Զինծառայողի մահվան նախնական վարկածը. ամեն ինչ սկսվել է ծառի տակ միզելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 5, 2011 10:43

Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում հարցաքննվել են Աղասի Աբրահամյանի ծառայակից ընկերները։ «Հայլուր»-ի լրագրողի հետ զրույցում նրանք նշել են, որ Աղասին ոչնչով չէր առանձնանում և հանգիստ տանում էր իր ծառայությունը։

Ըստ զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ այս պահին գործընթացի՝ ապացուցողական բազայի ձևավորման, յուրաքանչյուրի մեղքի հիմնավորման և դրանց ճիշտ գնատահատականը տալու և որակելու փուլն է։ «Այս պահին քննության նյութերով հիմնավորվում է հետևյալը. տուժող Աղասի Աբրահամյանը գիշերը 3-ից 3:30-ի սահմաններում զորանոցից դուրս է գալիս բնական պահանջը հոգալու։ Սակայն զուգարան գնալու փոխարեն մոտենում է մի ծառի։ Պահակային ծառայություն տանող զինվորը նրան նկատողություն է անում։ Աղասին էլ մատը տնկում է՝ թե այս ինչ ես ասում։

Խոսքից խոսք, և գործը հասնում է ծեծկռտուքի։ Աղասին հասնում է զորանոց և կտրուկ վատանում՝ վայր է ընկնում, և սկսում փսխել։ Որոշ ժամանակ անց (դա դեռ պետք է պարզել, թե՝ երբ) նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, մոտ 30կմ հեռու և այնտեղ սկսվում է ամենասարսափելին։ Ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը, ով ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է։

Բոլոր հարցերի պատասխանը կարելի կլինի ստանալ միայն դատաբժիշկների եզրակացությունից հետո։ Այդ ժամանակ կպարզվի, թե զինվորը ո´ր վնասվածքներն է ստացել զորանացում՝ ծեծկռտուքի ժամանակ, և ո´րը բուժծառայության պետի հարվածներից։ Եվ արդյո՞ք նա ողջ չէր մնա, եթե ժամանակին պատշաճ բուժօգնություն ստանար»,- նշում է լրագրողը։

Ըստ նախաքննության նյութերի՝ «Եղնիկներ» անվանումը ստացած զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել էր։ Դեպքից անմիջապես հետո ԼՂ տվյալ զորամաս էին մեկնել ՀՀ զինդատախազը, Պաշտպանության փոխնախարարն ու քննչական վարչության պետը։ Գործով ձերբակալված սպան՝ բուժկետի պետը, արդեն կալանավորված է։ Զինդատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցրել է՝ գործը տանելու է մինչ վերջ, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց արժանի խստագույն պատիժը։ Զինդատախազը բացառել է նաև գործի քննության ընթացքում հովանավորչության որևէ փորձ՝ այն որակելով որպես անբարոյականություն։

Մեղադրյալների շրջանակը, ըստ Գևորգ Կոստանյանի, նաև շուտով կալանավորվելիք անձանց մեղադրանքի ծավալը ցանկացած պահի կարող են փոփոխվել։

 

Tert.am

 

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply