունը երկրի մշակութային կյանքում:

“3000 միջոցառում, 2000 շահառու արվեստագետներ”, – գնահատանքով նշեց փոխնախարարը` հղում կատարելով Միության իրականացրած տպավորիչ գործունեությանը, որ ներառում է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ձայնասկավառակների, պոեզիայի ժողովածուների ու գեղարվեստական ալբոմների հրատարակում, համերգների, ցուցահանդեսների ու վարպետության դասերի շուրջ 30 մշտական շարքեր և մեկ տասնյակից ավել հատուկ նախագծեր, ինչպիսիք են` Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերության հիմնադրումը/2005/, “Նարեկացի” երիտասարդ կոմպոզիտորների մրցանակաբաշխությունը /2006/, Բարոկ երաժշտության առաջին միջազգային փառատոնը Հայաստանում և տարածաշրջանում /2005, 2007/, Արամ Մանուկյան ամառային Ճամբարը` Միության Շուշիի կենտրոնին կից /2008/, Ազգային փոքրամասնությունների երաժշտության օրերը Հայաստանում/2007, 2008/, Համշենահայության մշակույթի շաբաթը /2008/, Թավջութակի երաժշտության հանրապետական անդրանիկ փառատոնը /2008/, Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Երևանում և Շուշիում /2009/, Շուշիի “Հակոբ Գյուրջյան” քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը /2011/ և այլն:

Հոբելյանական համերգին կատարումներով հանդես եկան Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լևոն Կարապետյանը, «Սպեղանի» աղջիկների երգչախումբը, Գյուրջիևի անվան անսամբլը և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

Կատարելով Կոմիտասի բանաստեղծության հիման վրա գրված իր “Բաղձանք” ստեղծագործությունը սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի հետ` Վահան Արծրունին մասնակիացրեց, որ գործը զետեղված է “Նարեկացի” արվեստի միության հետ իր առաջին համագործակցության արդյունքում թողարկված “Կոմիտաս. Տասը հայտնություն” ձայնասկավառակում ու հավելեց, որ ընդամենը մի քանի օրից Հայաստան կժամանի իրենց համատեղ գործունեության նոր պտուղը` Մեսրոպ Մաշտոցի շարականների “Մաշտոց. Սրբազան մարգարիտներ” նոր ալբոմը` Վահան Արծրունու մեկնությամբ և Համիկ Բաղդասարյանի կատարմամբ:

Համերգային ծրագիրն ավարտվեց բաց բեմով, որի ընթացքում շնորհավորական խոսքով ու կատարումներով հանդես եկան ներկա հյուրերից ու արվեստագետներից շատերը: Հատկապես տպավորիչ էին կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի հայկական պարերգերի դաշնամուրային շարքի կատարումը, որին հաջորդեցին երգչուհիներ Կատերինա Հորստկայի ու Մարիա Ալավերդյանի վոկալ շնորհավորանքները:

Երևանյան հոբելյանից ընդամենը մի քանի օր առաջ` օգոստոսի 31-ին, նաև լրացել էր Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի 5-ամյակը, որը նույնպիսի հանդիսավորությամբ նշվեց Միության Շուշիի կենտրոնում` կենտրոնի խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսներով ու ելույթներով`  Ստեփանակերտի “Վարարակն” կամերային երգչախմբի, Ստեփանակերտի պարարվեստի դպրոցի սաների, Լաչինի Արվեստի և սպորտի դպրոցի պարարվեստի խմբի, “Նարեկացի” ժող. նվագարանների համույթի, Շուշիի “Վարանդա” երգչախմբի և Շուշիի “Նարեկացի” կենտրոնի պարի խմբակի:

Կենտրոնի տարեդարձը շնորհավորելու էին եկել Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը, Շուշիի շրջվարչակազմի մշակույթի բաժնի պետ Անահիտ Եսայանը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու քահանա Տեր Անդրեասը, հյուրեր Արցախից և Հայաստանի Հանրապետությունից:

Դավիթ Իսաջանյան

ՆԱՄ հասարակայնության հետ կապերի տնօրեն

 

Դիտվել է 6773 անգամ:
Print Friendly

Leave a Reply