ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ազատ Արցախ» թերթին և ԼՂՀ հանրային հեռուստաընկերությանը

Հարցազրույց | | September 5, 2011 11:53
Նախ` ի՞նչ է Արցախի անկախության խորհուրդը ամեն հայի համար:

Արցախի ազատագրական պայքարը երկար պատմություն ունի: Ադրբեջանին կցելու անօրեն որոշման ընդունման պահից ընդվզումը չի դադարել ոչ ստալինյան բռնապետության, ոչ լճացման տարիներին: Բնական էր, որ պայքարը նոր շունչ առավ Խորհրդային Միության` վերակառուցման և ազատականացման հռչակված քաղաքականության պայմաններում: Մեր նպատակն էր վերացնել մեր հանդեպ դրսևորած խտրականությունը, անարդարությունը, ապօրինությունը, ճնշումները և ազատ տնօրինել մեր Հայրենիքի ապագան: Սա՛ է Արցախի անկախության խորհուրդը:

1988-ի փետրվարին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժման մերօրյա փուլը, ողջ գործընթացը տեղավորվում էր ԽՍՀՄ օրենսդրական դաշտում: Օրինական էր և՛ պահանջը, և՛ այն իրականացնելու ձևաչափը: ԼՂԻՄ ընտրված իշխանությունը կայացրեց իր օրինական որոշումը և դա որևէ կերպ չներազդեց, և ոչ էլ նախանշվում էր, որ կարող է ներազդել Ղարաբաղում ապրող ադրբեջանական փոքրամասնության իրավունքների վրա: Մեր հայրենասիրությունը հիմնված էր համամարդկային արժեքների վրա: Մենք մերժում էինք ատելությունը և բռնությունը: Սա՛ էլ է Արցախի անկախության խորհուրդը:

Սակայն մեզ այլ մտածողություն հակադրվեց: Այդ որոշման պատասխանն էր Աղդամից ատելությամբ լցված զինված ամբոխի շարժումը դեպի հայկական գյուղեր: Դրան անմիջապես հաջորդեցին Սումգայիթի ջարդերը:

1988-91 թվականները պայքարի ու մաքառման տարիներ էին: Մեր ազատ ապրելու իրավունքի իրագործումը փորձում էին ամեն կերպ ճնշել` ոչ մի բանի առաջ չկանգնելով: Դրանք պարետային ժամի, ձերբակալությունների ու ջարդերի տարիներ էին: Առաջին իսկ օրվանից Բաքուն ձգտում էր վերացնել Արցախի ժողովրդի օրինական իշխանությունը: Ուստի մենք ստիպված եղանք ձևավորել ինքնապաշտպանության լայնածավալ ցանց: Մենք այդ պայմաններում չկոտրվեցինք: Մեր այդ հաստատակամությունը և՛ս Արցախի անկախության խորհուրդն է:

Այսօր` քսան տարի անց, Արցախի անկախության ու ազատության խորհրդի իմ նշած տարրերից ո՛չ մեկը ժամանակավրեպ չի: Դրանք մշտական արժեքներ են, որոնք պետք է հասկանալի ու հարազատ լինեն ինչպես ամեն հայի, այդպես էլ առհասարակ ամեն մարդու համար:

1991թ-ի սեպտեմբերի 2-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրը որտե՞ղ էիք:

Արցախի գյուղերից մեկում էի, քանի որ այդ օրերին բոլորիս հիմնական գործը մեր ինքնապաշտպանության կազմակերպումն էր: 1991-ի օգոստոսյան պուտչից հետո արդեն պարզ էր, որ խորհրդային բանակը դուրս էր բերվելու, իսկ մենք մնալու էինք դեմ առ դեմ Բաքվի ելուզակների հետ: Արդեն տեղի էր ունեցել «Կոլցո» գործողությունը, Ադրբեջանը յուրացնում էր 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը: Մենք պետք է պատրաստ լինեինք դիմագրավելու Բաքվի ագրեսիային, քանի որ հակառակ դեպքում նրանք բոլորին կտեղահանեին նույն կերպ, ինչպես արեցին դա Գետաշենում և Շահումյանում: Արցախի ու Ադրբեջանի ուժերը հավասար չէին: Բայց մենք, միևնույն է, հաղթեցինք, քանի որ մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում:

Իսկ ինչպե՞ս ստացաք ԼՂՀ հռչակման մասին լուրը:

Լուրը ստանալու խնդիր չկար, քանի որ դա մեր հաշվարկած քայլն էր: Օգոստոսյան պուտչից հետո Մութալիբովը ձգտում էր սանձել էլ ավելի ծայրահեղ դարձած ազգայնամոլական ալիքը: 1991-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց, որ վերականգնում է 1918-20 թվականների պետությունը, որի կազմում Արցախը երբե՛ք չէր եղել: Այդ պայմաններում մենք պարտավոր էինք անմիջապես օգտվել ԽՍՀՄ Սահմանադրությամբ և ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին օրենքով մեզ տրված իրավունքներից: Եվ այդպե՛ս էլ արեցինք սեպտեմբերի 2-ին` հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Արցախի 20-ամյա տարեգրության առանցքային դրվագը Ձեզ համար:

Անշո՛ւշտ` Շուշիի ազատագրումը: Շուշին` իր ողջ պատմությամբ, եղել է, կա և լինելու է Արցախի ամենակարևոր խորհրդանիշը: Այն եղել է Կովկասի կարևորագույն քաղաքներից մեկը, հայկական ամենակարևոր օջախներից մեկը: Այդ քաղաքի մասին մշտապես խոսում են ադրբեջանցիները: Միայն հասկանալի չէ, թե ինչո՞ւ էին իրենք մի քանի անգամ ոչնչացնում և այրում մի քաղաք, որն իրենցն էր: Ո՞ւր է տրամաբանությունը. մարդն իր սեփական քաղաքը հրի չի՛ տա, չի՛ ոչնչացնի: Դեռ 60-ականներին այն կիսավեր էր: Դա շատ վաղուց չէր. բոլորս էլ հիշում ենք, երբ և ինչպես այն վերականգնելու որոշում կայացվեց:

Արցախի հանրապետության կայացման ուղին քանի՞ փուլի կբաժանեիք:

Նման բաժանումները միշտ խիստ պայմանական են: Առաջին փուլն, անշո՛ւշտ, հերոսամարտն էր: Անհավասար պայքարում մենք վաստակեցինք մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը: Երկրորդ փուլը խաղաղ պայմաններում Արցախի պետականության ամրապնդումն էր, որն ավարտվեց 2006 թվականին Սահմանադրության ընդունմամբ: Երրորդ փուլն այսօր էլ դեռ շարունակվում է: Վստահ եմ` այն պսակվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ:

Անցած ճանապարհը ճիշտ իմաստավորելու կարևորությունը միայն կերաշխավորի անցնելիք ճանապարհը: Սխալները շա՞տ էին: Որո՞նք էին դասերը:

Սխալների մասին շատ են խոսում այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց վրայից հանել և ուրիշների վրա գցել պատասխանատվության իրենց բաժինը: Քսաներորդ դարի վերջում մեզ տրվեց անցյալի սխալները շտկելու եզակի հնարավորություն: Եվ մենք այդ հնարավորությունը բաց չթողեցինք: Իսկ դա նշանակում է, որ հայ ժողովուրդը շատ լավ էր սերտել պատմության դասերը: Ուրեմն, ավելի ճիշտ է խոսել դասերի, այլ ոչ թե սխալների մասին: Կարծում եմ` մեր սովորած ամենակարևոր դասը շատ դիպուկ կերպով սահմանել էր մեծն Եղիշե Չարենցը. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Մենք կարող ենք սխալվել միայն այն ժամանակ, երբ շեղվենք այդ պատգամից:

Արցախի անկախության երաշխավորը Հայոց բանակն է: Դուք, որ հայկական երկու հանրապետություններում պետականաշինության արշալույսին համակարգում էիք այդ ոլորտը, ի՞նչ գնահատական կտայիք Հայոց բանակին:

Մենք մտել ենք քսանմեկերորդ դար զույգ զավակներով: Նրանք են Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակը` մեր բոլորի սիրած զույգ եղբայրները: Նրանք չէին ստեղծվել ազգային սնափառությունը բավարարելու համար: Քսան տարի առաջ մենք պարզապես այլ ընտրություն չունեինք: Բայց ես, ամեն դեպքում, լավատես եմ: Ամենալավ բանակն այն է, որի գոյությունն իսկ կանխում է հարձակման հնարավորությունը: Վստահ եմ, որ մեր տարածաշրջանում էլ պետք է տևական և ամուր խաղաղություն հաստատվի: Դա կարևոր է բոլոր ժողովուրդների համար:

Այսօր էլ հարևանը շարունակում է պատերազմով սպառնալ: Ինչպե՞ս եք գնահատում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում:

Ռազմաքաղաքական իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի: Մշտապես ասել եմ, որ հայ զինվորը պետք է յուրաքանչյուր վայրկյան մարտի դաշտ մտնելու պատրաստ լինի: Եվ դա պատերազմը կանխելու ամենալավ միջոցն է: Հարևան երկրից մշտապես լսվող հոխորտանքը հետապնդում է առաջին հերթին հոգեբանական ազդեցության նպատակ: Առաջին հերթին դա հե՛նց Ադրբեջանի հասարակությունը ներքին խնդիրներից շեղելու փորձ է: Հեշտ է ամեն բան արտաքին թշնամու առկայությամբ բացատրել: Դա նաև մեզ վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է: Սակայն նրանք, թերևս, թերագնահատում են մեր հաստատակամությունը:

Ազգային պետական քաղաքական հրապարակում երկու հայկական հանրապետություններով ենք և ինքնուրույն ապրելու հույսն ու հավատն էլ իրարով ենք պայմանավորում: Մեր քաղաքական, ռազմական շահերն էլ պաշտպանվում են Հայաստանի կողմից, սակայն այսօր արցախցին ներքին տագնապներ ունի հիմնախնդրի կարգավորման հետ կապված: Ե՞րբ նա կարող է դառնալ բանակցությունների լիիրավ կողմ: Ընդունված է ասել, որ վերջին խոսքը տրվելու է Արցախի ժողովրդին, գո՞ւցե այսօր տրվի մեզ այդ հնարավորությունը, որպեսզի հետո սրբագրումների կարիք չլինի:

Արցախն այսօր ևս հանդիսանում է լիիրավ բանակցային կողմ: Դեռևս 1994թ. ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովը որոշել է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունները պետք է հրավիրվեն Մինսկի համաժողովին մասնակցելու, իսկ բանակցություններն էլ պիտի տեղի ունենան հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ: Այն կողմերի, որոնք ստորագրել էին զինադադարը: Այդ որոշումները կայացվել են նաև Ադրբեջանի մասնակցությամբ: Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ բանակցելուց, բայց անգա՛մ հրաժարվելով` ընդունում է, որ ի վերջո բանակցելու է Արցախի հետ: Հայաստանին մեղադրանքներ են ներկայացնում, փորձում են մեզ վրա իրենց մեղքերը բարդել, բայց ճանաչում են, որ Արցախի ապագան պետք է որոշի Արցախի ժողովուրդը:

Արցախն իր գոյի և լինելիության իրավունքն ապացուցում է արդեն 20 տարի: Արցախցիների ինքնության ի՞նչ որակների շնորհիվ է, որ հաջողվում է կառուցել ժողովրդավարական պետություն և պիտի կարողանանք պահպանել այն:

Մեր ժողովուրդը ինքնուրույն, նախաձեռնող, աշխատասեր վառ անհատականությունների միասնություն է: Կարող է շատերը զարմանան, բայց նաև համարում եմ, որ հայ ժողովուրդը շատ օրինապաշտ ժողովուրդ է: Պարզապես, մարդիկ պետք է ստանան գործող օրենքի հստակ կողմնորոշիչներ և չափանիշներ: Եվ այդ դեպքում նրանք կլինեն ամենաօրինապաշտը: Բայց մի առանձնահատկություն կա, որը, կարծում եմ, ավելի շուտ կապված է բնակլիմայական պայմանների հետ: Պարզապես լեռնցիները` սյունեցիները, ապարանցիները, արցախցիները, երևի, փոքր-ինչ ավելի համառ են, հատկապես, այն ժամանակ, երբ անարդարության դեմ են ընդվզում:

Լայն կտավի վրա Արցախի համայնապատկերն է. ի՞նչ գույներով է այն Ձեզ հիմա պատկերվում: Ինչպիսի՞ն այն կուզենայիք տեսնել ևս 20 տարի անց:

Խաղաղ և հաստատուն` իր ազատությունն ու իրավունքներն ի բարօրություն օգտագործող: Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ աշխարհի որևէ ժողովուրդ: Դրանց թվում առաջնահերթ է խաղաղ և ազատ աշխարհում Հայրենիքում սերունդներ դաստիարակելու, նրանց ազգային եկեղեցում մկրտելու և մայրենի լեզվով ուսուցանելու իրավունքը:

Դիտվել է 2869 անգամ:
Print Friendly

Leave a Reply