Վարչապետի հանձնարարականով կստեղծվի անհատական տների կատալոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 3, 2009 16:48

karavarutyan-nistՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրային երկու հանձնարարական է տվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:Դրանցից մեկը վերաբերում է պետության կողմից հաստատված տիպային անհատական տների կատալոգի ստեղծմանը,որպեսզի հատկապես գյուղական վայրերում յուրաքանչյուրն իր պատկերացումների համաձայն տներ չկառուցի:

«Ցանկացած գյուղում ամեն մեկն իր պատկերացումների համաձայն և իր հնարավորությունների շրջանակներում իր սեփական հողատարածքում կառուցում է տուն` առանց նախագծի, նախահաշվի, և դա բացատրվում է այն հանգամանքով, որ շատ հաճախ  հատկապես գյուղական համայնքներում  մեր քաղաքացիները տնտեսում են ֆինանսական միջոցներ»,-ասաց վարչապետը:

Իսկ հայտարարված մրցույթով ընտրված նախագծերից որևէ մեկը ընտրելով` քաղաքացիները զերծ կմնան հետագայում օրինականացման գործընթացում առաջացող խնդիրներից:

«Այդ տների նախագծերը հաստատված կլինեն ՀՀ կառավարության կողմից, և եթե քաղաքացիները տուն կառուցելիս ընտրեն այդ տիպային նախագծերից որևէ մեկը, ապա ի սկզբանե կընդունվի, որ նրանք անցել են բոլոր փորձաքննությունները, և բյուրոկրատական քաշքշուկները կհասցվեն մինիմումի»,-ասաց Սարգսյանը:

Մրցույթի արդյունքում կընտրվեն 10 նախագծեր, որոնք հետագայում քաղաքացիներին կտրամադրվեն անհատույց: Այդ կատալոգը կտպագրվի և կբաժանվի բոլոր մարզերին, համայնքներին և կտեղադրվի նաև ինտերնետային կայքում:

Վարչապետը կարևորել է նաև երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունը և նախարարության աշխատակիցներին հանձնարարել մրցույթ հայտարարել` «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր շենքի կառուցման համար:

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք մրցույթ հայտարարենք ճարտարապետական լավագույն լուծումների համար և այն նախագծով, որը կճանաչվի լավագույնը։ Հետագայում կհայթայթենք միջոցներ, այդ թվում նաև` դոնորներից, և «Փոքր Մհեր» համալիրի համար կկառուցենք նոր շենք»,- ասել է վարչապետը:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply