Պետականությունը մանկան աչքերով
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 18:11
Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի է ունեցել համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մրցույթ-փառատոնը ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Միջոցառումն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և կրում է “Հայոց պետականություն. 5000-ամյա… և 20-ամյա” խորագիրը: Նախարարը ողջունել է մասնակիցներին, նշելով, որ խորագիրն ընտրվել է, նպատակ ունենալով, ամրապնդել պետության գաղափարը` պատմության հազարմյա քառուղիներում, ներկա փուլում և ապագայում: Նախարար Ա. Աշոտյանը դիտել է պատանի նկարիչների ստեղծագործությունները և զրուցել հեղինակների հետ: Ներկայացնելով ստացած տպավորությունները` նախարարը մասնավորապես նշել է. “Թեման բավականին բարդ է` պետականության գաղափարը երեխայի աչքերով: Վստահ եմ այսպիսի խորքային, վերլուծական-փիլիսոփայական ստեղծագործություններ կարող էին ներկայացնել միայն հայ մանուկները: Ես նկատեցի, որ պատանի նկարիչների սյուժեները համազգային են, ինչը նշանակում է, որ պետականությունը, որպես գաղափար և արժեհամակարգ, միավորել է երեխաներին: Նկարներից յուրաքանչյուրը հայոց պատմության, մշակույթի և ազգային հերոսների նկատմամբ պաշտամունքի դրսևորում է: Սա մեր ժողովրդի պատմության յուրօրինակ գունազարդ ցուցադրում է` մանկան աչքերով: Վստահ եմ, ունենալով նման սերունդ, մեր պետությունը ունի հրաշալի ապագա: Ներկայացված ստեղծագործությունները լավագույնս ապացուցում են, որ սին են այն խոսակցությունները, թե հայրենասիրական դաստիարակությունը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում: Երեխաների նկարները փաստում են, որ հայրենիքը գունեղ է, այս սերունդն ունի ապագա, նրանով կարող ենք հպարատանալ”:
Ցուցահանդեսի հիմնական նպատակներից մեկը համահայկական ներուժի բացահայտումն է: Փետրվարից մեկնարկած համահայկական մանկապատանեկան մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք` Հայաստանից, Արցախից և սփյուռքի 18 երկրներից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ): Ներկայացված աշխատանքներից առաջին փուլում ընտրվել են 243-ը, որոնք մրցույթ-փառատոնի շրջանակում ցուցադրվում են ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնում:
Երկրորդ փուլում կազմակերպվել է նաև ինտերնետային ցուցահանդես`սեպտեմբերի 1-ից երկրորդ փուլ անցած բոլոր աշխատանքերը ներկայացված են “facebook” սոցիալական ցանցում: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կացկացվի առցանց քվեարկություն, որի արդյունքները, ինչպես նաև մրցանակակիրների անունները կհրապարկվի ցուցահանդեսի փակման օրը` հոկտեմբերի 5-ին: Մրցանակակիրների անունները հետագայում կտեղակայվեն www.nca.am և www.edu.am կայքերում:
Նախագծի կազմակերպմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել “ԱրմենՏել” ՓԲԸ-ն:






Facebook
Tweet This
Email This Post
