Մարքեթինգի հիմնադիր Ֆ. Կոտլերը նոյեմբերին կայցելի Հայաստան
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 6, 2011 15:28
ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրավերով, Ջ. Մելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր, մարքեթինգի դասական, տնտեսագետ Ֆիլիպ Կոտլերը նոյեմբերին 4-օրյա ժամկետով կայցելի Հայաստան’ «Marketing 3.0. Profitability. Returnability. Sustainability» հայեցակարգն առաջին անգամ ԱՊՀ տարածաշրջանում ներկայացնելու համար: Կոտլերի առաջիկա այցի, Հայաստանում մարքեթինգի արդի հիմնախնդիրների, ինչպես նաեւ «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» նախագծի վերաբերյալ այսօր տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լրատվամիջոցների մասնակցությամբ:
«ԱՊՀ տարածքում «Marketing 3.0» հայեցակարգը առաջին անգամ է ներկայացվելու, Կոտլերի մարքեթինգի տեսությունը կիրառել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սինգապուրը, Ինդոնեզիան»,- նշեց «Ֆիլիպ Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Հանդիպման մասնակիցների հավաստմամբ, նախքան Ֆիլիպ Կոտլերի այցը Հայաստան, կլինեն հեռուստահաղորդումների շարք, մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, մրցույթներ’ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մասնագետների, գործարար համայնքի եւ ուսանողների մասնակցությամբ:
Նշենք, նաեւ, որ նոյեմբերի 7-12-ը Երեւանում կանցկացվի միջազգային «Մարքեթինգային շաբաթ», որի շրջանակներում տեղի կունենան մարքեթինգի նորագույն գործիքների ցուցահանդես եւ թեմատիկ հանդիպումներ: «Այս կարեւոր իրադարձությունները նոր շունչ, նոր մոտեցում կբերեն մարքեթինգի ոլորտ, ինչը նաեւ տարածաշրջանային նշանակություն կունենան, քանի որ Հայաստան են ժամանելու հյուրեր տասնյակ եվրոպական երկրներից»,- քննարկման ընթացքում ասաց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:
Ֆիլիպ Կոտլերի այցից հետո Հայաստանում նախատեսվում է բացել նրա անվան մարքեթինգի եւ մենեջմենթի գերազանցության կենտրոն (Philip Kotler’s Excellence Center):
«Ստեղծվելիք կենտրոնը կսպասարկի Հայաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ուկրաինային»,- տեղեկացրեց «Կոտլեր իմպեքթ» ընկերության ղեկավար դոկտոր Ֆահիմ Կիբիրան’ կարեւորելով մասնավորապես Իրանի ներգրավումն այս կրթական ծրագրում: Վերջինս նշեց նաեւ, որ Հայաստանը կարիք ունի տնտեսական զարգացման սեփական հայեցակարգի մշակման:
Ն. Կոտլերի այցի շրջանակներում Հայաստան կժամանեն մոտ 500 հյուրեր, այդ թվում’ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Լեհաստանից, Ֆինլանդիայից:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
