«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 5, 2011 13:29
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տների բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ:
Բնակիչները ներկայացրել են դիմում-բողոք՝ մենաշնորհային դիրք ունեցող ընկերության խտրական գործունեության դեմ.
Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20 նորակառույց բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում բողոք՝ իրենց թաղամասի բնակելի տներին էլեկտրամատակարարում չապահովելու համար:
Դիմումում մասնավորապես նշված է, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար:
2009-ին ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի արդյունքում տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ: «ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին դրդել է ապօրինի լարանցումներ կատարել և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց ստիպված են վճարել ամսական գրեթե 40 հազար դրամ, քանի որ բնակիչների մեծ մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չունի և 3-ից 4-ական տներով սպառում են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:
«ՀէՑ»-ը թերացել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մեջ և գործել է օրենսդրական խախտումներով
Բնակիչների դիմում-բողոքից հետո հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից կատարվել են լայնածավալ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ «ՀԷՑ»-ը գործել է օրենսդրական խախտումներով, ինչի արդյունքում բնակիչները զրկվել են պատշաճ էլեկտրամատակարարում ունենալու հնարավորությունից:
Հանձնաժողովի կողմից վարույթն սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է ակտիվ աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ:
Վարչական վարույթի ընթացքում դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Դավթյանը բնակիչների անունից Հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ տեղեկացնելով, որ կարճ ժամանակում «ՀԷՑ»-ը ավարտել է շինարարական բոլոր աշխատանքները և այժմ թաղամասի բնակիչներն ապահովված են շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ: Բնակիչների պահանջն ըստ էության բավարարված է, ինչի հետ կապված էլ նրանք խնդրեցին կիրառել պատասխանատվության մեղմ միջոց: Միջնորդությամբ հանդես եկավ նաև «ՀԷՑ»-ը՝ իր հերթին խնդրելով, որ այս անգամ ցուցաբերվի ավելի մեղմ մոտեցում՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից նման խախտում թույլ է տրվել առաջին անգամ և հետագայում նման դեպքերը կբացառվեն:
Հանձնաժողովը քննեց միջնորդությունները և որոշում կայացրեց
Հաշվի առնելով, որ սպառողների իրավունքները լիովին վերականգնված են, և, բացի այդ, Հանձնաժողովի գործունեության ընթացքում առաջին անգամ է վարչական վարույթ հարուցվում «ՀԷՑ»-ի նկատմամբ, որոշվեց վերանայել առաջարկվող պատասխանատվության միջոցը, այն է՝ 20 միլիոն դրամ տուգանքը և «ՀԷՑ»-ին տալ խիստ նախազգուշացում՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել նման խախտումները: ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հասարակությանը կոչ արեց «ՀԷՑ»-ի, կամ այլ տնտեսվարողների կողմից որևէ խախտում հայտնաբերելու դեպքում անպայման դիմել Հանձնաժողովին: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ ևս մեկ անգամ օրենքի խախտում թույլ տալու դեպքում «ՀԷՑ»-ը կենթարկվի խոշոր դրամական տուգանքի:
Անբարեխիղճ մրցակցության համար տուգանվեց «Ֆրեշ» ընկերությունը
Նիստում քննարկվեց նաև «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը: Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը, ինչպես նաև ընկերության ներկայացրած պարզաբանումը փաստում են, որ ակցիայի շրջանակում ներկայացված ապրանքը չի վաճառվել այն գնով, որը նշված է գովազդում: Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով:
Նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցեր
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի քանի այլ տնտեսվարողների վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետում կտեղեկացվի հանրությանը:






Facebook
Tweet This
Email This Post
